Ինչպես սովորել սիրել սեփական մարմինը (մաս 1)
Ինչպե՞ս փոխել վերաբերմունքը սեփական մարմնի հանդեպ և գնահատել քո անհատականությունը:
Նախ պարզենք խնդրի առաջացման պատճառները:
Որտեղի՞ց է գալիս սեփական մարմնի բացասական ընկալումը
Մարդիկ միշտ փորձում են համեմատել իրենց մարմինը գործող էսթետիկ մի մոդելի` այսպես կոչված «իդեալական» կազմվածքի հետ: Պետք է գիտակցել, որ տարբեր ժամանակներում այդ իդեալական պատկերները բավականին տարբեր են եղել. Վերածննդի ժամանակաշրջանում նկարիչներ և արվեստագետներ գովերգում էին շատ կանացի, նույնիսկ գեր մարմինը: Վիկտորիական ժամանակաշրջանում գեղեցիկ էր համարվում ավազի ժամացույց նմանեցնող մարմինը: 20-րդ դարում նորաձև դարձավ նիհար և տափակ, «պատանեական» կազմվածքը: Բնականաբար, միշտ եղել են մարդիկ, ովքեր չեն համապատասխանել այդ պահանջներին ☺️
Այսօր մենք ապրում ենք Ինստագրամի, Թվիտերի և այլ սոց.ցանցերի ժամանակաշրջանում, երբ նորաձև միտումները վայրկյանական տարածվում են աշխարհով մեկ: Այդ նորաձև միտումներն ամենուրեք են, շրջապատում են մեզ և կարող են շատ բացասական ձևով ազդել մեր տրամադրության և սեփական մարմնի ընկալման վրա` առաջացնելով տարբեր բարդույթներ և բացասական վերաբերմունք, հատկապես երբ մենք չենք համապատասխանում կոնկրետ չափանիշներին 🙁
Երկրորդը` մարդու կյանքի պատմությունը ևս մեծ ազդեցություն ունի: Խնդիրներն առաջանում են, եթե փոքր տարիքից ծնողները երբեք չեն գովել երեխային, հաճոյախոսություններ չեն արել կամ առավել ևս` ասել են, որ նա գեղեցիկ չէ: Այսպիսով, ծնողները ձևավորում են երեխայի վերաբերմունքը սեփական արտաքինի հանդեպ, և նա մեծանում է ցածր ինքնագնահատական ունենալով: Արդյունքում մարդը ձևավորվում է համոզված լինելով, որ տգեղ է և անպետք 🙁
Ինչպե՞ս կարելի է ուշադրություն չդարձնել սեփական արտաքինի անհամապատասխանությանը գործող չափանիշներին:
Եթե դու քեզ համարում ես սովորական մարդ, ընդհանուր առմամբ առողջ ես, ապա պատասխանը շատ պարզ է` անհրաժեշտ է ձեռք բերել ինքնավստահություն: Հայտնի են տարբեր հարցումներ, որոնց շրջանակներում առաջարկվել է մատնանշել հակառակ սեռի ներկայացուցիչների ամենակարևոր հատկանիշները: Տղամարդիկ գրեթե միշտ ընտրում էին ինքնավստահությունը: Իսկ դա նշանակում է, որ ցանկացած արտաքին տվյալներ ունեցող աղջիկ կամ կին, ով գիտի, թե իրեն ինչպես ներկայացնել, խնամված է, ունի գեղեցիկ շարժուձև և ամենակարևորը` ինքնավստահ է, շատ մեծ հավանականությամբ գրավում է ուրիշների ուշադրությունը և թողնում է գրավիչ մարդու տպավորություն: 🙂
Կանայք այդ ցուցակից ևս բավականին հաճախ ընտրում են ոչ թե հաղթանդամ, մկանուտ մարմինը, այլ ինքնավստահությունը: Ուրեմն, նույնիսկ, եթե դու ունես ավելցուկային քաշ, ծուռ ոտքեր կամ մեծ քիթ, դա այդքան էլ կարևոր չէ, եթե դու ինքնավստահ և կայացած անձնավորություն ես:
Միշտ հաշվի առ, որ տարբեր մշակույթներում էսթետիկ պատկերացումները և գեղեցկության չափանիշները տարբերվում են: Ուրեմն, պետք է ձգտել ունենալ առողջ մարմին, բայց ոչ` դնել անհասանելի նպատակներ:
Ինչպե՞ս հաղթահարել անհանգստությունը և ամաչկոտությունը առաջին ժամադրության ընթացքում
Եթե դու ճանաչում ես այն աղջկան կամ տղային, ում հետ հանդիպելու ես, ապա արդեն ունես որոշակի վստահություն նրա հանդեպ:
Իհարկե, ամեն ինչ տարբեր է լինում: Սակայն, եթե դու շատ անհանգիստ ես, արդյոք բավարար գեղեցիկ ես ընկերոջդ/ ընկերուհուդ համար, արդյոք նրան չի վատնի որևէ բան քո արտաքինում, ապա պետք է խնդրի լուծման ուղղությամբ աշխատես նախապես: Մտածիր քո հագուստի, սանրվածքի և պահելաձևի մասին, որպեսզի թողնես լավ տպավորություն 🙂
Եթե քո զուգընկերը քեզ լավ է վերաբերվում, դրական է տրամադրված, ապա նա քեզ միշտ կլսի և կօգնի: Առհասարակ, մարդկանց անկեղծ զրույցը և հնարավոր խնդիրների մասին խոսելը շատ կարևոր է ցանկացած հարաբերություններում: Եթե շատ ամաչում ես կամ քաշվում, կարող ես անկեղծ ասել այդ մասին: Բոլորովին պետք չէ լարվել և անհանգստանալ, աշխատիր լինել անկաշկանդ և չձևացնել քեզ այլ մարդ:
Պատահում է այնպես, որ նախկինում ունեցել ես բացասական փորձ, երբ քո մասին ասել են տհաճ բաներ, նույնիսկ ծաղրել կամ նվաստացրել են 🙁 Ինչպե՞ս հաղթահարել այդ տհաճ հույզերը և հիշողությունները:
Նախ իմացիր, որ տարբեր մարդիկ ունեն տարբեր նախասիրություններ և ճաշակ: Եթե ինչ-որ մարդ քեզ դուր չի գալիս և չի համապատասխանում` իր արտաքին տեսքով կամ վարքագծով, դա բոլորովին չի նշանակում, որ մյուսների հետ նույնն է լինելու:
Իսկ առհասարակ որևէ մեկի արտաքինի մասին բացասաբար արտահայտվելը շատ տգեղ բան է և խոսում է մարդու վատ դաստիարակության մասին: Նույնիսկ եթե դուք շատ մտերիմ եք, չարժե բացեիբաց ասել մարդու ֆիզիկական առանձնահատկության մասին, չէ՞ որ այդպես կարելի է խիստ վիրավորել մարդուն: Վերջիվերջո, եթե դու ֆիզիկապես չես կարող հանդուրժել ուրիշին, կարելի է ասել այդ մասին շատ նրբանկատ ձևով, օրինակ, որ դու չես կարող հանդիպել այդ մարդու հետ կամ պատճառաբանել մերժումդ այլ կերպ:
Շարունակելի…
Նյութի և նկարի աղբյուր` https://ology.sh/healthygrowth/strakh-svoego-tela/