Անառողջ հարաբերություններ
Բոլոր տեսակի մարդկային հարաբերություններում բարյացկամությունը և փոխադարձ հարգանքը անգնահատելի են և առանցքային դեր են խաղում, հատկապես, սիրո հարցում, բնականաբար, եթե դու ցանկանում ես, որ անսպասելիորեն բռնկված զգացմունքը քեզ որքան հնարավոր է երկար ջերմացնի հետագա կյանքի ընթացքում:
Իսկ ի՞նչ անել, եթե ամեն ինչ այլ կերպ է դասավորվում: Եթե ձեր հարաբերություններում ավելի հաճախակի են դառնում սպառնալիքներն ու ծաղրանքը, վերահսկողությունն ու կասկածները, մեղադրանքն ու խանդը, եթե տոնական մթնոլորտը զիջում է վախի, մելամաղձության և անվստահության զգացումներին, ապա ճիշտ ժամանակն է մտածել, թե ի՞նչ է կատարվում և համապատասխան հետևություններ անել:
Մենք ապրում ենք ոչ թե վակումային տարածության, այլ հասարակության մեջ, որը ոչ միշտ է կատարյալ: Յուրաքանչյուրս բախվել է կամ կարող է բախվել այնպիսի միջադեպերի, երբ մարդիկ նվաստացնում և վիրավորում են իրար և նույնիսկ ֆիզիկական ուժ են գործադրում իրենց խնդիրների լուծման համար: Կան ընտանիքներ, որտեղ մշտական վեճը և նույնիսկ ծեծկռտուքը սովորական շփման ձև են հանդիսանում: Սակայն մենք պետք է հասկանանք և հիշենք, որ նման հարաբերությունները նորմալ չեն:
Եթե ցանկանում ես ստուգել, թե որքան առողջ են հարաբերությունները քո զուգընկերոջ հետ, ապա ստորև ներկայացված հարցերին պատասխանիր «այո» կամ «ոչ».
- Նա նյարդայնանում է, եթե նրա առաջին իսկ զանգից չեմ թողնում բոլոր գործերը:
- Ցանկանում է իմանալ իմ յուրաքանչյուր քայլի մասին:
- Ծաղրում է իմ հագուստը:
- Պնդում է, որ բացի նրանից ինձ հետ ոչ ոք երբեք չի ցանկանա հանդիպել:
- Չի թողնում ինձ հանդիպել իմ ընկերների և շփվել այլ մարդկանց հետ:
- Ես սիրում եմ երգել/ գնալ լողավազան/ յոգայի պարապմունքների/ ֆուտբոլ խաղալ/ պարել, սակայն նա ինձ խանգարում է դրանով զբաղվել:
- Սպառնում է վրեժխնդիր լինել, եթե ես նրանից բաժանվեմ:
- Սպառնում է իրեն սպանել մեր բաժանման դեպքում:
- Երբ զայրանում է, կարող է հարվածելու փորձ կատարել:
- Հեշտությամբ կարող է ինձ բրդել, ոլորել ձեռքերը և ապտակել:
- Սեռական հարաբերություններ ձեռնարկելու փորձեր է իրականացնում, նույնիսկ իմ կամքին հակառակ:
Քո պատասխանները կարող ես ինքդ վերլուծել: Կարող ես այլ հարցադրումներ անել ինքդ քեզ` ելնելով ձեր հարաբերությունների առանձնահատկություններից: Ամենակարևորն է հիշել՝ նույնիսկ մեկ «այո»-ն արդեն նշանակում է, որ քո հետ հաշվի չեն նստում, փորձում են իշխել, հսկողության տակ պահել, կտրել ընկերներից, ինչից հետո դու կարող ես հեշտությամբ դառնալ ֆիզիկական և սեռական բռնության զոհ:
! Ազատվի′ր նման հարաբերություններից:
Հանրության մեջ կա շատ տարածված և բոլորովին սխալ մի արտահայտություն. «Եթե ծեծում է, ուրեմն սիրում է»: Հանի՛ր այդ արտահայտությունը քո բառապաշարից: Պետք չէ՛ փորձել վերագրել զուգընկերոջ սեփականատիրական մղումները, հանկարծակի զայրույթը և սեփական զգացմունքները վերահսկելու անկարողությունը նրան, թե իբր այդպես նա արտահայտում է իր կրքոտ սերը քո հանդեպ: Դա ամենևին էլ այդպես չէ:
Ազատվի′ր նման հարաբերություններից: