Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Քայլ դեպի ապագա. ինչպես ընտրել մասնագիտություն

Հավանաբար շուտով կգա քո կյանքի կարևոր որոշումը կայացնելու պահը: Մասնագիտության և, համապատասխանաբար, համալսարանի ընտրությունը շատ կարևոր նշանակություն ունի: Եթե դեռևս չես կողմնորոշվել այդ հարցում, ներկայացնում ենք մի քանի խորհուրդ:

1. Առանց խուճապի

 

Դու հավանաբար շատ կլսես կարծիք, որ մասնագիտության ընտրությունը ճակատագրական որոշում է, որը մեկ անգամ ես ընդունում, և պետք է դրան լրջորեն վերաբերվել: Անկասկած սա կարևոր որոշում է, և հարկավոր է մտածել դրա մասին: Եթե դեռևս դժվար է կողմնորոշվել, կարիք չկա խուճապի մատնվել: Ամեն դեպքում, այս հարցում չես կարող կոպիտ սխալ թույլ տալ, եթե, օրինակ՝ չես սիրում երկրաչափություն, ուրեմն հաստատ չես ընտրի մաթեմատիկայի ֆակուլտետը: Իսկ ընդհանրապես, դիպլոմում նշված մասնագիտությունը ոչ բոլոր գործատուներին է հետաքրքրում (մանրամասները կներկայացվեն առանձին նյութով): Կարևորը լավ ինքնադրսևորվելն ու լավագույն որակները ցույց տալն է: (Հաղորդակցման հմտությունների մասին կարդա այստեղ):

 

2. Դպրոցական առարկաների բազմազանությունը

 

Հաճախ են հնչում բողոքներ դպրոցական առարկաների և յուրաքանչյուր առարկայից հանձնարարվող առաջադրանքների բազմազանության մասին: Ընտրություն կատարելիս օգտագործիր այս հանգամանքը: Ուշադրություն դարձրու այն առարկաների վրա, որոնք քեզ դուր են գալիս և զարգացրու գիտելիքներդ առաջին հերթին այդ ուղղությամբ:

 

3. Հոբբի կամ սիրած զբաղմունքի նշանակությունը

 

Հաշվի առ քո նախասիրությունները: Եթե շատ ես սիրում պարել, ուրեմն ընտրիր պարուսույցի մասնագիտությունը: Այն ոլորտը, որտեղ միշտ ուզում ես կատարելագործվել, քեզ հաճույք կպատճառի: Եթե նույնիսկ քո ապագա մասնագիտությունը ոչ մի ընդհանուր բան չունի քո սիրած զբաղմունքի հետ, մի՛  վհատվիր և մի՛ հրաժարվիր դրանից: Հոբբին օգնում է զարգանալ և հաղթահարել աշխատանքի հետ կապված դժվարությունները: Երբեմն էլ մարդիկ այնքան իմաստուն են գտնվում, որ իրենց հոբբին դարձնում եմ բիզնես և համատեղում այն աշխատանքի հետ:

 

4. Խուսափիր ճնշումներին ենթարկվելուց

 

Ապագա մասնագիտությունը պետք է բացառապես քո ընտրությունը լինի և ոչ ոք չի կարող դա անել քո փոխարեն՝ ո՛չ ծնողները, ո՛չ ընկերները, ոչ էլ ուսուցիչները: Այս իրավիճակում հարկավոր է ցույց տալ համառություն և վճռականություն. լսիր բոլոր կարծիքները, համաձայնիր կամ ոչ՝ արտահայտելով և փաստարկելով քո մոտեցումը:

 

5.Դժվար ընտրություն

 

Եթե արդեն պատկերացնում ես քեզ որոշ ոլորտներում, բայց ոչ մի կերպ չես կարողանում վերջնականորեն կողմնորոշվել, ապա կարող ես մի թղթի վրա նշել դրանցից յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները: Սա կօգնի մտքերը դասավորել և արագ որոշում կայացնել:

 

Մտերիմներիդ խնդրիր պատասխանել հետևյալ հարցերին.

  • Քո կարծիքով ինձ մոտ ի՞նչն է լավ ստացվում:
  • Քո կարծիքով ո՞ր որակներն են օգնում ինձ առաջ գնալ:
  • Ի՞նչ կուզես, որ դառնամ 5 տարի անց:
  • Ե՞րբ ես հպարտանում ինձնով:

Որոշ պատասխաններ կարող են բացահայտումներ լինել, և չի բացառվում, որ օգնեն այլ կերպ գնահատել սեփական անձը:

 

Գոյություն ունեն հատուկ հոգեբանական թեստեր, որոնք օգնում են կողմնորոշվել մասնագիտության հարցում:

Նաև ստեղծվել են հատուկ համակարգչային ծրագրեր, որոնք ևս օգտակար են մասնագիտական կողմնորոշման համար. դու նշում ես այն առարկաները, որոնցից պետք է քննություն հանձնես, իսկ ծրագիրը որոշում է, թե այդ քննությունների արդյունքներով որտեղ կարող ես ընդունվել և ինչ հնարավոր մասնագիտություններ ձեռք կբերես: 

Մասնագիտություն ընտրելիս կարևոր է հետևել սրտի թելադրանքին: Եթե չսիրես աշխատանքդ, երբեք բավարարվածության զգացում չես ունենա: Լսիր քո ներքին ձայնին և մտածիր՝ իրականում ինչով ես ուզում զբաղվել: Ինչը կխթանի քո մեջ աճելու, զարգանալու, նոր բարձունքների ձգտելու ցանկությունը: Ինչն է քեզ հետաքրքրում կամ ինչն է հեշտ տրվում: Այս հարցերի անկեղծ պատասխանները կփարատեն ավելորդ կասկածներն ու անհանգստությունը:

 

Ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն ասել է. «Ապագայի մասին մտածելիս, ես միշտ մի բան եմ կրկնում. ինչ էլ որ անես կյանքում, կարևորը մինչև վերջ գործին նվիրվելն է»:

 

Նկարի համար շնորհակալություն այս աղբյուրին:

Հոդվածի կազմող` Սվետլանա Վերտոլա: