Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինձ հետապնդում են…

Դու միշտ հանգիստ, ազատ և անկաշկա՞նդ ես զգում քո հասակակիցների շրջապատում: Երբևէ պատահե՞լ է, որ չես ցանկացել գնալ դպրոց կամ երեկույթի, որովհետև քեզ այնտեղ սպասել է ծաղրանք կամ հիմար ու տհաճ կատակներ: Ինչպե՞ս դիմադրել և թույլ չտալ, որ քեզ ճնշեն:
– Ծանոթացե՛ք, Կարենը ձեր նոր դասընկերն է, նա նոր է տեղափոխվել մեր քաղաք: Հույսով եմ, դուք կընկերանաք:
– Հը՞, տեսնենք, սա ո՞վ ա էս նորեկը: Լոլոզ, նիհար, ձենն էլ փորից հազիվա դուրս գալիս: Հա՜, հետն էլ կակազումա: Ըհը՛, մի լա՜վ կհժանք:

Արդյո՞ք քեզ միշտ հանգիստ և ազատ ես զգում հասակակիցներիդ շրջապատում: Փորձիր հիշել, թե քանի անգամ հրաժարվել ես գնալ դպրոց միմիայն այն պատճառով, որ այնտեղ քեզ սպասում է ծաղրանք ու հիմար կատակներ: Գուցե քո հետ այդպիսի բան չի պատահել, և դա հրաշալի է, բայց հիշիր, գուցե դու ինքդ ընկերներիդ հետ զվարճացել ես` ծաղրելով ձեր տարօրինակ դասարանցուն:

Մականուն դնելը, ծաղրելը, տնազ անելը, ուրիշին ոտք գցելը, հարվածելը` որոշ մարդկանց առաջին հայացքից կարող է թվալ, որ այստեղ առանձնապես վատ բան չկա, և սա հասակակիցների հետ շփվելու ընդունված տարբերակ է: Սակայն դա այդպես չէ: Այս տհաճ երևույթը բոլորովին էլ անմեղ կատակ չէ, որովհետև հենց այդպիսի անտեղի, բայց ոմանց համար սովորական թվացող «ուշադրության նշանները» կարող են վերածվել շարունակական հետապնդման, հալածանքի (այդ երևույթը կոչվում է բուլինգ, bullying):

tumblr_n6k7snEsrw1qj4315o1_500 (1)
Վայրի կենդանական աշխարհում որոշ գիշատիչներ իրենց որսին հետապնդում և հոշոտում են ամբողջ ոհմակով (որսահալածում): Բայց նման մի բան տեղի է ունենում մարդկանց շրջապատում: 🙁 Մեզանից յուրաքանչյուրս, անկախ տարիքից, կարող ենք որսի կարգավիճակում հայտնվել, երբ մարդկանց մի խումբ կրկնողաբար իրենց թշնամական «ուշադրության» առարկա են դարձնում «զոհին»:

Ինչպե՞ս է ընտրվում «զոհը»: Շատ հեշտությամբ, եթե նա ինչ-որ բանով տարբերվում է ուրիշներից, մեծամասնությունից: Այդ առանձնահատկությունը կարող է լինել ցանկացած մի բան` արտաքին տեսքը, վարքը, հետաքրքրությունները։ Օրինակ` հաստ ապակիներով ակնոցներ, կարմիր մազեր, կակազություն, գիրություն, նիհարություն, չափազանց ամաչկոտ լինելը, դասական երաժշտություն սիրելը, մաշկի գույնը, դավանանքը, սեռական հակումը, այդ թվում և թվացյալ․․․ Այսպիսով ցանկացած մարդ կարող է դառնալ բուլինգի զոհ։ Եվ իհարկե, եթե նա չի կարող դիմադրություն ցույց տալ, շատ հավանական է, կենթարկվի շարունակական հալածանքի, հիմար կատակների և վիրավորանքների: Աստիճանաբար հիմար կատակները կդառնան ավելի վիրավորական և հնարամիտ, իսկ նեղացնողները «համը» կզգան և հնարավոր է` կանցնեն խոսքերից նաև գործի, այսինքն` ֆիզիկական ագրեսիայի: 🙁

anigif_enhanced-19782-1409769869-33
Բայց հաճախ հետապնդման հիմնական պատճառը ոչ թե «զոհի», այլ շրջապատի առանձնահատկություններն են, օրինակ՝ դասարանում «առաջնորդների» և սադրողների հատկանիշները: Երբեմն բուլինգի նպաստում են նաև մեծահասակներն իրենց ոչ ճիշտ վերաբերմունքով, անզգույշ կամ վիրավորական խոսքերով, երբեմն էլ` թողտվական վերաբերմունքով և չմիջամտելու քաղաքականությամբ: 🙁

Բուլինգի նպատակը մարդուն վիրավորելն ու ահաբեկելն է տարբեր եղանակներով` ծաղրանք, վիրավորանք, վիրավորական ժեստեր կամ գործողություններ: Խումբը կարող է զուտ արհամարհել, անտեսել, չշփվել: Բայց կարող է նաև ծեծել, իրերը ձեռքից խլել կամ փչացնել: Հաճախ օգտագործվում են հաղորդագրություններ, էլ. նամակներ, վիրավորական նկարներ, խոսքեր և «քոմենտներ» չատերում և սոց. ցանցերում, սուտ լուրերի և բամբասանքի տարածումը (կիբերբուլինգ):

Դու երբևէ մտածե՞լ ես, թե ինչպես է իրեն զգում այն «սպիտակ ագռավը», որին նեղացնում կամ վիրավորում են: Մեզանից շատերը, մտաբերելով սեփական արարքները, կարող են հիշել որոշ տհաճ իրավիճակներ, կապված վիրավորական կամ չար կատակների հետ: Սակայն, ի տարբերություն այդ հազվադեպ պահերի, իրական բուլինգի դեպքում այդպիսի իրավիճակները կրկնվում են անընդմեջ, ամեն օր, և «զոհը» երբեք իրեն անվտանգ չի զգում հասակակիցների շրջապատում:

I_Am_Number_Four_High_School_Bullying
Ո՞վ է ավելի հաճախ սկսում հետապնդումը: Ե՛վ աղջիկները, և՛ տղաները, չափազանց ագրեսիվ կամ շատ շփվող և արտաքուստ բարեհամբույր, առաջնորդներ և սուսիկ-փուսիկ թվացող մարդիկ: Բուլերները կարող են գործել ուղղակիորեն կամ տակետակ, բամբասելով և սուտ լուրեր տարածելով և մնալով կարծես թե անմեղ: Բայց, բոլոր դեպքերում, նրանք ունեն որոշ նույն հատկանիշները:

Որպես կանոն, այդպիսի մարդիկ ձգտում են իշխել, լինել առաջնորդ և հեղինակություն ունենալ, վերահսկել ամեն ինչ: Բայց ինչքան էլ փորձեն ձևացնել առաջնորդ լինելը և ցույց տալ սեփական կարևորությունը, նրանք ձգտում են վիրավորել ուրիշներին զուտ սեփական նշանակալիությունը բարձրացնելու և կարգավիճակը հաստատելու նպատակով:

teens_bullying
Հավանաբար բուլերները անցյալում եղել են հետապնդման և վիրավորանքի օբյեկտներ կամ կրկնում են այն, ինչ տեսնում են սեփական ընտանիքում: Կամ անում են չար բաներ` փորձելով նմանակել ինչ-որ հերոսի, «լավ տղայի»` կինոյից կամ բակից: 🙁 Նրանք սովորաբար չեն կարող նորմալ ընկերական հարաբերություններ ձևավորել, չեն հետաքրքրվում ուրիշների ապրումներով և զգացմունքներով: Բայց կարևոր է մի բան` նման մարդկանց հարկավոր են «հանդիսատեսներ», որ մարդիկ հիանան իրենց «ուժով», չարությամբ: Հաճախ, երբ «հանդիսատես» չկա, բռնարարը կորցնում է հետաքրքրությունը և դադարեցնում կռիվը կամ հալածանքը, քանի որ չունի ունկնդիր:


Իսկ ինչպե՞ս պայքարել։

Եթե դու հայտնվել ես մի իրավիճակում, երբ սեփական ուժերով չես կարող լուծում գտնել, ամենաճիշտը օգնության դիմելն է! Մեծերի օգնությունը չափազանց կարևոր է, երբ քեզ սպառնում են կամ քեզ նեղացնողների գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում քո առողջության կամ կյանքի համար:

Սակայն, եթե իրավիճակը կրիտիկական չէ, և դու զգում ես, որ կարելի է ելք գտնել, փորձի՛ր հետևել մի քանի օգտակար խորհուրդների.

  • Արհամարհի՛ր քեզ նեղացնողին: Այսպիսի վարքը բոլորովին չի նշանակում, որ դու վախկոտ ես: Հակառակը, դա անելն ավելի դժվար է, քան հուզմունքին և բարկությանը տեղի տալը: Բուլերին հետաքրքիր է քեզ վիրավորել, քանի որ նա ձգտում են տեսնել քո պատասխան բուռն ռեակցիան: Ուրեմն, եթե խույս ես տալիս տհաճ իրավիճակից և չես պատասխանում վիրավորանքի, դու ցույց ես տալիս, որ այն քեզ չի հուզում, և քո համար միևնույնն է, թե դիմացինդ ինչ է մտածում կամ անում: Վաղ թե ուշ նա կձանձրանա և քեզ հանգիստ կթողնի:
  • Զսպի՛ր քո բարկությունը և զայրույթը: Չէ՞ որ քեզ նեղացնողը հենց դա է ուզում: Եթե իրավիճակը չի թույլ տալիս հեռանալ, պահպանելով ինքնատիրապետումը, փորձիր օգտագործել հումորը` շատ հավանական է, որ դրանով նրան անակնկալի կբերես: ։-)
  • Թույլ մի՛ տուր, որ քեզ ներքաշեն կռվի մեջ: Նույնիսկ եթե շատ ես ուզում մի լավ խփել և գլուխը ջարդել, ավելի ճիշտ է դա չանել: Շատ հավանական է, որ քեզ նեղացնողները միայն դրան են սպասում, և նրանց մի առիթ է պետք, որ հարձակվեն: Ինչքան ավելի ագրեսիվ ես պատասխանում, այդքան ավելի հավանական է, որ կհայտնվես վտանգավոր և սպառնացող իրավիճակում:
  • Զարգացրո՛ւ ինքնավստահություն: Մտածիր, թե ինչ է հարկավոր, որ քեզ զգաս ավելի ուժեղ և ինքնավստահ: Կարող ես ընտրել զբաղմունքներ, որոնք կօգնեն քեզ ուժեղանալ և ինքնավստահություն ձեռք բերել: Ցանկը բավականին լայն է` կարատեից, այկիդոյից կամ յոգայից` մինչև երաժշտություն, օտար լեզուներ և համակարգիչ: Բացի այդ, համախոհներ և նոր շրջապատ գտնելով` դու հաստատ կգտնես նոր ընկերներ և քեզ չես զգա «սպիտակ ագռավ»:
  • Մի՛ քաշվիր կիսվելուց և քննարկելուց քո մտավախություններն այն մարդկանց հետ, ում վստահում ես (ցանկալի է՝ վստահելի մեծահասակի): Դա կօգնի քեզ հասկանալ սեփական զգացմունքները և ճիշտ պահելաձև և վարքագիծ ձևավորել:

Նկարները այս հոդվածի համար գտել ենք այստեղ և այստեղ: