Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ընկերություն առանց խոչընդոտների կամ ընկերոջս մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ…

Ասում են` «ընկերներին չեն ընտրում», չնայած մենք ընտրում ենք մեր հարաբերությունները կառուցելու եղանակը: Իսկ օրինակ, ինչպե՞ս արձագանքել, եթե ընկերը հայտնվել է բարդ իրավիճակում կամ լուրջ հիվանդացել է: Արդյոք կկարողանա՞նք օգնել ընկերոջը կամ ընկերուհուն դժվար պահին:

Ասում են, որ «ընկերներին չեն ընտրում»: Բայց իրականում, մարդիկ որոշում են, թե ում հետ ընկերություն անել, իսկ ում հետ` ոչ, կողմնորոշվելով ըստ իրենց համար հաճելի և մոտիկ մարդկանց անձնական հատկանիշների և բնավորության գծերի: Փոխադարձ համակրանքը, ընդհանուր հետաքրքրությունները, միասին ժամանակ անցկացնելը և ամենակարևորը` վստահությունը և հուսալիությունը, այդ ամենը ամրացնում է ընկերությունը: Իսկ ընկերության ճանապարհին հանդիպած տարբեր դժվարությունները ստուգում են ընկերության իսկությունը: Պատկերացրա, որ դեռ երեկ դուք ընկերոջդ հետ միասին զբոսնել եք, հեծանիվ վարել, զբաղվել եք սպորտով, մասնակցել եք խնջույքների, ժամերով խոսել եք հեռախոսով կամ շփվել սոց. ցանցերում… Իսկ այսօր հանկարծ իմացար, որ ընկերոջդ հետ վատ բան է պատահել, նա ունի լուրջ առողջական խնդիր:

Երևի հենց նման պահերին ընկերությունն ենթարկվում է իսկական փորձության, և հենց այդ պահին պետք է հիշել, որ մտերիմ և քո համար թանկ մարդու հետ հարաբերությունները շարունակելու համար չի կարող լինել ոչ մի խոչընդոտ և խանգարող հանգամանք: Չէ՞ որ հենց այս պահին ընկերդ ունի քո օգնության կարիքը, ավելի շատ, քան երբևիցե:

Իսկ եթե ընկերս ունի ՄԻԱ՞Վ

«Մենք երկուսս էլ 19 տարեկան ենք, նա ինձանից ընդամենը մի քանի ամսով է մեծ: Վերջերս նրա մոտ հայտնաբերեցին ՄԻԱՎ, և նա կորցրեց կյանքի իմաստը: Ընկերուհին նրանից բաժանվեց, ինչպես նաև մեր ընկերներից մի քանիսը, բայց ես նրա հետ եմ, փորձում եմ օգնել և «դուխ» տալ, չնայած մերոնք ստիպում են, որ հետը գործ չունենամ…»

Սա իրական դեպք է: Նման և շատ այլ հարցեր տալիս են երիտասարդներն ինտերնետ-ֆորումներին: Իսկապես, ինչպե՞ս վարվել նման դեպքերում:

Ամեն օր հազարավոր մարդիկ աշխարհում վարակվում են ՄԻԱՎ-ով: Ռուսաստանում, Բելարուսում, Ղազախստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում ապրում էր ավելի քան 1,5 միլիոն ՄԻԱՎ վարակակիր մարդ: Որոշ քաղաքներում ամեն 100-րդ մեծահասակի մոտ առկա է ՄԻԱՎ վարակ: Պատահում են դեպքեր, երբ երեխաները վարակվում են ՄԻԱՎ-ով իրենց ՄԻԱՎ-դրական (վարակակիր) ծնողներից:

Համաձայն Հայաստանյան վիճակագրության` 1988թ.-ից մինչև 2023թ.-ի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի շուրջ 5614 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից շուրջ 70% արական սեռի ներկայացուցիչներ են: ՄԻԱՎ վարակի դեպքերի 1.5% արձանագրվել է երեխաների մոտ:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի հիմնական փոխանցման ուղիներն են` հետերոսեքսուալ (տղամարդ-կին) սեռական հարաբերություններ (75․6%) և թմրամիջոցների ներարկային օգտագործում (14․7%): Ավելի հազվադեպ արձանագրվել են հոմոսեքսուալ սեռական հարաբերությունների, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

(Աղբյուր` Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, 2024):

Ուրեմն, հնարավոր է, որ դու էլ ունենաս ՄԻԱՎ-ով վարակված ծանոթներ կամ նույնիսկ բարեկամներ: Դու կարող ես այդ մասին նույնիսկ չիմանալ, քանի որ սովորաբար ՄԻԱՎ-դրական մարդիկ խուսափում են բացահայտել իրենց կարգավիճակը և գերադասում են այն թաքցնել: Այս պարագայում նրանք հատկապես կարիք ունեն ընկերների և մարդկանց, ում կարող են վստահել և ապավինել:

Եվ եթե քո ընկերներից մեկը քեզ հետ կիսվել է իր խնդրով և խոստովանել, որ վարակվել է ՄԻԱՎ-ով, պետք չէ վախենալ, խուճապի մատնվել, կամ գաղտնիքը «մեր մեջ մնա» պայմանով պատմել ուրիշին: Չէ՞ որ այս գաղտնիքը վստահել են քեզ, ուրեմն քեզ համարել են վստահելի ընկեր և ապավինում են քո աջակցությանը և հասկացողությանը:

Իսկ ի՞նչ անել: Առաջին հերթին պետք է ընկերոջը հավաստիացնել, որ դու ուրիշներին չես պատմի, քանի որ առողջական վիճակի մասին տվյալները շատ անձնական և լրիվ կոնֆիդենցիալ (գաղտնի) տեղեկություններ են: Նույնիսկ եթե այդ նորությունը քեզ շատ հուզեց, աշխատիր մնալ հանգիստ: Սա ընկերոջդ համար կարևոր նշան է, որ իր վիճակը անհուսալի չէ: Կարելի է ընկերոջ ձեռքը բռնել կամ ձեռքը դնել նրա ուսին, թեթևակի գրկել, նայել աչքերի մեջ: Քո հայացքը, ժեստերը, մարմնի լեզուն կասեն ավելին, քան ցանկացած աջակցության խոսքեր, որոնք նման դեպքերում դժվար է գտնել:

huggingg
Բայց իմացիր, որ խոսքը գնում է աջակցության և ոչ` խղճալու մասին: Հաճախ բարդ իրավիճակներում մարդուն պարզապես պետք է խոսել, կիսվել ապրումներով: Մի շտապիր քո խորհուրդներով, ուշադիր լսիր, պահպանելով տեսողական կոնտակտը, այսինքն, նայիր աչքերի մեջ և մի շեղվիր հեռախոսի կամ այլ բաների վրա: Քո ուշադրությունը` ընկերոջդ պատմածների հանդեպ, խոսում է այն մասին, որ նրա հետ պատահածը քեզ իսկապես հուզում է, և դու նրա կողքին ես:

Երբեմն մարդուն դժվար է պատմել պատահածի մասին: Նա կարող է լինել ընկճված կամ վախեցած, որ իրեն կմեղադրեն և կասեն` «բա քեզ զգուշացրե՜լ էին» կամ «վերջը արածներիդ համար ստացա՛ր» և նման արտահայտություններ:

Այս դեպքերում կարելի է և պետք է տալ հարցեր, բայց չի կարելի մեղադրել կամ մեկնաբանել: Պատկերացրա, թե դու ինքդ ինչ կցանկանայիր լսել նման իրավիճակում:

Կարող է պատահել այնպես, որ դու կասկածես կամ ենթադրես, որ ինչ-որ մեկի մոտ կա ՄԻԱՎ, բայց քեզ դրա մասին ուղիղ չեն ասում: Այս դեպքում պետք չէ շտապել հարցերով, այլ ճիշտ է սպասել մինչև մարդն ինքը քո հետ կիսվի:

Կարող է բացահայտվել, որ հիվանդության մասին ընկերդ իմացել է համացանցի կամ հետազոտության օգնությամբ կամ միայն ենթադրում է, որ հիվանդ է, ելնելով զգացողություններից կամ այլ հանգամանքներից: Օրինակ` ունեցել է չպաշտպանված սեռական հարաբերություն` առանց պահպանակի: Նման դեպքում պետք է առաջարկել հետազոտվել: ՄԻԱՎ-ի համար կարելի է հետազոտվել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում (նախկին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն) կամ այլ բժշկական կենտրոններում:

ՄԻԱՎ-վարակի վերջնական ախտորոշումը կատարվում է միայն մասնագետի կողմից 2 անալիզների հիման վրա` ԻՖԱ անալիզ, որով հայտնաբերվում են ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ, և իմունոբլոտ անալիզ, որն անցկացվում է ԻՖԱ անալիզի պատասխանը հաստատելու համար: Անալիզների համար վերցվում է արյուն երակից: Պատասխանները սովորաբար պատրաստ են լինում մի քանի օրերի ընթացքում:

Եթե ՄԻԱՎ վարակի ախտորոշումն արդեն դրվել է, ապա ընկերդ կարիք կունենա տարբեր մասնագետների օգնության` բժիշկներ, հոգեբաններ, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հետ աշխատող հատուկ կրթված խորհրդատուներ:

Երբ միայն աջակցությունը բավարար չէ… +

Man-Laying-On-Couch-050916

Նման դեպքերում կարելի է դիմել փորձված հոգեբանների օգնության, ՁԻԱՀ-կենտրոն կամ ՄԻԱՎ ունեցող մարդկանց օգնություն ցուցաբերող կազմակերպություններ: Դու կարող ես փնտրել և կիսվել ընկերոջդ հետ նման կենտրոնի կամ կազմակերպության մասին կոնկրետ կոնտակտային տվյալներով` հասցե, աշխատանքային ժամեր, հեռախոս, մասնագետների անուններ: Հայաստանում բացի մասնագիտացած կենտրոնում (ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն) աշխատող մասնագետներից կան նաև մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնք կարող են աջակցություն տրամադրել ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց: Իհարկե, ոչ բոլորը կհամաձակվեն անմիջապես դիմել մասնագետներին, խորհրդատուներին կամ ՄԻԱՎ ունեցող մարդկանց աջակցության խմբին: Նման դեպքում շատ կօգնի քո սեփական (առկայության դեպքում) կամ ծանոթ մարդու դրական փորձը: Դու կարող ես պատմել այն մասին, թե ինչպես է անցնում հոգեբանի խորհրդատվությունը և ինչպիսի արդյունք դա տվեց, եթե նախկինում ինքդ շփվել ես հոգեբանի հետ: Կարող ես առաջարկել միասին գնալ խորհրդատվության. քո ուղեկցությունը և քո ներկայությունը հոգեբանի սենյակի առջև կարող է շատ օգնել, քաջալերել ընկերոջդ, հատկապես առաջին այցելության ժամանակ:

Երբեմն թվում է, որ ավելի լավ է չքննարկել ընկերջ հետ նրա հիվանդության թեման, որպեսզի ավելորդ անգամ չհիշեցնես այդ մասին: Եթե դու վարվես նման կերպ, կա վտանգ, որ ընկերդ, հատկապես ախտորոշումից հետո սկզբնական փուլում, կարող է զգալ, որ դու նրանից ամաչում ես, կամ որ դա քեզ չի հուզում: Իսկ «ոսկե միջինը» գտնել այս իրավիճակում հեշտ բան չէ: Բայց ճանաչելով ընկերոջդ և ուշադիր լինելով նրա նկատմամբ` դու անպայման կկարողանաս գտնել շփվելու և աջակցելու ճիշտ ձևը:

Սեփական օրինակի ուժը
Եթե համադասարանցիները կամ ձեր ծանոթները իմանան կոնկրետ մարդու ՄԻԱՎ վարակի մասին, հնարավոր է կսկսեն նրանից խուսափել կամ նույնիսկ ծաղրել: Սա, ի դեպ, այն պատճառներից մեկն է, թե ինչու մարդիկ սովորաբար չեն ցանկանում բացահայտել իրենց ՄԻԱՎ կարգավիճակը: Իհարկե, դու կուզենաս պաշտպանել ընկերոջդ, դա բնական է: Բայց այստեղ շատ կարևոր է քեզ տիրապետել, չհարձակվել ընկերոջդ վիրավորող մարդկանց վրա և գտնել նրանց իրազեկման ճիշտ տարբերակ, այսինքն կիսվել քո գիտելիքներով և տեղեկություններով:

Եվ մի մոռացիր քո անձնական օրինակի մեծ ուժի մասին: Եթե դու ընկերոջդ հետ գնում ես բուֆետ, նստում ես նրա կողքին դասասենյակում, փոխանակում ես տարբեր իրեր, դու առանց ավելորդ խոսքերի ցույց ես տալիս շրջապատողներին, որ շփումը բոլորովին վտանգավոր չէ, և ձեր ազատ հաղորդակցման համար չկա ոչ մի խոչընդոտ:

Իսկ էլ ինչպե՞ս կարելի է օգնել

Առաջին հերթին, որպեսզի դու ինքդ չվախենաս ՄԻԱՎ-վարակ ախտորոշումից և կարողանաս լուսաբանել նաև մյուսներին, ռեալ օգնել ընկերոջդ, պետք է իմանաս մի քանի կարևոր դրույթներ այդ հիվանդության մասին:

Ուրեմն, ներկայացնենք հակիրճ: ՄԻԱՎ-ը մարդու իմունային անբավարարության վիրուս է: Այն ախտահարում է մարդու իմունային/ պաշտպանիչ համակարգը, որի հիմնական դերը տարբեր վարակների (և քաղցկեղի) դեմ պայքարն է: Այդ պատճառով էլ ՄԻԱՎ վարակ ունեցող մարդիկ դառնում են խոցելի մի շարք վտանգավոր հիվանդությունների նկատմամբ: ՄԻԱՎ վարակված մարդը բավականին երկար ժամանակ (մի քանի տարի և ավել) կարող է չունենալ ոչ մի հիվանդագին նշան: ՄԻԱՎ-ը քայքայում է իմունային համակարգը աստիճանաբար և ժամանակի ընթացքում (սովորաբար 5-10 տարի անց) առաջացնում է մի ծանր վիճակ, որը կոչվում է ՁԻԱՀ` ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ: Այն արտահայտվում է տարբեր ձևերով. որոշ մարդիկ ունենում են շնչառական ինֆեկցիաներ, մյուսների մոտ զարգանում են տարբեր ուռուցքներ և մաշկային հիվանդություններ: Հաճախ ՁԻԱՀ-ը զուգակցվում է տուբերկուլյոզի հետ:

Չպաշտպանված (առանց պահպանակի) սեռական հարաբերությունները և թմրամիջոցների ներարկային օգտագործումը ՄԻԱՎ-ի տարածման հիմնական ուղիներն են, և մարդկանց մեծ մասը վարակվում են հենց այս ճանապարհով: Բացի այդ, ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել ՄԻԱՎ-դրական մորից երեխաներին հղիության, ծննդաբերության և կրծքով կերակրման ժամանակ:

Իսկ այժմ ամենակարևոր տեղեկատվությունը` սովորական կենցաղային շփումները անվտանգ են ՄԻԱՎ-ով վարակման տեսակետից: ՄԻԱՎ-ով հնարավոր չէ վարակվել ձեռքսեղման, գրկախառնությունների, ընկերական համբույրների, ընդհանուր սպասքի, զուգարանի, բաղնիքի և լողավազանի օգտագործման, ինչպես նաև կողք-կողքի նստելիս, փռշտալիս, հազալիս, զրուցելիս և միջատների խայթոցի միջոցով: Դա նշանակում է, որ ՄԻԱՎ ունեցող մարդու հետ միասին կարելի է սովորել, զբաղվել սպորտով, աշխատել, հանգստանալ և հանգիստ շփվել առանց վարակվելու վախի:

Ցավոք, դեռևս չկա մի միջոց, որը կազատի մարդուն ՄԻԱՎ-ից: Բայց, ի շնորհիվ առկա ժամանակակից դեղորայքի, ՄԻԱՎ ունեցող մարդիկ կարող են ապրել երկար և սովորական կյանքով: Իհարկե, այն պայմանով, որ նրանք կանոնավոր օգտագործում են հատուկ դեղեր և հետևում են իրենց առողջությանը:

Միֆերի և տարբեր սխալ կարծիքների մասին

Չնայած ՄԻԱՎ-ի մասին խոսվում է և գրվում է ամենուրեք, հասարակության մեջ դեռևս կան շատ միֆեր և սխալ կարծիքներ, կապված վիրուսի և այս հիվանդության հետ: Ամենատարածված մոլորություններից մեկն այն է, որ ՄԻԱՎ-ով կարելի է վարակվել սովորական առօրյա կենցաղային շփումների ժամանակ, ինչպես օրինակ` գրիպով: Այդ պատճառով շատերը, իմանալով մարդու ՄԻԱՎ-դրական կարգավիճակի մասին, փորձում են խուսափել շփումներից:

1

Մեկ այլ վտանգավոր մոլորությունը կապված է վիրուսի գոյության վերաբերյալ կասկածների հետ: Որոշ կեղծ մասնագետներ պնդում են, որ այս վիրուսը չի բացահայտվել և ուրեմն իմաստ չունի բուժել ՄԻԱՎ-ը: Սա, իհարկե, ճիշտ չէ: ՄԻԱՎ-ի հարուցիչը հայտաբերված և լավ ուսումնասիրված է: Իսկ ՄԻԱՎ-ի ժամանակ նշանակվող դեղերը արգելակում են վիրուսի բազմացումը, այսպիսով օգնելով մարդուն նորմալ մակարդակի վրա պահպանել օրգանիզմի պաշտպանական համակարգը: Ճիշտ բուժումն օգնում է մարդուն ապրել ՄԻԱՎ-ով երկար տարիներ, իսկ բուժումից հրաժարումը արագ բերում է իմունիտետի թուլացման, և օրգանիզմը այլևս ունակ չի պայքարել սովորական մրսածության դեմ:

Այլ մոլորությունների շարքից. ՄԻԱՎ-ով վարակված մարդուն կարելի է ճանաչել տեսքից: Դա ճիշտ չէ: ՄԻԱՎ վարակակիրը կարող է ունենալ միանգամայն առողջ տեսք և նույնիսկ չիմանալ իր հիվանդության մասին: Միայն ՄԻԱՎ-ի ուղղությամբ հետազոտության միջոցով կարելի է պարզել անձը վարակված է, թե ` ոչ:

Եվ վերջում.
Այո՛, իհարկե, մենք գիտենք, որ դժվար պահերին մտերիմներին օգնելը հեշտ բան չէ: Ապրումների մեջ պետք չէ ընկնել, եթե ինչ-որ բան քո ուզածով չի ստացվում կամ ձախողվում է: Եղիր անկեղծ օգնելու քո ցանկության մեջ, և ընկերդ անպայման կգնահատի քո ջանքերը և ցուցաբերած օգնությունը:

Եթե ցանկանում ես ավելի մանրամասնորեն իմանալ ՄԻԱՎ-ի մասին, կարող ես խորհրդատվություն ստանալ կամ անանուն հարցեր ուղղել մասնագետին թեժ գիծ հեռախոսահամարով` +37410 61-08-20, ամեն օր, բացի հանգստյան օրերից, ժ. 09.00-18.00:

PS.
Ի դեպ, մի քանի տարի առաջ նկարահանվել է մի հետաքրքիր և գեղեցիկ կինոնկար երիտասարդ երաժշտի մասին, ում կյանքն եղել է լրիվ անհոգ մինչ տեղի ունեցավ մի իրադարձություն, որն ամեն ինչ տակնուվրա արեց… Չենք բացի բոլոր գաղտնիքները, ասենք միայն, որ կինոն շատերին շատ դուր եկավ: Դու կարող ես դիտել ֆիլմի թրեյլերն այստեղ կամ գտնել և ամբողջությամբ դիտել այն youtube-ում:

Նկարը գտել ենք այստեղ:
Մյուս ֆոտոներն այստեղ.