Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Դեռահասություն. միֆեր և փաստեր (մաս 1)

Դեռահասները կոպիտ են, մշտապես վիճում են ծնողների հետ, հայտնվում են վտանգավոր իրավիճակներում, չեն սիրում սովորել և անընդմեջ սոց.ցանցերում են: Արդյոք այսպիսի՞ն են դեռահասները: Միասին պարզենք դեռահասների մասին տարածված միֆերի և կարծիքների իսկությունը: 

Միֆ 1. Դեռահասները մշտապես դժգոհ են իրենց արտաքինից:

 

«Դժգոհ են և չեն հավանում սեփական քթի ձևը, կրծքագեղձի չափը, մազերի որակը, քաշը և հասակը…»:

Այո՛, ժամանակ առ ժամանակ դժգոհ ենք սեփական արտաքինից: Երբեմն դա օբյեկտիվ է` պզուկ է առաջացել երևացող տեղում, իսկ դու պիտի գնաս երեկույթի: Որոշ դեպքերում պարզապես տրամադրությունն է վատ 🙁  Հասունացման տարիքում ամեն ինչ բարդ է: Գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ` փոխվում է մարմնի ձևը, աճում են մազեր անսովոր տեղերում, և դու պարզապես չես հասցնում այդ ամենի հետ համակերպվել:

Հոգեբանները ասում են, որ մեր մոտ ձևավորվում է սեփական մարմնի պատկերը, և այդ պատկերի վերաբերյալ մենք ունենում են տարբեր հույզեր` դրական կամ բացասական:  Իսկ երբ մարմինը շատ արագ է փոփոխվում, և պատկերը չի հասցնում դրա հետևից, ապա տարակուսանք է առաջանում նաև հույզերում: Բայց դա ժամանակավոր է: Մյուս խնդիրը` մարմինը աճում է անհամաչափ: Այդ պատճառով դու քեզ զգում ես անսովոր և նույնիսկ տգեղ: Բայց սա էլ կանցնի, և մոտ 17-18 տարեկանում ամեն ինչ կուղղվի: Մեկին փոփոխությունը շատ բարկացնում է, մյուսը բանի տեղ չի դնում, և սրանք լրիվ նորմալ ռեակցիաներ են:

 

Լավ նորությունն այստեղ այն է, որ հասունացման տարիքից հետո քո մարմինը դեռ կարող է փոխվել, և ցանկության դեպքում կարող ես մի քիչ շտկել արտաքինդ և ընդգծել քո գեղեցկությունն ու անհատականությունը` փոխել սանրվածքը և ոճը, նիհարել կամ լցվել, ազատվել պզուկներից և ավելորդ մազերից, մարզվելու շնորհիվ ստանալ մկանուտ մարմին:

 

Միֆ 2. Հորմոնալ տեղատարափի պատճառով դեռահասները ոչ ադեկվատ վարքագիծ են դրսևորում:

 

Սա դեռահասի տարածված կերպար է մեդիայում` ագրեսիվ, ինքնամփոփ, անբարեհամբույր, «կարծես մի չար արարած, որից պետք է հեռու մնալ»:

Այդքան էլ հաճելի չէ, որ քեզ համարում են անորմալ և ֆրիկ: Կամ երբ քո մասին դատում են` ելնելով քո տարիքից` «դեռահաս է, սա ամեն ինչ ասում է»:  🙂

Հորմոնալ տեղաշարժերը, իրոք, մեծ ազդեցություն են թողնում դեռահասների տրամադրության վրա: Սակայն կան մարդիկ, որոնց հասունացման փուլում արտառոց բան չի նկատվում, և ամեն ինչ շատ հարթ ու հանգիստ է անցնում: Սեռական հորմոնների ազդեցության արդյունքում տղաները ֆիզիոլոգիապես դառնում են տղամարդ, իսկ աղջիկները` կին, և կարող են երեխա ունենալ: Իրականում երկու սեռերի օրգանիզմում էլ արտադրվում են և՛ իգական, և՛ արական սեռական հորմոններ, բայց տարբեր չափաբաժիններով, և նորմայում տղամարդկանց մոտ ավելի շատ է տեստոստերոնը, իսկ կանանց մոտ` էստրոգենը: Դեռահասների մոտ հորմոնների արտադրությունը բավականին ինտենսիվ է, արյան մեջ դրանք արտազատվում են կտրուկ ձևով, ինչի հետևանքով կտրուկ կարող է փոխվել տրամադրությունը, առաջանան ագրեսիայի պոռթկումներ և այլն: Ինչևէ, ժամանակի հետ ամեն ինչ հարթվում է, և երիտասարդը սովորում է կառավարել սեփական հույզերը:

Սակայն, շրջապատողների հետ հարաբերություններ կարգավորել այդքան էլ հեշտ չէ, և ծնողները և ուսուցիչները  ստիպված են փոխել վերաբերմունքը դեռահասների հանդեպ, քանի որ նրանք երեկվա փոքր, լսող և ենթարկվող երեխաներ չեն, այլ սեփական «ես»-ը պնդող, ինքնահաստատվող և անկախության ձգտող անձինք: Եվ սա է վիճաբանությունների պատճառը: Խնդիրների բուն պատճառը անհակացողությունն է, և պետք է ուղղակի փորձել հասկանալ երկու կողմերին, գտնել արդյունավետ շփման եզրեր` ցույց տալով, որ հասկանում եք տրամադրության փոփոխման, հույզերի և տարբեր արարքների պատճառները, փորձում եք վերահսկել հույզերը և վարքագիծը, բացատրել և տեղ հասցնել սեփական կարծիքը և վերաբերմունքը:

 

Միֆ 3. Այսօրվա դեռահասները «սանձարձակ» են և չունեն ամոթի զգացում:

 

«Նրանք մեծահասակներից էլ լավ ամեն ինչ գիտեն սեքսի մասին: Անընդմեջ խոսում են հարաբերությունների մասին, հատկապես աղջիկները, որոնք անդադար քննարկում են տղաներին: Տղաներն էլ… մի հատ տե՛ս հեռախոսներում ինչեր ունեն…»

Եթե դեռահասը հետաքրքրվում է սիրային հարաբերություններով և սեքսով, դա չի նշանակում, որ նրա հետ ինչ-որ բան այն չէ: Եվ հակառակը` եթե դեռ չի հետաքրքրվում, դա նույնպես նորմալ է: Հասունացման տարիքում նորմալ է ուսումնասիրել սեփական մարմինը, փորձել ընկերություն անել հակառակ սեռի հետ, սիրահարվել: Այդպես է մեծանում դեռահասը: Խոստովանենք, որ այսօրվա ծնողները ևս այդ տարիքում հետաքրքրվել են այդ թեմաներով, ծնողներից թաքուն կարդացել են արգելված գրքեր և դիտել են «մեծերի համար» նախատեսված նկարներ կամ ֆիլմեր, այդ մասին խոսել ընկերների հետ: Այսօր դրա կարիքը չկա, քանի որ ամեն ինչ հասանելի է համացանցում, դա է ամենամեծ տարբերությունը:

Ուրիշ հարց է, թե ինչքանո՞վ հավաստի են այդ տեղեկատվության աղբյուրները: Այդ պատճառով էլ պետք է սովորեցնել դեռահասներին ճիշտ օգտվել համացանցից և ցույց տալ երաշխավորված տեղեկատվության աղբյուրներ, այդ թվում`թեմատիկ կայքեր: Իրականում սեռական հարաբերությունների, անատոմիայի և ֆիզիոլոգիայի, հասունացման, սեռավարակների, ՄԻԱՎ-ի, պաշտպանության միջոցների և պատասխանատու վարքագծի մասին տեղեկատվությունը չափազանց կարևոր է: Տեղեկացված լինելով` մենք ավելի հանգիստ ենք ընդունում սեփական մարմնի փոփոխությունները, ավելի պատասխանատու ենք վերաբերվում հարաբերություններին, կարողանում ենք մեզ պաշտպանել և խուսափել անխոհեմ վարքագծից և սխալ քայլերից, որոնք կարող են վտանգել մեր առողջությունը:

Եվ իհարկե, հետաքրքրվել սեքսով դեռ չի նշանակում զբաղվել: 🙂

Միանշանակ, լինել տեղեկացված` նշանակում է լինել պաշտպանված: Այդ մասին վկայում են մեծաթիվ, գիտականորեն հիմնավորված տարբեր ուսումնասիրություններ: 

 

շարունակելի

Աղբյուր` https://ology.sh/healthygrowth/mify-o-podrostkovom-vozraste/