Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Օգնության է գալիս քիմիան

Քիմիան բավական բարդ, սակայն հետաքրքիր գիտություն է: Կարծում ենք, որ ինչպես բոլորի, այնպես էլ քեզ համար գործնական պարապմունքները եղել են քիմիայի դասերի առավել սիրված բաժինը, երբ լաբորատոր փորձի ժամանակ 2-3 թափանցիկ հեղուկներից ստանում ես վառ վարդագույն եռացող խառնուրդ ու հիանում դրանով:

Միևնույն ժամանակ, հենց քիմիան է ընկած բեղմնականխման հիմքում: Հորմոնալ միջոցների մասին կարդացեք «Բարի հորմոններ» հոդվածում: Իսկ այժմ խոսենք այսպես կոչված սերմնասպան միջոցների` սպերմիցիդների մասին, որոնց օգնությամբ կարելի է նվազեցնել չպլանավորված հղիության հավանականությունը:

Առանձին վերցրած՝ սերմնասպան միջոցների արդյունավետությունը ցածր է. սպերմիցիդները չեն տալիս լիարժեք երաշխիք: Այնուամենայնիվ, բեղմնականխման այս մեթոդի օգտագործումը կարող է լինել գրավիչ նրանց համար, ովքեր ունեն մշտական զուգընկեր և չեն ուզում ընդունել հորմոնալ հակաբեղմնավորիչներ կամ օգտվել ընտանիքի պլանավորման այլ մեթոդներից:

photo-1468272240963-b147baaa2076
Այսպիսով, պարզենք, թե ինչ է դա, և ինչպես է աշխատում:

Սպերմիցիդները պարունակում են այնպիսի բնական կամ սինթետիկ նյութեր, որոնք ոչնչացնող ազդեցություն են ունենում հեշտոցում գտնվող սերմնաբջիջների վրա. առաջացնում են սերմնաբջիջների թաղանթի քայքայում, նվազեցնում դրանց շարժունակությունը և ձվաբջջի բեղմնավորման կարողությունը:

Միևնույն ժամանակ, սպերմիցիդները ունեն առավելություն. նրանք սկսում են գործել գրեթե անմիջապես (կան որոշ միջոցներ, որոնք ազդում են 15 րոպե անց, և պետք չէ երկար սպասել, ինչպես հորմոնալ դեղամիջոցների ընդունման պարագայում): Բոլորովին վատ չէ:

Բայց, ինչպես միշտ, այստեղ էլ կան «բայցեր». սերմնասպան միջոցների արդյունավետությունը կախված է նրանից, թե որքան ստույգ է աղջիկը հետևում յուրաքանչյուր փաթեթին կցված հրահանգին: Ճիշտ չօգտագործելու դեպքում հղիանալու հավանականությունը հասնում է մինչև 20%:

Եթե զույգն ընտրում է բեղմնականխման այս մեթոդը, անհրաժեշտ է հիշել, որ սերմնասպան միջոցը պետք է օգտագործել յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ:

Որոշ սերմնասպան միջոցներ ներմուծվում են հեշտոց սեռական հարաբերությունից 10-15 րոպե առաջ և նույնիսկ ավելի շուտ: Այդ միջոցների ազդեցության տևողությունը  շուրջ 1 ժամ է:

Անպայման կարդացեք սերմնասպան միջոցների օգտագործման վերաբերյալ հրահանգը:

Սպերմիցիդներն արտադրվում են քսուքների, մոմիկների, դոնդողների և հաբերի ձևով: Այդ դեղամիջոցները կարելի է ձեռք բերել դեղատներում առանց դեղատոմսի, սակայն ավելի լավ է նախապես խորհրդակցել բժշկի հետ, ով քեզ համար կընտրի սերմնասպան միջոցի առավել համապատասխան տեսակը:

Երբեմն սերմնասպան միջոցները առաջացնում են սեռական օրգանների կամ մաշկի գրգռում և ալերգիա:
Խորհուրդ է տրվում սերմնասպան միջոցներն օգտագործել պահպանակի հետ համատեղ (միաժամանակ): Այսպիսով դու կբարձրացնես արդյունավետությունը և կպաշտպանես քեզ սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից:
Սպերմիցիդները սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից պաշտպանում են միայն մասամբ: