Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպես ճիշտ կոփվել

Կոփումն առողջ ապրելակերպի բաղադրիչներից մեկն է: Մարմնի կոփման տարբեր մեթոդները հնարավորություն են տալիս բարելավել ընդհանուր առողջական վիճակը, բարձրացնել իմունիտետը և օրգանիզմի հարմարվելու կարողությունը։ Իսկ թե ինչպե՞ս կոփվել` առանց վնաս հասցնելու օրգանիզմին, կարդա՛ այս հոդվածում:

Դեռ հին ժամանակներից մարդկությանը հայտնի էր, որ օրգանիզմի դիմադրողականությունը կարելի է բարձրացնել կոփման միջոցով։ Գոյություն ունեն մարմնի կոփման տարբեր եղանակներ, որոնք օգնում են բարելավել ընդհանուր առողջական վիճակը, բարձրացնել իմունիտետը և հարմարվել շրջակա միջավայրի պայմաններին։

Կոփումն իրենից ներկայացնում է հատուկ կանխարգելիչ միջոցառումներ, որոնք ուղղված են անբարենպաստ պայմաններին օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը:

Երեխային չմրսեցնելու մտավախությամբ` որոշ ծնողներ մանկական վաղ հասակից սկսած փոքրիկին չափազանց տաք են հագցնում, քնացնում են շատ տաք սենյակում, ծածկում հաստ վերմակներով, տարանցիկ քամուց վախենալով` չեն օդափոխում բնակարանը: Արդյունքում, աստիճանաբար երեխայի ջերմակարգավորման համակարգը ենթարկվում է հետաճի, ինչի հետևանքով նույնիսկ չնչին քամին կարող է վտանգ սպառնալ առողջությանը։

Մինչդեռ որոշ պարզ միջոցառումների կանոնավոր օգտագործման դեպքում կարելի է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը, եղանակային փոփոխությունների հանդեպ կայունությունը և նույնիսկ կանխարգելել մրսածությունները:

Կոփումը ցանկալի է սկսել վաղ տարիքից:

Մարմնի կոփման տարբեր մեթոդները հնարավորություն են տալիս բարելավել ընդհանուր նյութափոխանակությունը, ամրապնդել նյարդային համակարգը և լավացնել ընդհանուր առողջական վիճակը։

Կոփման նպատակով օգտագործվում են տարբեր ֆիզիկական մեթոդներ, այն է.

  • կոփում օդի միջոցով. սենյակի օդափոխություն, օդային լոգանքներ, զբոսանք և քուն մաքուր օդում, նաև տարվա ցուրտ եղանակին` կրելով եղանակին համապատասխանող հագուստ։
  • Կոփում ջրի միջոցով. ջրային լոգանքներ` շփում, ջրցողում, լող:
  • Կոփում արևի ճառագայթներով. օրվա որոշակի ժամերին` առավոտյան ժամը 10-11-ին կամ երեկոյան ժամը 17-18-ին, ընդունել արևային լոգանքներ: Սակայն պետք է զգուշանալ արևահարությունից:

Կարելի է կոփվել նաև ոտաբոբիկ քայլելու միջոցով. այս դեպքում ակտիվացվում են ներբաններում գտնվող կենսաբանորեն ակտիվ կետերը:

Կոփման կանոնները. 

  • Կոփումն սկսել առողջ վիճակում: Եվ իհարկե պետք է հաշվի առնել առողջական վիճակը, կլիմայական պայմանները, տարվա եղանակը: Հիվանդությունների առկայության դեպքում պարտադիր պետք է նախապես խորհրդակցել բժշկի հետ:
  • Շարունակականություն. կոփվել ամբողջ տարվա ընթացքում, կանոնավոր, քանի որ նույնիսկ կարճատև ընդմիջումները կարող են թուլացնել հարմարողականության մեխանիզմները, և ամեն ինչ հարկավոր է սկսել նորից: Տարվա եղանակից կախված` կոփման մեթոդները պետք է փոփոխվեն, բայց ոչ կտրուկ կերպով։ Օրինակ` ձմռանը սառը ցնցուղը կարելի է փոխարինել ոտքերը սառը ջրով շփելով։
  • Պարզից դեպի բարդը. պետք է սկսել շատ պարզ և թեթև միջոցառումներից, այնուհետ` աստիճանաբար բարդացնել, օրինակ` ջրի ջերմաստիճանը աստիճանաբար իջեցնել կամ սառը եղանակին զբոսանքի տևողությունը երկարացնել։
  • Ջերմային ռեժիմի պահպանում. անհրաժեշտ է ստուգել մաշկի ջերմաստիճանը և համոզվել, որ քիթն ու վերջույթները տաք են։ Եթե մարմինը սառում է, անոթները նեղանում են, խանգարվում է արյան շրջանառությունը, և կոփումը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա։ Վտանգավոր է նաև գերտաքացումը, հատկապես մաշկի գերխոնավացման և բարձր ջերմային ռեժիմի պայմաններում սառը ջրի ազդեցությունը:
  • Պարտադիր պետք է հետևել ինքնազգացողությանը: Միջոցառումները պետք է առաջացնեն հաճելի, դրական զգացողություններ:

Ի դեպ, կարելի է համատեղել կոփումը ֆիզիկական վարժությունների հետ՝ կրկնակի օգուտ ստանալով: Հրաշալի լուծում է՝ լողավազան այցելելը։

 

Կոփվե՛ք, վարե՛ք առողջ կենսակերպ և եղե՛ք առողջ: