Ի՞նչ անել դպրոցից հետո
Եվ այսպես, ինչի՞ց սկսել, ինչպե՞ս կողմնորոշվել:
Դպրոցից հետո դու ունես մի քանի տարբերակ: Դու կարող ես.
- միանգամից «մտնել մեծահասակ կյանք» և անցնել աշխատանքի,
- «դադար» վերցնել (տարեկետում, «gap year»), այսինքն մեկ տարվա ընթացքում մի լավ մտածել ապագայի մասին, ծանոթանալ տարբեր բնագավառների հետ` ինքդ քեզ լավ ճանաչելու և հասկանալու համար` ինչ ես ուզում անել քո հետագա կյանքում,
- ընդունվել համալսարան, այլ բարձրագույն ուսումնական հաստատություն (ԲՈւՀ) կամ միջին մասնագիտական հաստատություն:
Բոլոր տարբերակները ունեն և՛ առավելություններ, և՛ թերություններ:
1. «Մնաս բարով, ուսում, բարև՛, մեծահասակ կյանք»
Առավելություններ`
- Դու տարիներ չես ծախսում սովորելու վրա:
- Կարող ես անմիջապես անցնել աշխատանքի ամբողջ դրույքով և վաստակել քո ապրուստի միջոցները:
Թերություններ`
- Ոչ բոլոր գործատուները վերցնում են աշխատանքի առանց բարձրագույն կրթության (նաև աշխատանքային փորձի) երիտասարդների: Առնվազն պահանջվում է տեղեկանք, որ սովորում ես ինստիտուտում/ համալսարանում:
- Պետք է հստակ կողմնորոշվել, թե որ ուղղությամբ ես առաջ գնալու քո կարյերայում և զարգանալու, որպեսզի հետագայում ունենաս լավ պաշտոն և գումար աշխատելու հնարավորություն:
2. «Տարեկետում»/Gap Year
Առավելություններ`
- Եթե դու դեռ չես կողմնորոշվել, թե ինչով ես զբաղվելու դպրոցից հետո և որ ոլորտն է քեզ հետաքրքրում, սա ամենալավ տարբերակն է: Ի դեպ, այդպես անում են շատ երկրների երիտասարդներ: Դու կունենաս մեկ տարի, որի ընթացքում կզբաղվես քո ուզած գործերով` կաշխատես, կմասնակցես տարբեր դասընթացների, կմիանաս կամավորական շարժմանը, կճանապարհորդես և այլն: Դա քեզ կօգնի դառնալ ավելի հասուն անձնավորություն, կողմնորոշվել քո կյանքի հետագա ճանապարհի վերաբերյալ` ապագայի մասին ավելի ճիշտ և տեղեկացված որոշում կայացնելու համար:
- Դու կարող ես օգտագործել այդ տարին քո գիտելիքների բացերը լրացնելու կամ առանձին ոլորտներում կատարելագործելու համար: Չե՞ս սիրում մաթեմատիկա կամ պատմություն: Մեկ տարին բավական է, որ դու մի լավ պարապես: Ցանկության պարագայում` կարող ես գրանցվել դասընթացի. նոր հմտությունները, նոր ծանոթությունները և փորձի ձեռքբերումը երաշխավորված է:
Թերություններ`
- Ոչ բոլորն ունեն բավարար ֆինանսական միջոցներ «տարեկետում» վերցնելու համար: Չէ՞ որ դասընթացները, սեմինարները, ճանապարհորդությունները պահանջում են միջոցներ, և քո փոխարեն ստիպված պետք է վճարեն ծնողներդ, ում դեռ պետք է համոզել այդ տարեկետման անհրաժեշտության մեջ: Կամ պետք է փորձես գտնել աշխատանք` գոնե որոշ չափով ապահովելու քո ապրուստը այդ ընթացքում:
- Պետք է ունենալ կամքի ուժ, որպեսզի իզուր չվատնես այդ տարին, քանի որ ժամանակը շուտ է անցնում, և եթե դու չզբաղվես օգտակար գործով, ոչ մի օգուտ չես քաղի և պարզապես կկորցնես թանկ ժամանակդ:
3. Շարունակել ուսումը
Առավելություններ`
- Դու ստանալու ես ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնագիտական գիտելիքներ, որոնք քեզ թույլ կտան գլուխ հանել տարբեր ոլորտներից և կպատրաստեն ապագա աշխատանքի և հետագա կյանքի:
- Ձեռք կբերես նոր ծանոթներ և ընկերներ:
- Կունենաս բարձրագույն կամ մասնագիտական կրթության դիպլոմ, ինչը թույլ կտա հավակնել ավելի լավ աշխատանքի և առաջընթաց ունենալ հետագա կարյերայում:
Թերություններ`
- Ընտրության դժվարություն` ո՞ր ինստիտուտը/ համալսարանը ընտրել, ի՞նչ մասնագիտություն, ո՞ր քաղաքում:
- Եթե դու սովորում ես ոչ քո ուզած մասնագիտության գծով կամ համոզված ես, որ այն քեզ պետք չի գա հետագա կյանքում, և դու այդ ոլորտում չես աշխատելու, ապա կա վտանգ, որ իզուր կծախսես քո կյանքի ամենալավ տարիները:
Ուրեմն…
Ինչ որոշում էլ ընդունես, հիշի՛ր, որ դա պետք է լինի քո սեփական, իրազեկված որոշումը: Նախապես պարտադիր խորհրդակցիր ծնողներիդ, բարեկամներիդ, ընկերներիդ, ուսուցիչներիդ հետ, բայց աշխատիր ընդունել քո սեփական որոշումը:
Եվ իմացիր, որ դու միշտ էլ կարող ես «շտկել քո կյանքի սցենարը»` փոխել մասնագիտությունը կամ ԲՈւՀԸ, թողնել ուսումը կամ հակառակը` ընդունվել, փորձել ուժերդ այլ բնագավառում…
Մարդը մշտապես գտնվում է սեփական «ես»-ի, ցանկությունների ու հնարավորությունների, իր ուղու փնտրտուքի մեջ: Որ ուղին էլ ընտրես, հույսով ենք, որ քո մոտ ամեն ինչ կստացվի:
Նկարի համար շնորհակալ ենք այս աղբյուրին, gif- անիմացիայի համար` այս:
Հոդվածը կազմեց Մարյանա Վանդան: