Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպե՞ս պահպանել աչքերի առողջությունը

Արտաքին աշխարհից ստացվող ինֆորմացիայի գերակշիռ մասը՝ շուրջ 80%-ը, մենք ստանում ենք տեսողության միջոցով: Տեսողությունը մեր օրգանիզմի կարևորագույն գործառույթներից է. այն ապահովում է աշխարհի ճանաչումը, ճիշտ կողմնորոշումը, առաջադրանքների որակյալ կատարումը, նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը: Սակայն ժամանակակից դպրոցականներն ու երիտասադրները հաճախ ունենում են տեսողության խնդիրներ, որոնց մի մասը կարելի է կանխարգելել: Այդ մասին կարդացեք մեր հոդվածում:

«Աչքի լույսի պես պահել տեսողությունը»… հաստատ լսած կլինես այդ արտահայտությունը, որում շեշտադրվում է տեսողության պահպանման կարևորությունը: Դեռ փոքրուց մեր ծնողները կրկնել են. «հեռուստացույցին այդքան մոտ մի՛ նստիր, կփչացնես աչքերը»: Այս խորհուրդը շատ օգտակար է: Ինչևէ, ժամանակակից գաջեթների ի հայտ գալու և երեխաների կողմից լայն կիրառման պայմաններում այս խորհուրդը կարծես թե կորցնում է արդիականությունը: Հիմա արդեն ծնողները ասում են` «հերի՛ ք է այդքան ժամանակ անցկացնես սմարթֆոնի/ պլանշետի/ համակարգչի հետ»: 🙂

Ժամանակակից տեխնոլոգիաների, մասնավորապես համակարգիչների, սմարթֆոնների, խաղային համակարգերի և տեսախաղերի լայն կիրառման պատճառով դպրոցականների և երիտասարդների մոտ ավելի հաճախ է ի հայտ գալիս այսպես կոչված «համակարգչային տեսողության համախտանիշը»: Պարզվել է, որ համակարգչի և համացանցի ակտիվ օգտատերերի մինչև 90%-ն ունի տեսողության հետ կապված տարատեսակ խնդիրներ: 🙁

«Համակարգչային տեսողության համախտանիշը» տեսողական խնդիրների մի համալիր է, որն այսօր հանդիսանում է «չոր աչքի» ամենահաճախ պատճառը: Այն ավելի արտահայտված է դառնում ձմռան ամիսներին` քամու, ցրտի, ջեռուցվող բնակարաններում օդի չորության պատճառով: Տեսողության լարվածությունը, մոնիտորի և էկրանների պիքսելային պատկերին և «փայլերին» հարմարվելը, աչքերի և էկրանի միջև անընդհատ փոփոխվող տարածությունը (երբ նայում ես էկրանին մեքենայի երթևեկության ընթացքում կամ քայլելիս), էկրանին կենտրոնացած նայելով` ավելի հազվադեպ թարթելը և այլ գործոններ անբարենպաստ են անդրադառնում աչքերի առողջության վրա, իսկ օդի չորությունը վատթարացնում է վիճակը:  🙁

«Չոր աչքի» համախտանիշն արտահայտվում է աչթերի չորության, դիսկոմֆորտի և այրոցի զգացումով, արագ հոգնածությամբ, աչքերը հաճախ տրորելու ցանկությամբ: Այդ վիճակը չի կարելի անտեսել, քանի որ լորձաթաղանթի չորության պարագայում ավելի հեշտ են առաջանում միկրովնասումներ և բորբոքումներ: Նման գանգատների պարագայում անհրաժեշտ է դիմել բժիշկ-ակնաբույժի, ով կքննարկի տեսողության հիգիենայի պահպանման կանոնները և կնշանակի աչքը խոնավեցնող հատուկ կաթիլներ (արհեստական արցունք):

Առհասարակ, աչքերի առողջության պահպանման և լարվածության դեմ պայքարում շատ է օգնում համակարգչի հետ աշխատելիս պարբերաբար ընդմիջումներ անելը, աչքերի վարժություններ կանոնավոր կատարելը, առողջ, բավարար քանակությամբ վիտամիններ և հակաօքսիդանտներ պարունակող սննդակարգ օգտագործելը, անհրաժեշտության դեպքում` լյուտեինի և որոշ կարևոր վիտամինների պատրաստուկների ընդունումը (բնականաբար, բժշկի խորհրդով):

 

Ինչպե՞ս թուլացնել աչքերի լարվածությունը

 

1.Եթե երկար ժամանակ ստիպված ես նստել համակարգչի առջև, 20 րոպեն մեկ անհրաժեշտ է անել փոքրիկ ընդմիջումներ և կատարել հատուկ վարժություններ: Դրանք շատ պարզ են, սակայն կանոնավոր կատարման դեպքում` բավական արդյունավետ:

  • Հայացքը ուղղեք որևէ հեռավոր առարկայի կամ կետի և 15-20 վայրկյան նայեք այդ առարկային, հետո մի քանի վայրկյան նայեք որևէ մոտիկ կետի: Կրկնեք 4-5 անգամ: Այսպիսով աչքերը կհանգստանան` փոփոխական կենտրոնանալով տարբեր հեռավորությունների վրա:
  • Հաճախ թարթեք. թարթելու ընթացքում աչքերը խոնավանում են:
  • Աչքերը ամուր փակեք և նստեք հանգիստ` դանդաղ հաշվելով մինչև 5-ը: Հետո բացեք աչքերը և նայեք հեռուն, հաշվելով մինչև 5-ը: Կրկնեք 4-5 անգամ:
  • Աչքերով կատարեք 3-4 շրջանաձև շարժումներ դեպի աջ, հետո դեպի ձախ: Վարժությունը կատարեք միջին տեմպով, ոչ` արագ: Հետո թուլացրեք աչքերի մկանները` 1-6 հաշվով նայելով դեպի հեռուն: Կրկնեք 1-2 անգամ:
  • Աջ ձեռքը ձգեք առաջ: Առանց գլուխը շարժելու աչքերով հետևեք ցուցամատի դանդաղ շարժմանը աջ և ձախ, վերև և ներքև: Կրկնեք 4-5 անգամ:
  • 1-4 հաշվով նայեք ձգված ձեռքի ցուցամատին, հետո 1-6 հաշվով հայացքն ուղղեք հեռուն: Կրկնեք 4-5 անգամ:

 

2. Էկրանի ճիշտ դիրքը, որ կապահովի ճիշտ դիտման կետը, նվազագույնի կհասցնի տեսողության լարվածությունը: Եթե ստիպված ես երկար աշխատել համակարգչի առջև, հետևիր, որ մոնիտորի կենտրոնական մասը գտնվի դիտակետից միջինում 50-75 սմ հեռավորության վրա և մոտ 10-12 սմ ցածր:

Ցանկալի չէ էկրանին նայել պառկած դիրքում, ինչպես նաև շարժվող տրանսպորտում. այս պարագայում աչքերը լրացուցիչ լարվում են:

3.Մոնիտորի պայծառ լույսը ավելի է լարում աչքերը, հատկապես երբ նայում ես էկրանին մութ սենյակում: Այսպես անել խորհուրդ չի տրվում: Հնարավորության սահմաններում մի փոքր թուլացրու էկրանի լույսը և կարգավորիր աշխատասենյակի լուսավորությունը:

Մասնագետները միակարծիք են, որ տեսողության համար հատկապես վնասակար է աչքերի ծանրաբեռնումը` արհեստական լույսի տակ, փակ տարածքում: Իսկ որպես տեսողության խնդիրների կանխարգելման կարևորագույն միջոց խորհուրդ է տրվում ապահովել ցերեկային զբոսանքները մաքուր օդին: 🙂

4.Առհասարակ, եթե աշխատում ես ծավալուն տեքստերի հետ, տպիր տեքստը և կարդա թղթից:

5.Գոյություն ունեն աչքերը պաշտպանող հատուկ էկրաններ, որոնք կցվում են մոնիտորին, ինչպես նաև համակարգչով աշխատելու համար նախատեսված հատուկ ակնոցներ: Դրանք բավականին օգտակար են հատկապես այն մարդկանց համար, ովքեր արդեն ունեն տեսողության հետ խնդիրներ:

 

Հիշի՛ր, որ անհրաժեշտ է պարբերաբար ստուգել տեսողությունը` մասնագետ-ակնաբույժին այցելելով, նույնիսկ եթե չունես ակնհայտ խնդիրներ:

Պահպանի՛ր տեսողության հիգիենան, և քո աչքերը քեզանից շատ շնորհակալ կլինեն: 🙂

 

Կազմեց Ե.Մովսեսյանը: