Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպե՞ս պահպանել ուղեղի ֆունկցիան

Հաճախ կարելի է լսել այն պնդումը, որ մարդը 25-30 տարեկանից հետո չի կարող նոր բան սովորել (օրինակ՝ նոր լեզու), քանի որ ուղեղի բջիջները սկսում են մահանալ, և մեզ ավելի դժվար է հիշել և մշակել նոր ինֆորմացիան։ Փորձենք պարզել ճշմարտությունը։

Հայտնի է, որ տարիքի հետ նոր բաներ սովորելու ունակությունները պակասում են, թուլանում է հիշողության ֆունկցիան, ընկալելու և արագ արձագանքելու հմտությունը: Փոքր երեխայի ուղեղը շատ ճկուն է, շատ ակտիվ զարգանում է, և նա սպունգի նման «ներքաշում» է ինֆորմացիան: Այդ պատճառով էլ 0-ից մինչև 3 տարեկան հասակը մասնագետները համարում են «հնարավորությունների պատուհան», երբ վաղ միջամտությունը նոր բաներ սովորեցնելու իմաստով կարող է մեծ արդյունք տալ:

Հետագա տարիներին, հատկապես դպրոցական և ուսանողական տարիքում, միջինում մինչև 20-25տ., սովորելու, նոր հմտություններ ձեռքբերելու գործընթացները շատ հեշտ են տեղի ունենում, դրվում է ակադեմիական գիտելիքների հիմքը: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ մարդը չի կարող նոր բան սովորել 25-30տ.-ից հետո: Տարբերությունը դրանում է, որ հասուն մարդն ուղղակի պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի` համեմատած դպրոցականի հետ: 🙁

Իհարկե, պետք է հասկանալ, որ տարիքի հետ զարգանում և կատարելագործվում է կրիտիկական մտածողությունը, ինֆորմացիան վերլուծելու ունակությունը, իսկ դրանք չափազանց կարևոր հմտություններ են: Բացի այդ, հասուն մարդը սովորում է իր սեփական և ուրիշների փորձի և սխալների վրա: Այդ պատճառով են ասում, որ հասուն տարիքում մարդը դառնում է փորձառու և իմաստուն: Իսկ դեռահասները, ավա՜ղ, դեռ անելու են շատ սխալներ իրենց մեծանալու ընթացքում:

Վերադառնանք մեր ուղեղին: Եվ այստեղ ունենք լավ լուր նաև հասուն մարդկանց համար 🙂 Մասնագետները պարզել են, որ հնարավոր է մինչև խորը ծերություն պահպանել կոգնիտիվ ֆունկցիան` ուղեղի նորմալ աշխատանքը և լավ հիշողությունը, և նույնիսկ կանխարգելել ծերունական թուլամտությունը (Ալցհեյմերի հիվանդություն)` հետևելով մի քանի պարզ խորհուրդներին.

  • Կանոնավոր «մարզել» ուղեղը` լուծելով տարբեր խնդիրներ
  • Ճիշտ սնվել`օգտագործելով կարևոր հակաօքսիդանտներ, միկրոտարրեր և վիտամիններ
  • Լինել ֆիզիկապես ակտիվ:

Ինչպես պարզեցին Լոնդոնի համալսարանի հետազոտողները` ակտիվ սոցիալական կյանքը ևս բարենպաստ ազդեցություն է թողնում ծերացող ուղեղի ֆունկցիայի վրա: Ուրեմն` հաճախ հանդիպեք ընկերների և հարազատների հետ:

Հետազոտությունները ապացուցել են, որ մեր ուղեղի բջիջները կարող են զարգանալ նույնիսկ հասուն տարիքում և վերականգնվել վնասվելուց հետո, իսկ տարբեր ինտելեկտուալ գործառույթներ կարելի է վարժեցնել և պահպանել մինչև խորը ծերություն:

 

Իսկ այսպես, ուղեղի աշխատանքի և հիշողության լավացման համար.

  • խաչբառ, գլուխկոտրուկներ և սուդոկու լուծեք
  • նոր բառեր սովորեք օտար լեզվով
  • կարդացեք գրքեր, ամսագրեր
  • ձգտեք սովորել մի նոր բան և նոր հմտություններ ձեռք բերեք
  • անգիր սովորեք Ձեր սիրելի բանաստեղծությունը
  • փորձեք հիշել ամենահաճախ օգտագործվող հեռախոսի համարները
  • վավերագրական ֆիլմեր դիտեք Ձեզ հրապուրող թեմայի վերաբերյալ
  • ամիսը նվազագույնը մեկ անգամ թանգարան գնացեք
  • այցելեք նոր վայրեր, ճանապարհորդեք և ստացեք նոր, վառ տպավորություններ:

 

Մարզե՛ք ձեր ուղեղի բջիջները և դանդաղեցրեք ուղեղի ծերացումը`ամեն օր մարտահրավեր նետելով Ձեր ուղեղին:

 

Կազմեց Ե. Մովսեսյանը: