Օգնության է գալիս քիմիան
Միևնույն ժամանակ, հենց քիմիան է ընկած բեղմնականխման հիմքում: Հորմոնալ միջոցների մասին կարդացեք «Բարի հորմոններ» հոդվածում: Իսկ այժմ խոսենք այսպես կոչված սերմնասպան միջոցների` սպերմիցիդների մասին, որոնց օգնությամբ կարելի է նվազեցնել չպլանավորված հղիության հավանականությունը:
Այսպիսով, պարզենք, թե ինչ է դա, և ինչպես է աշխատում:
Սպերմիցիդները պարունակում են այնպիսի բնական կամ սինթետիկ նյութեր, որոնք ոչնչացնող ազդեցություն են ունենում հեշտոցում գտնվող սերմնաբջիջների վրա. առաջացնում են սերմնաբջիջների թաղանթի քայքայում, նվազեցնում դրանց շարժունակությունը և ձվաբջջի բեղմնավորման կարողությունը:
Միևնույն ժամանակ, սպերմիցիդները ունեն առավելություն. նրանք սկսում են գործել գրեթե անմիջապես (կան որոշ միջոցներ, որոնք ազդում են 15 րոպե անց, և պետք չէ երկար սպասել, ինչպես հորմոնալ դեղամիջոցների ընդունման պարագայում): Բոլորովին վատ չէ:
Բայց, ինչպես միշտ, այստեղ էլ կան «բայցեր». սերմնասպան միջոցների արդյունավետությունը կախված է նրանից, թե որքան ստույգ է աղջիկը հետևում յուրաքանչյուր փաթեթին կցված հրահանգին: Ճիշտ չօգտագործելու դեպքում հղիանալու հավանականությունը հասնում է մինչև 20%:
Որոշ սերմնասպան միջոցներ ներմուծվում են հեշտոց սեռական հարաբերությունից 10-15 րոպե առաջ և նույնիսկ ավելի շուտ: Այդ միջոցների ազդեցության տևողությունը շուրջ 1 ժամ է:
Անպայման կարդացեք սերմնասպան միջոցների օգտագործման վերաբերյալ հրահանգը:
Սպերմիցիդներն արտադրվում են քսուքների, մոմիկների, դոնդողների և հաբերի ձևով: Այդ դեղամիջոցները կարելի է ձեռք բերել դեղատներում առանց դեղատոմսի, սակայն ավելի լավ է նախապես խորհրդակցել բժշկի հետ, ով քեզ համար կընտրի սերմնասպան միջոցի առավել համապատասխան տեսակը:
Երբեմն սերմնասպան միջոցները առաջացնում են սեռական օրգանների կամ մաշկի գրգռում և ալերգիա:
Խորհուրդ է տրվում սերմնասպան միջոցներն օգտագործել պահպանակի հետ համատեղ (միաժամանակ): Այսպիսով դու կբարձրացնես արդյունավետությունը և կպաշտպանես քեզ սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից:
Սպերմիցիդները սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից պաշտպանում են միայն մասամբ: