Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

«Հրատապ» օգնություն

Մենք գիտենք գրեթե ամեն ինչ այն միջոցառումների մասին, որոնք պետք է ձեռնարկվեն չպլանավորված հղիությունը կանխելու նպատակով: Սակայն, մենք երբեմն կարող ենք սխալվել մեր հաշվարկներում: Ի՞նչ պետք է անել, եթե թվում է, թե իրավիճակն արդեն ուշ է շտկել:

Կյանքում լինում են իրավիճակներ, երբ տեղի են ունենում բացարձակապես անսպասելի երևույթներ՝ ջրհեղեղներ, հրդեհներ, կամ պարզապես ամառային օրվա հորդառատ անձրև: Նույնիսկ այն ժամանակ, երբ զույգն օգտագործում է բեղմնականխման փորձված միջոցները, օրինակ՝ պահպանակները, միևնույն է, որոշ չափով կա վտանգ (օրինակ՝ պահպանակը կարող է պատռվել): Նման դեպքերի համար գոյություն ունի ևս մեկ միջոց, որը կարող է օգնել կանխել չպլանավորված հղիությունը: Այն կոչում են տարբեր ձևերով.

 «հաջորդ առավոտվա» դեղահաբ, կամ «հաջորդ օրվա» հաբ, կամ
«պոստկոիտալ», «հրատապ», «արտակարգ դեպքերի» հակաբեղմնավորիչ:

Վերջին անվանումից ելնելով, կարելի է հասկանալ, որ այս մեթոդը կարող է կիրառվել միայն բացառիկ դեպքերում. օրինակ, եթե

  • տեղի է ունեցել չպաշտպանված սեռական հարաբերություն (առանց պահպանակի կամ այլ բեղմնականխման մեթոդի),
  • կասկածներ կան հակաբեղմնավորման մեթոդի արդյունավետության վերաբերյալ (պահպանակը պատռվել է, կիրառվել են ոչ հուսալի մեթոդներ՝ «օրացուցային» մեթոդ, ընդհատված սեռական հարաբերություն, կամ տեղի է ունեցել երկու և ավելի հորմոնալ դեղահաբերի ընդունման բացթողում),
  • տեղի է ունեցել բռնաբարություն:
«Հրատապ» հակաբեղմնավորման մեթոդի էությունը կայանում է նրանում, որ 72 ժամվա ընթացքում (3 օր) սեռական հարաբերությունից հետո աղջիկն ընդունում է հատուկ դեղահաբեր: Այդ հաբերը պարունակում են հորմոնների բարձր դեղաչափեր, որոնք կասեցնում են ձվազատումը և կանխում են սերմնաբջիջների հետագա շարժը արգանդափողերով:

Հորմոնների այդպիսի բարձր դոզան լուրջ հորմոնալ «հարված» է հասցնում օրգանիզմին: Դեղահաբն ընդունելիս հնարավոր է սրտխառնոց, փսխում, ծանրության զգացում կրծքագեղձերում: Հետևաբար, այս մեթոդը կարելի է օգտագործել միայն ծայրահեղ դեպքերում: Իսկ քանի որ այդ հաբերը լուրջ փորձություն են օրգանիզմի համար, բժշկի հսկողությունը պարտադիր է (վերջապես մտածիր քո առողջության մասին):

Հասկանալի է, որ ամեն անգամ սեռական հարաբերություններից հետո «հրատապ» բեղմնականխում օգտագործելը նպատակահարմար չէ: Դրանով դու կարող ես միայն վնասել քո օրգանիզմին, որի վերականգնումը երկար ժամանակ կպահանջի: Այդուհանդերձ, այս մեթոդն ավելի նախընտրելի է, քան հղիության ընդհատումը, երբ կնոջ օրգանիզմն արդեն սկսել է նախապատրաստվել երեխայի զարգացման համար:

fire-extinguisher-gif-funny
Ի դեպ, անհրաժեշտ է դիմել բուժօգնության, եթե`

  • կան ցավեր որովայնի շրջանում
  • հերթական դաշտանը անսովոր բնույթ ունի
  • հերթական դաշտանը ուշացել է 10 և ավելի օր. կա հղիության կասկած:

Ամփոփում ենք արդյունքները: Չնայած սուր զգացմունքներին ու մոլեգնող կրքերին, աշխատեք զգույշ լինել, որպեսզի կարիք չունենաք դիմելու հակաբեղմնավորման «հրատապ» օգնությանը: Իսկ եթե դա պատահել է, ապա ԱՆՊԱՅՄԱՆ դիմեք մասնագետի:

Մի մոռացեք, որ այս մեթոդը չի պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից: