Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Զուտ աղջկական գաղտնիքներ

Մանկության տարիներին, արքայադուստր դառնալու համար բավական էր ունենալ շքեղ զգեստ, գեղեցիկ վարսեր, իսկ երբեմն էլ` միայն հասարակ ստվարաթղթե թագ գլխին: Արքայադուստր լինելու ցանկությունը տարիքի հետ չի անհետանում, բայց դրան հասնելը դառնում է ավելի դժվար, քանզի հայտնվում են սեփական խնամքի հետ կապված նոր խնդիրներ: Կարդա՛ մեր խորհուրդները և զգա՛ քեզ վստահ:

Գաղտնիք չէ, որ դեռահասային տարիքում մեր օրգանիզմը պահանջում է ավելի շատ ուշադրություն և համբերություն: Նախ, ավելի ակտիվ են աշխատում ճարպագեղձերը, ինչը կարող է պզուկների կամ նույնիսկ ցանի պատճառ հանդիսանալ, ինչը և՛ տգեղ է, և՛ տհաճ: Բացի այդ, քրտնագեղձերի ակտիվ աշխատանքը կարող է ուժեղացնել քո մարմնի հոտը, որը միշտ չէ հաճելի: Եվ, ի վերջո, այս տարիքում աղջիկների մոտ սկսվում է դաշտանը:

Այս ժամանակաշրջանում քո կյանքը թեթևացնելու նպատակով կարող ես հետևել պարզ, սակայն արդյունավետ խորհուրդների, որոնց հիմքում ընկած են մասնագետների գիտելիքները և բազմաթիվ աղջիկների փորձը:

  • Հետևիր դեմքի ու մարմնի մաշկի մաքրությանը: Առավոտյան և երեկոյան ժամերին մաշկի պատշաճ մաքրման նպատակով ընտրիր համապատասխան գել կամ օճառ: Այս դեպքում պզուկների առաջացման ռիսկը զգալիորեն կնվազի:
  • Ավելի հաճախ լվա ոտքերն ու անութափոսերը (թևատակերը), որպեսզի չզգացվի քրտինքի հոտ: Բացի այդ, դեղատներում և խանութներում վաճառում են դեզոդորանտներ, որոնք չեզոքացնում են քրտինքի հոտը և հակաքրտնեցնող միջոցներ (антиперспирант), որոնք նվազեցնում են քրտնարտադրությունը: Հակաքրտնեցնող միջոցների հաճախակի օգտագործումն այդքան էլ անվտանգ չէ, քանզի դրանք փակում են քրտնագեղձերի ծորանները, և հետևաբար` կանխում օրգանիզմից ավելորդ նյութերի արտազատումը: Հնարավորինս հազվադեպ օգտվիր հակաքրտնեցնող միջոցներից, հակառակ դեպքում՝ լուծելով մի խնդիր, դու կարող ես հրահրել մյուսը:
  • Ներքնազգեստը և գուլպաները/զուգագուլպաները անհրաժեշտ է փոխել ամեն օր, իսկ շոգ եղանակին`օրը մի քանի անգամ: Ցանկալի է հագնել բամբակյա գուլպաներ և ներքնազգեստ:

Ավելի շատ ուշադրություն դարձրու սեռական օրգանների մաքրությանն ու առողջությանը.

  • ամեն օր պետք է լվալ արտաքին սեռական օրգանները, ընդ որում՝ միայն գոլ ջրով, ուղղությունը՝ առջևից դեպի ետ, ցայլքից դեպի հետանցքը, և ձեռքերն անպայման պետք է մաքուր լինեն: Անհրաժեշտության դեպքում կարող ես օգտագործել անձնական հիգիենայի (ինտիմ) հատուկ գելեր կամ փափուկ օճառներ:
  • Անձնական հիգիենայի համար մի օգտագործեք ճիլոպ և սպունգ: Դրանք կարող են վնասել նուրբ լորձաթաղանթը, ինչն իր հերթին կարող է նպաստել տարբեր վարակների առաջացման:
  • Հիգիենիկ միջոցառումների ժամանակ պետք չէ կատարել ցողում (հեշտոցի լվացում): Ցողումը լվացահանում է բնական քսուկը, ինչը նպաստում է հեշտոցի չորության և գրգռվածության առաջացմանը:
  • Առանձնացրու հատուկ փափուկ սրբիչ ինտիմ հիգիենայի համար, որը միշտ մաքուր պետք է լինի:
  • Եթե օգտագործում ես ամենօրյա միջադիրներ, դրանք պետք է փոխել յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ: Սակայն ավելի լավ է դրանք օգտագործել դաշտանից առաջ, երբ արտադրության քանակն աճում է և դաշտանից հետո, երբ կարող է առաջանալ թույլ արտադրություն:

5573165129_d5f29a162a_o Իսկ դաշտանի ժամանակահատվածում…

  • Պետք է լվալ արտաքին սեռական օրգանները օրական մի քանի անգամ՝ փոխելով միջադիրը:
  • Եթե միջադիրը լցվում է առնվազն 1/3 չափով, այն պետք է փոխվի: Միջին հաշվով խորհուրդ է տրվում միջադիրները փոխել օրական առնվազն 4-6 անգամ, այդ թվում`աղիների յուրաքանչյուր դատարկումից հետո:
  • Տամպոնները անհրաժեշտ է փոխել 2-4 ժամը մեկ: Սակայն տամպոնների շատ հաճախակի փոխելը նպաստում է հեշտոցի գրգռմանն ու չորությանը: Բացի այդ, դրանք չեն կլանում արյունալերդը, ուստի ավելի լավ է համատեղել տամպոնների օգտագործումը միջադիրների հետ:
  • Տամպոններն օգտագործելուց/փոխելուց առաջ պահպանիր անձնական հիգիենայի կանոնները, լվա ձեռքերն օճառով:
  • Պետք չէ օգտագործել տամպոն գիշերվա ընթացքում. գիշերային ժամերին նախընտելի են միջադիրները:
  • Եթե դեռ չես ունեցել սեռական հարաբերություններ, ցանկալի չէ օգտագործել տամպոններ: Եթե կուսաթաղանթի բացվածքը (որի միջով և դուրս է գալիս դաշտանային արյունը) չափազանց նեղ է, այդ պարագայում տամպոնից օգտվելը կարող է լինի բավական անհարմար, տհաճ, ավելին` հավանական է կուսաթաղանթի մի փոքր վնասումը:
  • Կրիտիկական օրերին ցանկալի չէ տաք վաննա ընդունել:
  • Մի օգտվիր ջրավազանններից, լողավազաններից, նույնիսկ եթե տամպոն ես օգտագործում:
  • Այնուամենայնիվ, ցնցուղ պետք է ընդունել ամեն օր:

Թևիկներով և առանց դրանց. մի փոքր խոսենք հիգիենայի պարագաների մասին:

Շատ կարևոր է ընտրել միջադիրներ կամ տամպոններ` կախված դաշտանի առատությունից: Որպեսզի ավելի հեշտ լինի ընտրելը, հաշվի առ, որ հիգիենայի միջոցների կլանման աստիճանը ցույց է տրվում կաթիլներով.

  • 2 կաթիլ` սուղ արտադրության համար
  • 3 կաթիլ` չափավոր արտադրության համար
  • 4 կաթիլ` առատ արտադրության համար
  • 5 կաթիլ` շատ առատ արտադրության համար

Հիշի′ր. շատ առատ և շատ սուղ արտադրության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:

Միշտ ընտրիր կլանման նվազագույն աստիճան ունեցող տամպոններ կամ միջադիրներ: Կլանման աստիճանը կարելի է որոշել ըստ տամպոնի լցվածության` արդյոք տամպոնը (կամ միջադիրը) լցվել է 3-4 ժամվա ընթացքում, և արդյոք երևում են սպիտակ տեղեր և թելեր: Մասնագետները խորհուրդ են տալիս ունենալ տամպոններ և միջադիրներ` կլանման տարբեր գործակցով:

Բացի այդ, գիշերը կարելի է օգտագործել հատուկ գիշերային միջադիրներ: Դրանք չափսերով քիչ ավելի մեծ են, սակայն կարող են նվազեցնել «արտահոսքի» վտանգը, նույնիսկ, եթե գիշերը արտադրությունն ավելի առատ լինի:

Իսկ դու գիտես, որ… +

Նկարներ այս հոդվածի համար մենք գտել ենք այստեղ և այստեղ: