Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցման վարպետ

Մարդը սոցիալական էակ է: Բայց որոշ մարդկանց համար շփումը իսկական տանջանք է: Ինչքան էլ խոսես, միևնույնը քեզ չեն լսում (կամ չեն ցանկանում լսել): Ինչպե՞ս նոր, ավելի բարձր մակարդակի հասցնել շփման ունակությունը: Որպեսզի մեզ լսեն, հասկանան և առհասարակ …

Շփումն այն միջավայրն է, որտեղ ապրում են մարդիկ, և այն «օդը», որը շնչում են:  Մենք շփվում ենք անընդմեջ, նույնիսկ երբ լռում ենք` ժեստերի, շարժումների, դեմքի արտահայտության (միմիկայի) միջոցով: Սակայն շփումը ոչ միայն հաղորդակցվելու, տեղեկություններ և հույզեր փոխանակելու միջոց է, դա իսկական արվեստ է: Եվ ինչպես այլ արվեստներում, լավ արդյունք ստանալու համար նախ պետք է որոշ բաներ սովորել: Ուրեմն, սկսենք հիմունքներից:

Ի՞նչ է արդյունավետ հաղորդակցումը կամ շփումը: Դա այն է, երբ քեզ հասկանում են, իսկ դու հասկանում ես ուրիշներին, կարող ես վստահորեն կիսվել քո մտքերով, կարծիքներով և զգացմունքներով և իհարկե, կարողանում ես վիճահարույց իրավիճակներից դուրս գալ առանց ավելորդ ագրեսիայի և պահպանելով արժանապատվությունը:

Հաղորդակցման մեջ վարպետանալու համար բերենք մի քանի պարզ և շատ արդյունավետ խորհուրդ.

  • Հաղորդակցումը հնարավոր չէ առանց մարդու հետ կոնտակտ հաստատելու: Հետաքրքրվածությունը, զրուցելու և ուշադիր լսելու ունակությունը (նույնիսկ երբ շփումը վիրտուալ է) այն կախարդական փայտիկն է, որը կարող է իսկական հրաշքներ անել:

 

  • Եթե զրուցակցիդ տեսնում ես առաջին անգամ, անպայման հարցրու նրա անունը և կրկնիր այն բարձրաձայն, որ լավ հիշես: Դա հենց այնպես չէ ասվում: Ապացուցված է, որ ոչ բոլորն են ուշադրություն դարձնում այս պարզ հնարքին` խոսելիս զրուցակցի անունը տալը: Բայց դա կարող է արմատապես փոխել ձեր հաղորդակցումը և զրուցակցիդ վերաբերմունքը:
Կարող ես ինքդ փորձել: Զրույցի ընթացքում, անկախ այն բանից, թե խոսում եք առերես, թե սոցիալական ցանցերում` հաղորդագրություններ ուղարկելով, մի քանի անգամ կրկնիր զրուցակցիդ անունը և տես, թե ինչպես կփոխվի նրա վերաբերմունքը: Դու ինքդ կզարմանաս:
  • Վստահություն ներշնչելու համար պետք է նայես զրուցակցի աչքերի մեջ: Չարժե խուսափել տեսողական կոնտակտից, մարդիկ կարող են մտածել, որ դու հետաքրքրված չես զրույցի մեջ կամ թաքցնելու բան ունես: Բայց խորհուրդ չենք տալիս նաև անընդմեջ, առանց թարթելու նայել աչքերի մեջ: Տեսողական կոնտակտի տևողությունը պետք է կազմի ժամանակի մոտ 50%:
Հուշում. Աչքերի մեջ ուղիղ նայելը բավականին դժվար է: Ավելի հեշտ լուծում է` ժամանակ առ ժամանակ հայացքը տեղափոխել զրուցակցիդ աչքերից քթին, ունքերին, շրթերին կամ մազերին:
  • Մարդիկ սիրում են, երբ իրենց ընդօրինակում են: Ուրեմն, պետք է խոսել նույն տեմպով և նույն «ծավալով», ինչպես դա անում է զրուցակիցդ: Բացի այդ, կարող ես ընդունել նրա մարմնի դիրքը նմանակող դիրք (կանգնած կամ նստած ժամանակ): Իսկ որոշակի կարճ մեկնաբանություններ, ինչպես օրինակ` «հա՛, հասկանում եմ», «ճի՛շտ է», «հետաքրքիր է», «զարմանալի է», ցույց կտան, որ դու միայն պասիվ լսող չես, այլ մտածում ես այն բանի մասին, ինչ քեզ ասում են:
  • Կարևոր է անել այնպես, որ զրուցակիցդ ճիշտ ըմբռնի գլխավոր միտքը, որը ցանկանում ես նրան հաղորդել:
Չարժե օգտագործել շատ ընդհանուր բառեր, բարդացնել և ծանրաբեռնել խոսքը երկար արտահայտություններով, հակառակը` ինչքան ավելի կոնկրետ կարտահայտես քո միտքը, այնքան հեշտ զրուցակիցդ կհասկանա ամեն ինչ ճիշտ ձևով, այնպես, ինչպես դու մտածել ես:  Զրույցի ավարտին կարելի է նորից հակիրճ կրկնել գործի էությունը, դա կօգնի համոզվել, որ քեզ ճիշտ են հասկացել:

  • Ճիշտ հարցադրումներ արա: Եթե զրուցակիցդ ստիպված եղավ պատասխանել միայն «այո» կամ «ոչ», ձեր զրույցը շատ կարճ կտևի: Աշխատիր տալ բաց հարցեր, որոնք պահանջում են ծավալուն պատասխան: Օրինակ` «Երեկ տեսե՞լ ես համերգը» հարցի փոխարեն հարցրու. «Ի՞նչ տպավորություններ ունես երեկվա համերգից» կամ «Ի՞նչ ես մտածում երեկվա համերգի մասին»:
  • Հարցը տալուց հետո ուշադիր լսի պատասխանը, կարող ես տալ լրացուցիչ հարցեր: Մարդիկ շատ են սիրում, երբ իրենց լսում են: Լսելու ունակությունը հազվագյուտ հատկություն է, որը շատ է արժևորվում:

  • Եթե դու ինչ-որ բան չես հասկացել, ավելի ճիշտ է հարցնել, որ հետո չհայտնվես անհարմար դրության մեջ…
Հաճախ վեճերը և կոնֆլիկտները տեղի են ունենում դատարկ տեղը, սովորական անհասկացողության պատճառով:
  • Եթե ուզում ես զրուցակցիդ ուշադրությունը պահել, պետք է հետևես ոչ միայն քո խոսքերին, այլ նաև այն բանին, թե ինչպես ես խոսում: Դժվար թե ինչ-որ մեկը քո բերած փաստարկները լուրջ ընկալի, եթե բղավես կամ խոսես շատ բարձր ձայնով: Հասկանալի է, որ երբեմն էմոցիաները այնքան շատ են, որ քեզ զսպելը դժվար է լինում: Բայց իմացիր, որ եթե քեզ հավաքես և տիրապետես քո հույզերին, նույն խոսքերն ասես հանգիստ ձևով, լսված և հասկացված լինելու հավանականությունը միանշանակ կավելանա:
  • Չարժե նաև խոսքը շատ «չոր» դարձնել, խոսել «ռոբոտի» պես բառեր արտասանելով: Նույն տոնով և միապաղաղ խոսքերով արտահայտած միտքը կարող է քնեցնել նույնիսկ սկզբում հետաքրքրված զրուցակցին: Խոսքի երանգավորումները կամ էլ տոնի և ձայնի փոփոխությունները նրան հաստատ կարթնացնեն:

Արդյունավետ շփումը ոչ միայն բառեր են: Իրականում խոսքը կազմում է հաղորդակցման միայն 7%, մնացածը մարդու միմիկան է, ժեստերը, մարմնի դիրքը, այսինքն ոչ վերբալ (ոչ խոսքային) հաղորդակցումը: Դիրքը, շարժուձևը, աչքերի կոնտակտը, շպիտը, դեմքի արտահայտությունը կարող են զրուցակցին ասել ավելին, քան զուտ խոսքերը:

Իսկ դու գիտե՞ս, թե ինչքան կարևոր է ընդունել սեփական սխալները և սովորել ներողություն խնդրել: Կարդա այստեղ:

Նկարները գտել ենք այստեղ և այստեղ: