Ինչպե՞ս պատասխանել քննադատությանը
Երիտասարդ տարիքը փորձարկումների ժամանակաշրջան է, որոնք ուղղված են սեփական «ես»-ի, սեփական անձի, արժեքների, կյանքի ուղու փնտրտուքներին: Եվ երբ այս խրթին ճանապարհին ստիպված ես լինում բախվել անհասկացողության և քննադատության հետ, մնալ հանգիստ և ժպիտով պատասխանել կողքինների հարձակումներին շատ բարդ է և պահանջում է մեծ ջանքեր:
Իհարկե, հորմոնալ փոփոխությունների պատճառով քո, ինչպես և շատ դեռահասների տրամադրությունը շատ անկայուն է, իսկ ինքնահաստատվելու և ամեն ինչ փորձարկելու պատճառով քո արարքների դիմաց հաճախ լսում ես քննադատական խոսքեր… Բայց միևնույն է, դու կարող ես սովորել, թե ինչպես տիրապետել ինքդ քեզ և նորմալ հաղորդակցվել շրջապատողների հետ:
Բոլորն էլ վիրավորանք և դառնություն են զգում, հատկապես երբ քննադատում են ամենամտերիմ մարդիկ` ծնողները: Համարվում է, որ ընտանիքում կարելի է պատսպարվել շրջապատող աշխարհից: Բայց իրականում հաճախ բարեկամները իրար ասում են այնպիսի բաներ, որ չէին ասի օտար մարդուն, երբեմն ավելացնելով որպես արդարացում. «Դու գիտե՛ս, որ ես դա ասում եմ, քանի որ սիրում եմ քեզ»: Եվ երբ դու ինչ-որ բան արեցիր, որը քեզանից շատ ջանքեր պահանջեց (կապ չունի` ճաշից հետո ամանները լվացիր կամ քիմիայից ստացար գերազանց գնահատական), իսկ գովաբանության փոխարեն լսում ես. «Վերջապե՜ս», հեշտ չէ զսպել ինքդ քեզ և չվիրավորվել: Կամ պատկերացրու, որ փորձել ես մի փոքր նիհարել` ավարտական երեկոյին գեղեցիկ զգեստ հագնելու համար, սահմանափակել ես քաղցրավենիքի օգտագործումը և օրական 3-4 հատ շոկոլադե կոնֆետների փոխարեն ուտում ես ընդամենը մեկ բանան (այն էլ ինքդ քեզ նախատելով), և բարոյական աջակցության փոխարեն լսում ես չար խոսքեր. «Ահա՜, տեսնում եմ, դու նորից ուտում ես, մի բան, որ մոտդ շատ լավ է ստացվում»: Համաձայնվիր, որ դա շատ վիրավորական է:
Պաշտպանվելով այս տեսակի քննադատությունից և հետագա «բարի» խորհուրդներից` կարող ես հայտվել հարվածների և հակահարվածների արատավոր շրջանում: Բարեբախտաբար, կան հարձակումներից պաշտպանվելու եղանակներ` առանց սեփական պատիվը կորցնելու: Երբ հաջորդ անգամ դառնաս քննադատության օբյեկտ, փորձիր հետևել հոգեբանների խորհուրդներին:
Հնարավոր է, դպրոցում դասատուն քեզ հետ արդար չվարվեց, որովհետև առավոտյան տանը վիճել էր ամուսնու կամ իր երեխայի հետ: Շտապող վարորդը, անքաղաքավարի կտրելով ուրիշ մեքենաների ճանապարհը, իրականում չէր ուզում վատություն անել մյուսներին, նա պարզապես շտապում է հիվանդ երեխայի մոտ: Թույլ տուր, զիջիր, որ նա արագ անցնի և հեռանա: Փորձելով հասկանալ նրանց, ում խոսքերը քեզ ցավ պատճառեցին, դու ավելի հեշտ կտանես քո վիրավորանքը:
Օրինակ` «Եթե ինձ սիրեիր, արդեն դա կանեիր…» մեղադրանքին կարող ես պատասխանել. «Եվ ե՞րբ որոշեցիր, որ քեզ չեմ սիրում»:
Կարելի է խնդրել մարդուն բացատրել մեկնաբանության կամ քննադատության իմաստը. «Ի՞նչ նկատի ունեք» կամ «Ես ուզում եմ ստուգել, ինչքանով ճիշտ եմ ձեզ հասկացել»: Հենց որ քննադատող մարդը զգա, որ նրա խաղը բացահայտվեց, նա, շատ հավանական է, քեզ հանգիստ կթողնի: Չէ՞ որ դու նրան «բռնացրիր», իսկ դա միշտ էլ ամոթ է:
Վիրավորող նկատողությունն այնքանով է ուժեղ, ինչքանով մենք ինքներս ենք այն կարևորում և օժտում ուժով: Համաձայնվելով քննադատության հետ, մենք վիրավորողի ձեռքերից խլում ենք նրա «զենքը»:
Եթե դու, ամենայն հավանականությամբ, դեռ չես կարող ներել, զրուցակցիդ ցույց տուր, որ նրա նկատողությունը լսել ես, բայց պատասխան չես տալու: Մյուս անգամ, երբ քո հասցեին վիրավորանք կհնչի, ձևացրու, որ քեզ դա բոլորովին հետաքրքիր չէ և չի էլ հուզում: Կարող ես հորանջել և շրջվել, կարծես թե ասելով. «Ու՞մ է դա հուզում»: Երբ քեզ նեղացնողը տեսնի, որ իր ծաղրանքը և խայթերը տեղ չեն հասնում, նա, որպես կանոն, կնահանջի:
– 10% դեպքերում պարզվում է, որ գնված ապրանքը ուրիշ խանութում ավելի էժան է:
– 10% դեպքերում այն առարկան, որը ժամանակավոր տվել ես ուրիշին օգտագործելու նպատակով, վերադարձվում է վնասված:
– 10% դեպքերում նույնիսկ մեր ամենամտերիմ ընկերը կարող է մի բան ասել առանց մտածելու և հետո զղջալ ասածի համար:
Մի խոսքով, պետք չէ լինել չափազանց նեղացկոտ: Երբեմն այն, ինչ թվում է վիրավորական, իրականում ասվել է կամ արվել է առանց նեղացնելու նպատակի և զուտ անհասկացողության պատճառով: Մշտապես պաշտպանվողի դիրքում գտնվելը մարդուց շատ ուժ է խլում: Փորձիր ներել և արդյունքում կստանաս պակաս թվով վիրավորանքներ և անախորժություններ:
Իհարկե, տարբեր իրավիճակներում կարող ես կիրառել համապատասխան հնարքներ: Դրանց ընտրությունը կախված է կոնկրետ իրավիճակից, տարբեր հանգամանքներից, վիրավորանքին նախորդած իրադարձություններից և քեզ վիրավորող անձից:
Երբ մի մարդ վիրավորել էր Բուդդային, նա պատասխանեց. «Տղա՛ս, եթե մեկը հրաժարվի ընդունել նվերը, այս դեպքում ու՞մ է այն պատկանում»: «Նրան, ով նվիրում է», պատասխանեց մարդը: «Ուրեմն այսպես», շարունակեց Բուդդան. «ես հրաժարվու՛մ եմ ընդունել քո վիրավորական խոսքերը»:
Մեզ շրջապատող մարդկանց մեջ կան մարդիկ, ում դուր է գալիս վիրավորել ուրիշներին ինքնահաստատվելու համար: Մի՛ ընդունիր և քեզ մի վերագրիր վիրավորանքը: Անուշադրության մատնելով` դու չես փչացնում տրամադրությունդ, անիմաստ ուժերդ չես ծախսում կռվելու վրա և արդյունքում` կյանքդ ավելի ուրախ ես դարձնում: