Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Գեղեցիկ կազմվածք, թե՞ առողջ մարմին. ո՞րն է ավելի կարևոր

Մի քանի ավելորդ կիլոգրամներ ծովափնյա հանգստի սեզոնից կամ տղայի հետ սպասվող հանդիպումից առաջ... Այս նորությունը դժվար թե մեկին կարող է ուրախացնել: Ուրիշ հարց է, թե դա ինչպե՞ս ընդունել և ի՞նչ անել: Փորձենք հասկանալ միասին:

Բոլոր երեխաները ծնվում են մոտավորապես իրար նման` համով բալիկներ թմբլիկ թաթիկներով և տոտիկներով, հետո էլ լավ ուտելու արդյունքում աճեցնում են կլորիկ թշեր: Մեծացմանը զուգահեռ մեր մարմինը փոխվում է և բոլորիս մոտ տարբեր ձևով: Բայց ոչ մի տարիքում մարդիկ այնքան կասկածներ և անվստահություն չեն զգում սեփական մարմնի և կազմվածքի պատճառով, ինչպես դեռահասության շրջանում:

Հորմոններն անում են իրենց գործը. մեկը շատ արագ բոյովանում  է, մյուսն արդեն խոսում է ցածր և կոշտ ձայնով, մեկ ուրիշի մոտ էլ ոչ թե 2, այլ 5 ավելորդ կիլոգրամ տեղավորվում է փորի, հետույքի կամ ազդրերի շրջանում: Եվ ոչ մի դիետա կամ նույնիսկ քաղցած մնալը չի ազդում այս (ավելորդ համարվող) կիլոգրամների և սանտիմետրերի վրա: Իսկ ի՞նչ անել:

Եվ առաջանում է հանդիպական հարց. իրականում արժե՞ մի բան անել այդ ավելորդ կիլոգրամների կամ սանտիմետրերի հետ: Իսկ դու ինչի՞ց ենթադրեցիր, որ քո կազմվածքը կամ մարմինը գեղեցիկ չէ և կարիք ունի լավացման: Որտեղի՞ց է առաջացել այս կարծիքը: Չէ՞ որ գեղեցկությունը շատ հարաբերական բան է և կախված է դիտողի վերաբերմունքից: 

Վերադառնանք փոքր երեխաներին: Ծնված օրվանից սկսած նրանք ուսումնասիրում են իրենց ձեռքերն ու ոտքերը, մարմնի մյուս մասերը, դեմքը: Առանց քննադատելու, ուղղակի ուսումնասիրում են այն, ինչ ունեն, ինչպիսին որ կա:  Բայց, մեր ծնողների, շրջապատող մարդկանց, բուժաշխատողների և հասարակության կարծիքի ազդեցության տակ մենք աստիճանաբար սկսում ենք  ավելի ու ավելի մեծ կանխակալությամբ վերաբերվել մեր մարմնին: Եվ ժամանակի ընթացքում գալիս ենք այն կարծիքի կամ նույնիսկ համոզման, որ մեր հետ «ինչ-որ մի բան այնպես  չէ», և դա պետք է շտկել:

Այո՛, աղջիկները դեռահասության տարիքում առաջին դաշտանից առաջ հավաքում են որոշակի քաշ: Շատերը չգիտեն, որ դա նորմալ և լրիվ բնական երևույթ է: Բայց երբ որոշ անտեղյակ մարդիկ սկսում են ռեակցիա տալ և դիտարկել քաշի ավելացումը իբրև խնդիր,  և դեռահասներն սկսում են ծաղրել,  աղջիկը դիմում է իր առաջին դիետայի օգնության: Եվ հաճախ մայրիկը կամ աղջկա համար կարևոր ուրիշ մեկն աջակցում է նրան այդ որոշման մեջ:

Կլինիկական հոգեբան Անիտա Ջոնստոնը իր «Ուտելը լուսնի լույսի տակ» գրքում գրում է.

«Ինչպես որ հին ժողովուրդների մոտ կար հատուկ ռիտուալ` դեռահաս աղջիկների առաջին դաշտանն ազդարարելու և նրա կին դառնալը տոնելու համար, այնպես էլ ժամանակակից հասարակությունում կա հատուկ ռիտուալ, կապված դեռահաս աղջիկների մեծացման և կնոջ կյանք մտնելու հետ: Այն կոչվում է դիետա»:

Իրականում, դիետաների հետ պետք է լինել զգույշ, հատկապես դեռահասության տարիքում: Իհարկե, որոշակի մթերքներ (հատկապես «ֆաստ ֆուդ» և լիմոնադ) չարաշահել պետք չէ, բայց լրիվ հրաժարվել, օրինակ` ճարպերից և ածխաջրատներից, ինչպես դա հաճախ անում են նիհարող աղջիկները, չի՛ կարելի:

Քաշի ավելացման հետ աղջիկների մոտ մեծանում է կուրծքը և կլորանում են ազդրերը, բացի այդ աղջիկներն ակամայից դառնում են անցանկալի «սեռական բնույթի» հետաքրքրության առարկա` փողոցում անծանոթ տղամարդկանց, եղբոր ընկերների կամ համադասարանցիների կողմից… Եվ արդյունքում, աղջկա գլխավոր մտահոգությունն է դառնում մի բան, ինչքանով է նա համակրելի ուրիշների համար:

7035440467_72ba6c68ea_o

Քերոլայն Կնապը «Ախորժակներ» գրքում նշում է.

«Մենք ուղղում ենք մեր հայացքը դեպի արտաքին աշխարհ ներքին աշխարհի փոխարեն և սովորում ենք վերապրել մեր մարմինը իբրև մի բան, որն ունի կինը և ոչ թե այն, ինչ նա իրականում հանդիսանում է: Մենք բաժանում ենք մեր մարմինը փոքր մասերի, որոնցից յուրաքնաչյուրը մեկ առ մեկ մանրամասնորեն զննում ենք և համեմատում, ցանկացած թերություն մանրակրկիտ զննվում է և արդյունքում` չափազանցվում… Իմ հետույքը մե՞ծ է: Ինչքանո՞վ տափակ է փորս: Մարդիկ ինձ համարու՞մ են համակրելի: Ես գրավու՞մ են տղաներին»:

Արդյունքում որոշ աղջիկներ այս տարիքում սկսում են հատուկ բծախնդրությամբ հետևել իրենց մարմնի բոլոր փոփոխություններին, փորձում են տարբեր դիետաներ և ֆիզիկական վարժություններ, որպեսզի ձեռք բերեն (կամ պահպանեն) իրենց ցանկալի մարմնակազմությունը:

Հայտնի բլոգեր Վիջի Տովարը գրում է.

«Երբ մարդիկ ասում են, որ ուզում են նիհարել, նրանք հաճախ նկատի ունեն. «Ես ուզում եմ, որ ինձ հարգեն: Ես ուզում եմ սիրված լինել»:

Բայց իրականում, քաշի կորուստը կամ կինոաստղի մարմնակազմությունը դեռևս երաշխիք չէ, որ մեզ կսկսեն հարգել, կամ, ինչն էլ ավելի կարևոր է, որ մենք կսկսենք սիրել և հարգել ինքներս մեզ: 

Հաճախ նույնիսկ տանջող դիետաներից և վարժություններից հետո շատ աղջիկներ, թեկուզ և ստանալով ցանկալի արդյունք և ազատվելով իրենց ավելորդ սանտիմետրերից և կիլոգրամներից, միևնույնը, չեն զգում լրիվ բավարարվածություն: Չէ՞ որ նրանք չունեն ամենակարևորը` սեփական արժեքի զգացումը:

Արժևորել ինքդ քեզ. դա կոշիկի զույգ, ջինսերի չափս և տափակ որովայն չէ: Եվ այն չի չափվում կամ գնահատվում մեզ գրավիչ համարող մարդկանց թվով: Դա այնպիսի մի բան է, որը մարդը զարգացնում և աճեցնում է  իր մեջ, իր խորքում:  Եվ մարմնի ձևն այստեղ ամենակարևորը չէ:

photo-1445384763658-0400939829cd

Որպեսզի խուսափես դիետաներ-ֆիթնես կախվածության անվերջ բոլորաշրջանից և սկսես շարժվել դեպի քո իսկական կերպարը, պետք է կենտրոնանաս քո իրական կարիքների և ցանկությունների վրա: Հարցրա ինքդ քեզ. ի՞նչ է ինձ հաճույք և բավարարվածություն պատճառում: Ինչպե՞ս կցանկանայի ապրել իմ կյանքը: Ինչպե՞ս ես կուզենայի ինքս ինձ դրսևորել այս կյանքում:

Այս դեպքում կարևոր է ոչ միայն հասկանալ, թե ինչ ես ցանկանում, այլ նաև անել կոնկրետ քայլեր, որպեսզի քո բոլոր ջանքերն ուղղես գլխավորին և դադարացնես ուժերիդ վատնումը անպետք մտքերի և գործողությունների վրա:  Այսպես, փորձիր խուսափել որոշակի թեմաներով խոսակցություններից, օրինակ` «ինչպես նիհարել մինչև ամառ», քննարկել ուրիշների մարմինը կամ հերթական դիետան: Իսկ եթե ինչ-որ մեկը մեկնաբանում է քո կազմվածքը կամ սննդակարգը, կարող ես պատասխանել, օրինակ, այսպես` «իմ մարմինն է, ինչ կուզեմ, կուտե՛մ»:

Բնականաբար, մենք բոլորովին էլ չենք խոսում ֆիզկուլտուրայի կամ առողջ սնուցման դեմ, իհարկե ո՛չ: Չէ՞ որ դրանից է կախված քո առողջական վիճակը և լավ ինքնազգացողությունը: Դու վստահաբար հիշում ես, որ մարդու առողջությունը մեծապես պայմանավորվում է նրա կենսակերպով:

Սակայն, եթե դիետայի և 2 ավելորդ սանտիմետրերի մասին մտքերը քեզ տանջում են, դա այն է, ինչի մասին անընդհատ մտածում և խոսում ես, արժե մի պահ կանգ առնել և որոշել, թե արդյո՞ք նիհարելն է քո իրական երազանքը: Թե՞ կիլոգրամների ետևում թաքնված է ուրիշ մի բան. հանդիպել քո կյանքի երազած տղային կամ հայտնվե՞լ Հոլիվուդի աստղերի ցանկում:  Եթե դա այդպես է, ապա հիշիր, որ և՛ տղաները, և՛ Հոլիվուդը գնահատում են այն, ինչ կա մարդու ներսում` անհատի ուժ, տաղանդ, կամք, ականավոր դեմք և անհատականություն լինելու կարողություն: Եվ քո գոտկատեղի շրջանում 2-3 լրացուցիչ (և հաստատապես` ոչ ավելորդ) սանտիմետրերը երբեք չեն հանդիսացել աղջկան չժամադրելու կամ ճանաչված չլինելու պատճառ:  Եվ դրա օրինակները շատ-շատ են:

Եղի՛ր իրական, սիրի՛ր ինքդ քեզ և քո մարմինը, այնպիսին, ինչպիսին այն կա, և այն քեզանից շնորհակալ կլինի: Եվ, հնարավոր է, քո մարմինը ինքնուրույն կբաժանվի ավելորդ սանտիմետրերից, եթե դրանք իսկապես պետքական չեն 🙂

Շնորհակալություն այս կայքին նկարի համար, ինչպես նաև Therese Banström: