Ինչպես հասնել հաջողության
«Օրվա ռեժիմ» արտահայտությունը շատերի մոտ խիստ կանոնների և բացասական զգացողությունների հետ է կապվում, իսկ պլաններ կազմելը թվում է անօգուտ գործ: Սակայն դա այդքան էլ ճիշտ չէ: Ինչպես գիտես, մտքերը նյութականանալու հատկություն ունեն: Ու եթե երազանքներդ մշտապես մտքումդ պահես, ապա դրանց իրականանալու հավանականությունը կմեծանա:
Մի քանի պարզ կանոն կօգնեն քեզ վերափոխել կյանքը և ավելի մոտենալ երազանքի իրականացմանը:
1. Ամեն ինչ ըստ ժամկետացանկի
Փաստերը խոսում են այն մասին, որ օրգանիզմը հարմարվում է որոշակի կենսառիթմի կամ ռեժիմի (տե’ս «Օրվա ռեժիմ» նյութը) և ցանկացած շեղում կարող է սթրես առաջացնել: Հետևաբար, եթե աշխատանքային օրերին ժամանակին ես քնում, իսկ հանգստյան օրերին մինչ կեսգիշեր համացանցում ես ու հազիվ ես արթնանում առավոտյան, ապա զարմանալու կարիք չկա, եթե նույնիսկ հանգստյան օրերին հոգնածություն ես զգում: Չէ՞ որ բնությանը չես կարող խաբել. գիշերը քնելու համար է: Հենց գիշերային ժամերին՝ մոտավորապես 2300-ին, օրգանիզմը սկսում է վերականգնել ուժերը և արտադրում է հորմոններ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ գործունեության, ֆիզիկական և հոգեկան առողջության համար:
Ուստի, փորձի՛ր չխախտել քնի նորմալ ռեժիմը: Հանգստյան օրերին նույնպես ժամանակին քնիր և վաղ արթնացիր և դա արա հաճույքով. չէ՞ որ ողջ օրը քոնն է: Չկան դասեր և պարապմունքներ (բացառությամբ մի քանի տնային պարտականությունների): Զարթնիր առավոտյան և վայելիր անձնական գործերով հագեցած երկար օրը:
Իհարկե, լավ ինքնազգացողության համար կարևոր է ոչ միայն ժամանակին քնելը, այլ նաև առողջ սնվելը (ցանկալի է միևնույն ժամին) և մաքուր օդին զբոսնելը: Եթե դժվարանում ես ինքնուրույն կազմել օրվա ռեժիմը, օգնության կանչիր ընկերներիդ և միասին ձևավորեք օգտակար սովորություններ: Հոգեբանները պնդում են, որ նոր սովորություն ձեռք բերելու համար մարդուն անհրաժեշտ է 21 օր, որի ընթացքում օրգանիզմը հասցնում է հարմարվել նոր ռեժիմին:
2. Երջանիկ առավոտ
Եթե առավոտյան ժամերին վատ տրամադրություն ես ունենում և վրա են հասնում կուտակված գործերի մասին մտքերը, մտածիր լավ բաների մասին: Տպիր մտերիմների հետ արված լուսանկարներ, հաճելի պահեր ճամփորդություններից կամ պարզապես լուսանկարներ, որտեղ դու իսկապես երջանիկ ես: Փակցրու դրանք մահճակալիդ դիմաց և լուսաբացը դիմավորիր ժպիտով, չէ՞ որ հաճելի պահեր քո կյանքում շատ են եղել: Յուրաքանչյուր նոր օր կարող է գեղեցիկ հիշողություն դառնալ:
3. Ցանկությունների քարտեզ
Որպեսզի ցանկություններն իրականանան, հարկավոր է դրանք հստակ ձևակերպել: Դա նաև հաճելի զբաղմունք կարող է դառնալ: Համացանցը լի է խորհուրդներով, թե ինչպես պատրաստել ցանկությունների քարտեզ: Հարկավոր է վերցնել մի մեծ պաստառ և վրան որոշակի դասավորվածությամբ փակցնել տարբեր նկարներ, որոնք քո երազանքն են արտացոլում: Դրանք կարելի է գտնել ամսագրերում կամ համացանցում: Դա կարող է լինել ցանկացած բան՝ նոր գաջեթ, քո երազանքների քաղաքը, հագուստ և այլն: Փակցրու նկարները և հստակ նշիր դրանց իրականացման ժամկետները: Որպեսզի դատարկ տարածքները լրացնելը հեշտ լինի, բաժանիր պաստառը բաժինների: Օրինակ՝ «ճամփորդություն» բաժնում փակցրու քո երազանքի քաղաքի կամ ինքնաթիռի, իսկ «խնամք/սնունդ» հատվածում՝ կատարյալ սպորտային կեցվածքով վազորդի նկար: Պաստառը փակցրու տեսանելի վայրում և ժամանակ առ ժամանակ համալրիր այն նոր ցանկություններով: Եվ, որ ամենակարևորն է՝ անկեղծորեն հավատա, որ դրանք կիրականանան 🙂
4. Ուզում ես երկարատև ճամփորդության մեկնե՞լ: Արա՛ առաջին քայլը:
Քո արդարացումը կարող է լինել այն հանգամանքը, որ ստեղծագործող ես և ամեն բան պետք է անես վայրկենապես՝ ներշնչանքի պահին: Բայց հաջողակները պնդում են, որ նպատակների իրականացմանը օգնում է կազմակերպվածությունը: Դա նշանակում է, որ ամեն օր անհրաժեշտ է դեպի երազանք տանող մի քայլ կատարել: Եթե քո առջև նպատակ ես դրել` վազել 20կմ և լինել հաղթող, հարկավոր է ամեն օր վազել քիչ-քիչ և ձեռք բերել տոկունություն: Եթե ուզում ես մինչև 2020 թվականը մի քանի հարյուր գիրք կարդալ, ուրեմն ամեն օր կարդա մի քանի էջ: Միայն այդ դեպքում, թեկուզ փոքր քայլերով, կկարողանաս վստահ և հաստատուն մոտենալ երազանքի իրականացմանը:
4. Գովի՛ր ինքդ քեզ
Եթե դու օրվա կամ շաբաթվա ընթացքում շատ գործեր ունես, ուրեմն դրանց վերաբերյալ նշումներ կատարելու համար ունեցիր հատուկ նոթատետր: Կարելի է դրանք դասավորել որոշակի հերթականությամբ, օրինակ՝ ըստ կարևորության: Օրվա ընթացքում ջնջիր կատարվածները: Ավելորդ չի լինի նաև վերլուծել համացանցային նորություններին հետևելու և սոցիալական կայքերում շփումների վրա ծախսած ժամանակը: Եթե զգում ես, որ համացանցը քեզ իրոք խանգարում է, աստիճանաբար կիրառիր որոշ սահմանափակումներ, օրինակ՝ համացանցում անցկացրած ժամերը չգերազանցել 2-2,5 ժամից: Կտեսնես, թե որքան ազատ ժամանակ կունենաս:
Երեկոյան աչքի անցկացրու նշումները և վերլուծիր օրվա արդյունավետությունը: Չմոռանաս գովել քեզ լավ աշխատանքի համար: Այս մոտեցումը կոգևորի քեզ և կձգտես ավելիին: Նպատակը գործողությունների վրա հիմնված երազանքն է: Ուստի, համարձակ պլանավորի՛ր կյանքը և գործի՛ր:
Նկարների համար շնորհակալություն այս աղբյուրին:
Հոդվածի կազմող` Սվետլանա Վերտոլա: