Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Քո ելքը

Մեզանից յուրաքանչյուրն երազում է հանրությանը ներկայանալ այնպիսի տեսքով, որ բոլորը հիացմունքից զարմանան: Միայն թե երբեմն այս երազանքներն անիրականանալի են թվում այն պարզ պատճառով, որ հայելու մեջ ինքներս մեզ խիստ քննադատաբար ենք վերաբերվում: Այդ պահերին պետք չէ մոռանալ, որ հաճախ մենք ինքներս ենք խնդիրներ ստեղծում: Եվ եթե նույնիսկ խնդիրը իրական է, կասկածները պետք է մի կողմ դնել. այն կարելի է լուծել:

Երբ նայում ես քո սիրած դերասաններին, երգիչներին կամ այլ աստղերին, հազվադեպ ես հիշում, որ… նրանք «փայլուն» տեսք ունենալու և ֆոտոգենիկ լինելու համար շատ ժամանակ են ծախսում:

Չէ՞ որ իրականում գեղեցկությունը կախված է ոչ միայն բնական տվյալներից, այլ նաև ինքնազգացողությունից և մի շարք այլ բաներից: Մի պարզ օրինակ. սարսափելի ցավում է գլուխդ կամ փորդ: Դժվար թէ կարողանաս ցուցադրել քո երջանկությունդ և զարմացնել գեղեցկությամբ: Չէ՞ որ այդպես է: Կամ, օրինակ, եթե ատամներդ մաքրում ես ընդամենը շաբաթը մի քանի անգամ, արդյո՞ք կարելի է երազել «հոլիվուդյան» ժպիտի մասին:

smile
Բայց փաստը մնում է փաստ: Երբ մենք երիտասարդ ենք, մեզ համար հատկապես կարևոր է ուշադրություն գրավել, գեղեցիկ երևալ և դուր գալ հակառակ սեռի ներկայացուցիչներին: Գուցե դա կյանքում ամենակարևորը չէ, բայց հաստատ շատ դուրեկան է: Իսկ օրգանիզմն այդ պահին, ցավոք, նոր «անակնկալ» է մատուցում. ճակատին պզուկ է հայտնվում հենց ժամադրությունից առաջ, կամ էլ նոր հագուստի մեջ ոչ մի կերպ չես մտնում: Եվ ինչպե՞ս կարող ես այս դեպքում վստահ զգալ քեզ:

Մենք փորձեցինք առանձնացնել հիմնական խնդրահարույց հարցերը և ելք գտնել դրանց լուծմանը: Փորձե՞նք:

Հոտ

Որքան էլ տարօրինակ թվա, որ քո կերպարի հիմնական բաղադրիչներից մեկը անտեսանելի է, սակայն ազդում է քո նկատմամբ շրջապատի վերաբերմունքին: Դա հոտն է: Մարդիկ հակված են չընդգծել դրա կարևորությունը, սակայն հաճելի բուրմունքը կարող է բարձրացնել մեր տրամադրությունը (հարկավոր է չչարաշահել, որպեսզի շրջապատը չխեղդվի) և հակառակը, տհաճ հոտը` վանել ինչ-որ մեկի հետ շփվելուց:

smellll

Բոլորովին պարտադիր չէ օգտագործել միայն շատ թանկ օծանելիք, որպեսզի հաճելի հոտ գա: Բավական է պահպանել հիգիենայի կանոններ, լվացվել օճառով, մաքրել ատամները, ժամանակին փոխել ներքնազգեստը, գուլպաները և հագուստը, և նման խնդիր չի առաջանա:

Եթե դու հետևում ես բոլոր կանոններին, իսկ տհաճ հոտը, օրինակ, բերանից չի վերանում, անհրաժեշտ է դիմել բժշկի` հնարավոր հիվանդությունը ախտորոշելու և խնդիրը վերացնելու նպատակով:

Մարմնակազմություն

  • Ավելի առնական տեսք ունենալու նպատակով, տղաները հաճախ սկսում են մարզվել մարզասրահում: Որպեսզի այս գործընթացը դրական արդյունք ունենա, ավելի լավ է խորհրդակցել մարզիչի հետ. նա կհուշի, թե յուրաքանչյուր մկանային խումբ ինչպես պետք է մարզել, որպեսզի մարմինն առավել համաչափ դառնա:
  • Աղջիկներին սկսում է անհանգստացնել մարմնի քաշը. երիտասարդ տարիքում ճարպային բջիջների քանակը և մարմնի մկանային զանգվածը ավելանում են, աղջիկների մոտ լայնանում են կոնքերը, կազմվածքը դառնում է ավելի կանացի:
Ի դեպ, եթե ուզում ես լավացնել մարմնակազմությունը, կարող ես կատարել վարժություններ` նախատեսված այս կամ այն մարմնի մասը շտկելու համար: Օրինակ, հեծանիվ վարելն ամրացնում է ազդրերը:

cycling

Սակայն… Չնայած ֆիզիկական վարժություններն ամրապնդում են առողջությունը և օգնում են ավելի լավ տեսք ունենալ, այնուամենայնիվ, նախքան մարզվելը, ավելի լավ է խորհրդակցել մասնագետների` մարզիչների կամ բուժաշխատողների հետ, քանի որ յուրաքանչյուր ծանրաբեռնվածության կամ սպորտային վարժանքների սխալ կատարման պարագայում սպորտը կարող է դառնալ վտանգավոր:

Ի դեպ, եթե դու լրջորեն վերաբերվես ֆիզիկական վարժություններին, և սպորտը դառնա քո հոբբին, ապա շատ շուտով դու լավ տեսք կունենաս, և անշուշտ կծանոթանաս նոր և հետաքրքիր մարդկանց հետ:

gym_flirt

Նորից մարմնի քաշի մասին

Գեղեցկության չափանիշները +
Եթե աղջիկը բարձրահասակ է կամ խոշորակազմ, ապա իր քաշն ավելի մեծ կլինի, քան իր տարիքի ցածրահասակ կամ փխրուն մարմնակազմություն ունեցող աղջկանը: Բացի այդ, քաշը կարող է մի փոքր ավելանալ դաշտանից առաջ կամ ընթացքում:
  • Գիրանալու վախից աղջիկներից շատերը դիետա են պահում, չնայած, որ իրականում ավելորդ քաշ չունեն: Յուրաքանչյուր կալորիան հաշվելը, սիրած ուտելիքից հրաժարվելն ու գիշերը դրանց մասին երազելը սթրես է օրգանիզմի համար: Ի պատասխան նման արհեստական «սովի»՝ օրգանիզմն ավելի շատ քաշ կկուտակի պաշտպանվելու նպատակով:

bad-mirror

  • Երբեմն գիրության պատճառ է հանդիսանում ֆիզիկական ակտիվության պակասը: Անհրաժեշտ է ավելի շատ շարժվել, կատարել ֆիզիկական վարժություններ. դա կօգնի ամրացնել մարմնի որոշ մկաններ և նվազեցնել քաշը:

fat

  • Չափազանց խիստ մտահոգությունը սեփական քաշի մասին կարող է առաջացնել առողջական խնդիրներ, նպաստել անոռեքսիայի զարգացմանը (անոռեքսիայի մասին ավելի մանրամասն կարդա Սննդային վարքագծի խանգարումներ`անոռեքսիա և բուլիմիա հոդվածում): Եթե դու կարծում ես, որ քո վերաբերմունքը սննդի հանդեպ «խանգարում է ապրել», անհրաժեշտ է դիմել բժիշկ-մասնագետի օգնության:
  • Մի′ օգտվիր քաշի նվազեցման տարօրինակ խորհուրդներ պարունակող վեբ-կայքերից: Քո առողջությանը մեծ վտանգ կարող ես պատճառել: Դիմիր համապատասխան մասնագետին:

3214770683_c4ee4fcd1b_o

Հիշի′ր, որ կախարդական դիետաներ չեն լինում: Դիետաները դադարեցնելուց անմիջապես հետո կորցրած կիլոգրամներն արագ վերականգնվում են: Հետևաբար, ավելի լավ է ճիշտ և համաչափ սնվել. ավելի շատ միրգ ու բանջարեղեն օգտագործել, սնվել հաճախ, բայց փոքր չափաբաժիններով: Աշխատիր խուսափել թխվածքաբլիթներով, սենդվիչներով, լիմոնադով և չիպսերով քաղցի զգացողությունը կոտրելուց և, իհարկե, փորձիր քիչ ուտել քնելուց առաջ: Եթե դու ճիշտ ես սնվում և ակտիվ կյանք ես վարում, կարող ես մոռանալ դիետաների մասին:

Մազերի վիճակը

Գեղեցիկ, լավ խնամված մազերը քո կերպարի կարևոր տարրն է: Այնպես որ շատ կարևոր է ժամանակ ծախսել դրանց խնամքի վրա:

fabulous

  • Սեռական հասունացման ընթացքում ճարպագեղձերի աշխատանքն ավելի է ակտիվանում, հետևաբար՝ մազերն ավելի արագ են կեղտոտվում: Դժվար է որոշել, թե շաբաթական քանի անգամ պետք է լվանալ մազերը, քանի որ դա շատ անհատական է: Մի դեպքում անհրաժեշտ է գլուխը լվանալ երկու օրը մեկ, մյուս դեպքում՝ բավական է շաբաթը երկու անգամ: Կարևոր է թույլ չտալ, որ մազերդ կեղտոտ ու չսանրված լինեն:
  • Մազերի փայլը, որակն ու ամրությունը բարելավելու բազմաթիվ միջոցներ կան՝ դիմակներ, կոնդիցիոներներ: Խորհրդակցիր ծնողներիդ կամ վարսահարդարի հետ, թե որ միջոցն է առավել արդյունավետ հենց քո վարսերին:
  • Ընտրիր այնպիսի սանրվածք, որն առավելագույնս կընդգծի քո դեմքի առանձնահատկությունները: Սակայն կուրորեն մի հետևիր նորաձևությանը և ոչ մեկին մի կրկնօրինակիր: Այն, ինչ սազում է ուրիշին, գուցե ամենևին չգեղեցկացնի քեզ: Ավելի լավ է, խորհրդակցիր վարսավիրի հետ կամ նկարիր սանրվածքների մի քանի ձևեր և կցիր դրանք քո լուսանկարին, որպեսզի հասկանաս, թե որ տարբերակն է լավագույնս արտահայտում քո դիմագծերը:

Մազեր մարմնի վրա

Սեռական հասունացման շրջանից սկսած՝ տղաների ու աղջիկների մոտ մարմնի տարբեր մասերում առաջանում է մազածածկույթ: Սովորաբար, եթե պատանին սափրում է դեմքը, ընդունված է կարծել, որ նա սեռահասուն է: Բազմաթիվ երկրներում տարածված կարծիք կա, որ տղամարդը պետք է անպայման սափրի դեմքի մազերը, մինչդեռ, բեղերն ու մորուքը նաև կարող են դիտարկվել որպես տղամարդու իմաստության նշան և հպարտանալու առարկա: Սակայն, յուրաքանչյուր պատանու անձնական որոշումն է՝ սափրվել, թե ոչ: Ի վերջո, հարմարությունը և լավ ինքնազգացողությունն առավել կարևոր է:

4507164288_d0fa8f33d6_o

Հաճախ աղջիկներին անհանգստացնում է մազակալումը անութափոսերում (թևատակերում), ոտքերին, ձեռքերին, երբեմն էլ դեմքին: Որոշ հիվանդությունների դեպքում աղջիկների մոտ կարող է նկատվել առատ մազակալում: Սակայն, ցանկացած դեպքում մազերը հեռացնելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկ-մասնագետի հետ:

moustache amanda

Մաշկի վիճակը

Կորյակներն ու պզուկները մեծ խնդիր են բազում դեռահասների համար, ուստի.

  • հետևիր դեմքի և մարմնի մաշկի մաքրությանը: Օգտագործիր հատուկ գելեր, օճառներ կամ մաքրող լոսյոններ:
  • Աշխատիր մաշկը չափից ավելի չչորացնել (այդ թվում, չարժե շատ հրապուրվել արևայրուքով), հակառակ դեպքում մաշկը կկորցնի իր բնական պաշտպանիչ շերտը, ինչը կառաջացնի մաշկային այլ խնդիրներ:
  • Եթե մաշկի խնդիրները շատ են անհանգստացնում, դիմի՛ր բժիշկ-մաշկաբանին:

Կոսմետիկա

Աղջիկներից շատերը համոզված են, որ առանց կոսմետիկայի անհնար է լինել գեղեցիկ: Սակայն հաճախ այն խոչընդոտում է կատարելության հասնելուն, հատկապես, երբ դրա օգտագործումը չարաշահվում է:

Ակտիվ շպարը երիտասարդ դեմքի վրա անպատշաճ ու անտեղի է դիտվում: Ցերեկվա ժամերին գուցե հարկավոր է խուսափել շպար օգտագործելուց, սակայն, եթե շպարվելու ցանկությունն այնուամենայնիվ անդիմադրելի է, նախընտրելի է օգտագործել աչքերի ստվերաներկի չեզոք գույներ կամ շուրթերի փայլ: Չէ՞ որ այժմ քո առավելությունը` երիտասարդությունն ու բնական գեղեցկությունն է, որ բոլորովին պետք չէ թաքցնել: Դեկորատիվ կոսմետիկան մաշկի խնդիրների լուծման մեթոդ չէ:

Պետք է հիշել, որ ցանկացած ներկ, շրթներկ, աչքերի մատիտ և այլ կոսմետիկ պարագաներ պետք է լինեն անհատական օգտագործման: Որքան էլ ընկերուհուդ հարազատ համարես, միևնույն է, կոսմետիկ պարագաները չպետք է նրա հետ ընդհանուր օգտագործես:

makeup

Եթե կորյակների և պզուկների խնդրին արդեն առնչվել ես, ապա ընդունիր, որ ավելի լավ է զերծ մնալ տոնային քսուքներից: Դրանք ոչ միայն չեն քողարկի մաշկի թերությունները, այլ ընդհակառակը՝ ավելի կընդգծեն:

Եվ հիշիր, որ դեկորատիվ կոսմետիկայի օգտագործման հիմնական նպատակը սեփական արժանիքներն ընդգծելն է, ոչ թե նոր դեմք «նկարելը»:

Ներքնազգեստ

Ներքնազգեստը կարևոր բաղադրիչ է, քանի որ դրա հարմարությունը և որակը ազդում են մեր ինքնազգացողության վրա: Անհրաժեշտ է ընտրել այնպիսի ներքնազգեստ, որը կպահպանի վերարտադրողական օրգանների առողջությունը:

  • Երիտասարդ տղաներին խորհուրդ չի տրվում մշապես լողավարտիք հագնել: Առողջության պահպանման համար ավելի լավ է սովորական վարտիք հագնել, նախընտրելի է՝ բնական գործվածքից: Բացի այդ, գոտկատեղի հատվածը չպետք է չափազանց ձիգ լինի:
  • Աղջիկները չպետք է կրեն «ստրինգներ», քանի որ դրանք կարող են հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Եթե դու, այնուամենայնիվ, նախընտրում ես «ստրինգ», ապա այն պետք է լինի բնական գործվածքից և անպայման ճիշտ չափսի (ոչ փոքր): Այն կարելի է կրել 6 ժամից ոչ ավել:
Աղջիկների հագուստի մի մաս էլ կազմում են կրծկալները: Կրծկալի ճիշտ չափսի և ձևի ընտրությունը շատ կարևոր է: Դրա համար անհրաժեշտ է սանտիմետրով չափել կրծքավանդակի ծավալը կրծքի տակ (նկար 1) և այդ թիվն ավելացնել 5-ով: Այնուհետև չափել կրծքի ծավալը (տես՝  նեքևի 2 -րդ նկարը): Եթե այդ երկու թվերը նույնն են, պետք է ընտրել կրծկալի «զրոյական» (AA) չափը: Եթե տարբերությունը կազմում է «1», հարմար կլինի «առաջինը» (A), եթե «2», ապա՝ «երկրորդը» (В), եթե «3»` «երրորդը» (C):

vibor-bustgaltera-1trend-2

Կրծկալի ճիշտ ընտրված չափսը և ձևը ավելի կարևոր է, քան տեսքը և գեղեցկությունը: Քանի որ ճիշտ ընտրված ու հարմարավետ կրծկալը չի խոչընդոտի արյան նորմալ շրջանառությունը և կնպաստի կրծքագեղձերի առողջ վիճակի պահպանման: Շատ կարևոր է նաև հետևել կրծքագեղձերի հիգիենային, պարբերաբար կատարել կրծքագեղձերի ինքնազննում:

Հագուստ

Հագուստի թեմայով անվերջ կարելի է ծավալվել: Նորաձևության և գեղեցկության մասին յուրաքանչյուրս մեր սեփական պատկերացումներն ունենք: Այդուհանդերձ, կա մի կանոն, որ ճշմարիտ և ընդունելի է բոլոր դեպքերում. ինչ էլ որ հագնես, գեղեցիկ տեսք կունենաս, եթե քո հագուստը լվացած է, արդուկած, համապատասխանում է քո չափսերին, ընդգծում է քո արժանիքներն ու թաքցնում թերությունները:

fashionista

Ընդ որում, կարևոր չէ, թե ինչ արժեք ունեն քո իրերը: Նույնիսկ էժան, բայց ճաշակով ընտրված բլուզը կամ բաճկոնը կարող են շատ ավելի աչք շոյող ու դուրեկան լինել, քան սարսափելի թանկ դիզայներական, բայց անճաշակ ու աչք ծակող իրերը:

Ցանկալի է, որ հագուստը լինի բնական կտորից` բամբակյա, բրդյա, մետաքսյա, որոնք չեն քրտնացնում և հնարավորություն են տալիս մարմնին ազատ շնչել:

Որպեսզի ավելի լավ հասկանաս, թե ինչն է քեզ սազում և ինչը կարելի է անվանել գեղեցիկ, պետք է ձևավորես և զարգացնես սեփական ճաշակը: Դրա համար բավարար չէ պարզապես թերթել նորաձևության ամսագրերը: Իհարկե, դու հավանաբար ունես նմանակման քո օրինակները, որոնց ճաշակն, ինչ խոսք, կատարյալ ես համարում և ջանում ես նմանվել նրանց: Սակայն չարժե կուրորեն կրկնօրինակել այն ամենը, ինչ քո կուռքերն են անում և կրում: Սեփական ոճով ընտրված հագուստը քո անհատականության արտահայտման միջոցներից մեկն է, մինչդեռ ուրիշին անմտորեն կրկնօրինակելով` դու, անկասկած, կորցնում ես քո անհատականությունը:

Եվ մի՛ վախեցիր սխալվել: Սեփական ոճը փնտրելիս բոլորն էլ կարող են սխալվել: Կարևորը դա ժամանակին նկատելն ու կանխելն է: 🙂

Քո քաշից ու տեսքից առավել կարևոր է քո ինքնազգացողությունն ու ներդաշնակությունը սեփական «ես»-իդ հետ: Այնուհանդերձ, աշխատի՛ր, որ լավ ֆիզիկական վիճակի պահպանումն ու մարմնի մաքրությունը դառնան սովորական երևույթ: Միայն այդ դեպքում դու քեզ դուր կգաս հայելու մեջ, և ամեն անգամ հանրությանը ներկայանալը քեզ համար կվերածվի ոչ թե պատժի, այլ իսկական տոնի:

выход в свет

Նկարները հոդվածի համար մենք վերցրել ենք այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ: