Ինչու է ավելի լավ առանց հարաբերությունների. 5 պատճառ
1. Ազատություն և ազատ ժամանակ
Չնայած դու չունես քո երկրորդ կեսը, բայց ունես լրիվ ազատություն, այն իմաստով, որ կարող ես վարվել այնպես, ինչպես ցանկանում ես: Կարող ես շատ ժամանակ անցկացնել ընկերների հետ, զվարճանալ, քարտ խաղալ, հանկարծակի մի տեղ ուղևորվել (գնալ արշավ կամ պարզապես քաղաքից դուրս), զբաղվել քո սիրած գործերով, խելքդ տալ սովորելուն (կամ աշխատանքին): Մի խոսքով, անել այն ամենը, ինչ ինքդ ես ուզում, առանց մտածելու, թե քեզ մեկը սպասում է և պահանջում է քո ուշադրությունն ու հոգատարությունը կամ նվերներ Սուրբ Վալենտինի օրվա առիթով:
Բացի այդ, դու կարիք չունես ջանք գործադրել` համապատասխան տեսք ունենալու համար, ուզո՞ւմ ես հագնել քո սիրած հին բոթասները կամ մնալ առանց մազերը հարդարելու, քո իրավունքն է, ոչ մեկ թարս չի նայի: Իսկ եթե վաղուց ուզում էիր փորձարկումներ անել քո արտաքինի հետ, իսկական ժամանակն է փոփոխությունների համար` փոխիր իմիջը, փորձիր այլ ոճեր:
2. Հոբբի կամ ինչի հակում ունես
Եթե դեռ չունես որևէ զբաղմունք կամ հետաքրքրություն, ժամանակն է մտածելու, թե ինչ է քեզ դուր գալիս, օգնում լիցքաթափվել և հանգստանալ, ինչի օգնությամբ կարող ես արտահայտել քո զգացմուքները: Ասեղնագործությունը քոնը չէ՞: Ուրեմն փնտրիր այն զբաղմունքը, որը քեզ դրական լիցքեր կհաղորդի, որով կկարողանաս հպարտանալ, հաճույքով անցկացնել քո ազատ ժամանակը` հաշվի չառնելով հոգնածությունը կամ այլ հանգամանքներ:
Իրականում հետաքրքրված մարդը շատ գրավիչ է, նա դեպի իրեն է ձգում է մարդկանց: Համաձայնվիր, որ հետաքրքրված մարդու հետ, ով զբաղված է իր սիրած գործով, շատ հետաքրքիր է շփվել և ընկերություն անել:
3. Նոր ծանոթություններ
Եվ իհարկե, մշտական հարաբերությունների բացակայությունը թույլ է տալիս նոր ծանոթություններ հաստատել և տարբեր մարդկանց հետ շփվել: Եվ ոչ ոք դեմ չի լինի և չի խանդի, երբ ծանոթանաս նոր մարդկանց հետ, շփվես գրավիչ աղջկա կամ երիտասարդի հետ: Բնականաբար, եթե քո երթուղին միշտ նույնն է «տուն – դասեր- տուն», նոր ծանոթություններ հաստատել դժվար կլինի…. Ուրեմն.
- փոխիր քո սովորական երթուղին, չէ որ ցանկացած վայր կարելի է հասնել տարբեր ճանապարհներով,
- սկսիր այցելել որևէ դասընթացների, վարպետության դասերի,
- միացիր երիտասարդական հավաքներին, այլ հետաքրքիր միջոցառումներին,
- կամ պարզապես զբոսնիր քաղաքի տարբեր գեղեցիկ վայրերում… Դու հիշում ես չէ՞, որ լրիվ ազատ ես:
Նոր ծանոթությունների ժամանակ աշխատիր բաց լինել, խոսել քո մասին և պատմել հետաքրքիր բաներ: Բայց նաև հետաքրքրություն ցուցաբերիր քո նոր ծանոթների կյանքի և զբաղմունքների նկատմամբ: Երբեմն անհրաժեշտ է մի կողմ դնել սեփական ամաչկոտությունը և անել առաջին քայլը` ինչ-որ մեկի հետ ծանոթանալու համար: Իսկ թե կդառնան այս նոր ծանոթները ընկերներ, թե քո համար կարևոր մարդիկ` բոլորովին պարտադիր չէ և կախված է շատ հանգամանքներից: Բայց բոլոր դեպքերում շփման փորձը հաստատ օգտակար կլինի:
4. Ինքնավերլուծություն
Դու ունես երազանքներ, բայց դրանք կոնկրետ չեն, և հասկանալի չէ, թե ինչպե՞ս իրականում այդ նպատակներին հասնել: Քեզ տրամադրած ժամանակը հրաշալի շանս է քո համար առաջնայնություններ որոշելու և նպատակներ դնելու համար: Իսկ թե ինչպե՞ս դա անել ճիշտ ձևով: Ամեն ինչի պատասխանը կարող ես գտնել համացանցում:
Ավելորդ չէ, ի դեպ, որոշել, թե ինչպիսի՞ն ես դու տեսնում քո ապագա հարաբերությունները: Ի՞նչ տեսակի մարդու ես տեսնում քո կողքին: Հստակ պատկերացումը կօգնի քեզ ավելի լավ կողմնորոշվել մարդկանց մեջ: Ծանոթանալով նոր մարդու հետ` ձեր հարաբերությունների սկզբից դու կկարողանաս հասկանալ, արդյո՞ք համապատասխանում եք իրար, համընկնո՞ւմ են ձեր տեսակետները հարաբերությունների և առհասարակ կյանքի վերաբերյալ: Այսպիսի ինքնավերլուծությունը կօգնի խուսափել շատ սխալներից և հիասթափություններից և ապագայում կառուցել ներդաշնակ հարաբերություններ:
5. Զգացմունքների ազատություն
Սպասել զանգի կամ ժամադրության… մշտական ուշադրության կամ հոգատարության պահանջ, խանդ, սեփական և ձեր հարաբերությունների վերաբերյալ ապրումներ. այդ ամենը նման է կախվածության` ուրիշ մարդուց, նրա վարքագծից կամ նրա գործողություններից: Եվ ինչքան լավ է, երբ դա չկա: Եվ դու կարող ես քեզ թույլ տալ մեկ այլ մարդու նկատմամբ համակրանք դրսևորել, թեկուզ և կարճ ժամանակով: Իսկ հետո փոխել քո ճաշակը և համակրել մեկ ուրիշին: Բայց նման կարճ հարաբերություններում կարևոր է չխոցել ուրիշ մարդու կամ քո սեփական սիրտը և չկորցնել ինքդ քեզ:
Լուրջ հարաբերությունները որոշ առումով պարտավորեցնող են: Չէ՞ որ կոնֆետների և ծաղկեփնջերի փուլից հետո, երբ մարդիկ սիրահարված են և տեսնում են միայն դրականը, գալիս է մի փուլ, որ պահանջում է մշտական աշխատանք ինքդ քո վրա: Պետք է սովորել միմյանց, համակերպվել, երբեմն` զիջել, կոմպրոմիսների գնալ: Եվ միշտ չէ, որ դա տրվում է հեշտ և հարթ: Ուրեմն պետք է ուրախանալ, որ այս պահին անհրաժեշտություն չկա զիջումների գնալ և ջանասեր լինել, այլ կարելի է վայելել ազատությունը:
Իհարկե, թվարկածները բոլոր դրական կողմերը չեն, դրանք ավելի շատ են: Եթե նշվածը քեզ չի բավարարում, կարող ես վերցնել թուղթ կամ ստեղծել Word-ի ֆայլ և գրի առնել քո բոլոր մտքերը սրա վերաբերյալ: Իսկ քո բացահայտումների մասին կարող ես գրել մեզ Ֆեյսբուքով: Եկե′ք ամեն ինչի մեջ տեսնենք դրականը միասին:
Շնորհակալությոյն այս աղբյուրին նկարի համար:
Հոդվածի կազմող` Վերտոլա Սվետլանա: