Ինչպե՞ս պահպանել ուղեղի ֆունկցիան

Հայտնի է, որ տարիքի հետ նոր բաներ սովորելու ունակությունները պակասում են, թուլանում է հիշողության ֆունկցիան, ընկալելու և արագ արձագանքելու հմտությունը: Փոքր երեխայի ուղեղը շատ ճկուն է, շատ ակտիվ զարգանում է, և նա սպունգի նման «ներքաշում» է ինֆորմացիան: Այդ պատճառով էլ 0-ից մինչև 3 տարեկան հասակը մասնագետները համարում են «հնարավորությունների պատուհան», երբ վաղ միջամտությունը նոր բաներ սովորեցնելու իմաստով կարող է մեծ արդյունք տալ:
Հետագա տարիներին, հատկապես դպրոցական և ուսանողական տարիքում, միջինում մինչև 20-25տ., սովորելու, նոր հմտություններ ձեռքբերելու գործընթացները շատ հեշտ են տեղի ունենում, դրվում է ակադեմիական գիտելիքների հիմքը: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ մարդը չի կարող նոր բան սովորել 25-30տ.-ից հետո: Տարբերությունը դրանում է, որ հասուն մարդն ուղղակի պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի` համեմատած դպրոցականի հետ: 🙁
Իհարկե, պետք է հասկանալ, որ տարիքի հետ զարգանում և կատարելագործվում է կրիտիկական մտածողությունը, ինֆորմացիան վերլուծելու ունակությունը, իսկ դրանք չափազանց կարևոր հմտություններ են: Բացի այդ, հասուն մարդը սովորում է իր սեփական և ուրիշների փորձի և սխալների վրա: Այդ պատճառով են ասում, որ հասուն տարիքում մարդը դառնում է փորձառու և իմաստուն: Իսկ դեռահասները, ավա՜ղ, դեռ անելու են շատ սխալներ իրենց մեծանալու ընթացքում:
Վերադառնանք մեր ուղեղին: Եվ այստեղ ունենք լավ լուր նաև հասուն մարդկանց համար 🙂 Մասնագետները պարզել են, որ հնարավոր է մինչև խորը ծերություն պահպանել կոգնիտիվ ֆունկցիան` ուղեղի նորմալ աշխատանքը և լավ հիշողությունը, և նույնիսկ կանխարգելել ծերունական թուլամտությունը (Ալցհեյմերի հիվանդություն)` հետևելով մի քանի պարզ խորհուրդներին.
- Կանոնավոր «մարզել» ուղեղը` լուծելով տարբեր խնդիրներ
- Ճիշտ սնվել`օգտագործելով կարևոր հակաօքսիդանտներ, միկրոտարրեր և վիտամիններ
- Լինել ֆիզիկապես ակտիվ:
Ինչպես պարզեցին Լոնդոնի համալսարանի հետազոտողները` ակտիվ սոցիալական կյանքը ևս բարենպաստ ազդեցություն է թողնում ծերացող ուղեղի ֆունկցիայի վրա: Ուրեմն` հաճախ հանդիպեք ընկերների և հարազատների հետ:
Հետազոտությունները ապացուցել են, որ մեր ուղեղի բջիջները կարող են զարգանալ նույնիսկ հասուն տարիքում և վերականգնվել վնասվելուց հետո, իսկ տարբեր ինտելեկտուալ գործառույթներ կարելի է վարժեցնել և պահպանել մինչև խորը ծերություն:
Իսկ այսպես, ուղեղի աշխատանքի և հիշողության լավացման համար.
- խաչբառ, գլուխկոտրուկներ և սուդոկու լուծեք
- նոր բառեր սովորեք օտար լեզվով
- կարդացեք գրքեր, ամսագրեր
- ձգտեք սովորել մի նոր բան և նոր հմտություններ ձեռք բերեք
- անգիր սովորեք Ձեր սիրելի բանաստեղծությունը
- փորձեք հիշել ամենահաճախ օգտագործվող հեռախոսի համարները
- վավերագրական ֆիլմեր դիտեք Ձեզ հրապուրող թեմայի վերաբերյալ
- ամիսը նվազագույնը մեկ անգամ թանգարան գնացեք
- այցելեք նոր վայրեր, ճանապարհորդեք և ստացեք նոր, վառ տպավորություններ:
Մարզե՛ք ձեր ուղեղի բջիջները և դանդաղեցրեք ուղեղի ծերացումը`ամեն օր մարտահրավեր նետելով Ձեր ուղեղին:
Կազմեց Ե. Մովսեսյանը: