Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Մեր ապրելակերպը և առողջությունը

Վերջին տարիներին տարբեր մասնագետներ խոսում են առողջ ապրելակերպի կարևորության մասին: Փորձենք մանրամասնել, թե ինչ է դա նշանակում և ինչ դեր է խաղում կենսակերպը մեր կյանքում:

Գիտնականները պարզել են, որ մարդու առողջության վրա ազդող տարբեր գործոններից կարևորագույնը առողջական վարքագիծն է և կենսակերպը: Ապացուցված է, որ մեր առողջությունը շուրջ 20%-ով պայմանավորված է ժառանգականությամբ (այսինքն` ծնողներից ստացած գեներով), շուրջ 20%-ով` արտաքին միջավայրի (այդ թվում օդի, ջրի, հողի, կլիմայի, ռադիացիայի և այլ բնական գործոնների, սոցիալական և տնտեսական  պայմանների) ազդեցությամբ, ընդամենը 10%-ով կախված է առողջապահական համակարգի գործունեությունից (բժշկական ծառայություններ), իսկ ամենամեծ մասնաբաժինը` շուրջ 50%-ը կազմում է մարդու կենսակերպը:

Կենսակերպը ներառում է այն ամենը, ինչ մենք սովորաբար անում ենք առօրյայում, և ինչը ազդում մեր առողջության վրա` սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, ծխախոտի և թմրամիջոցների օգտագործումը, ռիսկային, այդ թվում և սեռական վարքագիծը, աշխատանքի, քնի և հանգստի ռեժիմը և այլն:

Դպրոցական տարիքը և հատկապես դեռահասությունը այն ժամանակաշրջանն է, երբ անձը սովորում է պատասխանատվություն ստանձնել սեփական առողջության համար: Այսինքն, գիտակցելով հետևանքները`  մարդն ինքն է պատասխանատու դառնում իր սեփական առողջության համար, սկսած այն բանից, թե ինչ է ուտում, մինչև վնասակար սովորություններից (օրինակ` ծխախոտից) հրաժարվելը: Բացի առողջ սննդակարգից և ամենօրյա ֆիզիկական վարժություններից, առողջ լինելու համար պետք է ունենալ լիարժեք քուն, դրսևորել անվտանգ վարքագիծ, զերծ մնալ վնասակար սովորություններից և իհարկե`պարբերաբար այցելել բժշկի` առողջական խնդիրների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման նպատակով:

Զարգացնելով առողջ կենսակերպի հմտությունները` մարդը նպաստում է ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանմանը, տարբեր հիվանդությունների կանխարգելմանը, ընդհանուր վիճակի և նույնիսկ կյանքի որակի բարելավմանը: Անառողջ կենսակերպի հետ են կապված մի շարք վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են զարգանալ ինչպես դեռահասության տարիքում, այնպես էլ մեծահասակ տարիքում: Նրանց շարքում են քրոնիկական հիվանդութունները` շաքարախտ, արյան բարձր ճնշում, սրտամկանի ինֆարկտ, կաթված (ինսուլտ), որոշ ուռուցքներ և այլն, որոնք մեծ մաս դեպքերում հնարավոր է կանխել ի շնորհիվ առողջ ապրելակերպի:

Ինչ վերաբերում է ռիսկային վարքագծին, այն նաև նպաստում է վնասվածքներից և տարբեր դժբախտ պատահարներից վաղաժամ (ժամանակից շուտ, երիտասարդ տարիքում) մահացության: Մենք ամեն օր լսում ենք ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում տեղի ունեցած մահերի մասին: Բավականին մտահոգիչ և տխուր վիճակագրություն… Եվ պատճառը հաճախ այն է, որ մարդը նստում է մեքենայի ղեկին հարբած վիճակում, չի կապում ամրագոտին, գերազանցում է թույլատրելի արագությունը և խախտում է երթևեկության կանոնները` վտանգելով ոչ միայն իր սեփական, այլ նաև ուրիշների կյանքը:

Իսկ երիտասարդներից քանի՜սն են դառնում թմրամոլ, կատարում օրինազանց արարքներ և մահանում թմրամիջոցների գերդոզավորումից` կործանելով իրենց կյանքը և դժբախտացնելով իրենց ծնողներին և հարազատներին: Դու հնարավոր է լսած լինես, որ ծխելու հետևանքներից մահացել է ավելի շատ մարդ, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Իսկ Mashable տեղեկատվական պորտալը հաղորդեց, որ 2015 թ.-ին սելֆի անելուց մահացել է ավելի շատ մարդ, քան շնաձկների հարձակումներից:  🙂

Ուրեմն, մի պահ կա՛նգ առ և մտածի՛ր: Եվ արդեն վաղվանից փորձիր սկսել ապրել ավելի առողջ կենսակերպով: 

Մի կարևոր հուշում. այդ ճանապարհը ավելի հեշտ է անցնել համախոհների և ընկերների հետ միասին:

Իսկ թե ինչպե՞ս դա անել, կարող ես իմանալ այս կայքից կամ հարցնել մասնագետներին:

 

Նկարը վերցրել ենք այստեղից:

Կազմեց Ե.Մովսեսյանը: