Ամանորյա նվեր սիրած աղջկա համար
Ֆոտո շրջանակ`ձեր ընդհանուր լուսանկարներով
Հիմա շատ արդիական են ֆոտո շրջանակները, որոնց մեջ կարելի է տեղադրել մի քանի լուսանկարներ: Ընտրիր ամենահաջողված և ընկերուհուդ սիրելի լուսանկարները: Եթե դրանք բավարար չեն, ուրեմն դու ունես լավ առիթ նախատոնական զբոսանք կազմակերպելու համար, որը համատեղիր սելֆիների և ֆոտոսեսիայի հետ: Այդպիսի նվերը` ձեր ընդհանուր լուսանկարներով, կդառնա նրա սենյակի սիրված զարդարանքը, իսկ նրա հիշողության մեջ դեռ երկար կպահպանվեն ձեր համատեղ ֆոտոսեսիայի և միասին անցկացված ժամանակի մասին հաճելի հուշեր: Նաև, եթե տիրապետում ես հատուկ ծրագրերին, կարող ես պատրաստել տեսահոլովակ այդ նկարներից:
Մի-մի-մի և փափկամազիկներ
Փափուկ խաղալիքը հրաշալի ամանորյա նվեր է, քանի որ գրեթե բոլոր աղջիկները սիրում են փափուկ խաղալիքներ` փափկամազիկներ, Թեդի արջուկներ և այլն (կարող ես ինքդ շարունակել ցանկը): Որպեսզի իմանաս, թե որ տարբերակը ամենից շատը դուր կգա աղջկան, «պատահական» միասին մտեք մանկական խաղալիքների խանութ` իբր ընտրելու փափուկ խաղալիք քո փոքր քույրիկի համար: Դու ինքդ կտեսնես, թե նա ինչ կհավանի, և հետագայում նրա համար նվեր ընտրելիս` հաստատ չես սխալվի:
Դոլչե Վիտա
Նրա սիրված քաղցրավենիքով լցված գեղեցիկ տուփը, որի վրա սոսնձել ես նրա կամ ձեր համատեղ նկարները` անակնկալ նվերի լավ տարբերակ է: Իսկ եթե այդ տուփի մեջ դնես նրա ցանկությունը կատարելու մասին կտրոն (օրինակ` միասին գնալ ռոմանտիկ ֆիլմ դիտելու, միասին երգել կարաոկեում), անկասկած նրան հաճելիորեն կզարմացնես: Լավ նվեր կլինի Կինդեր ձվիկը` խաղալիքի փոխարեն ձեր համատեղ ժամանցի վերաբերյալ անակնկալ առաջարկով: Նաև կարող ես նրան հրավիրել սահադաշտ կամ միասին ձնեմարդ պատրաստելու և այլն:
Ամանորյա քվեստ
Եթե տանը հեռուստացույցի առջև նստելը` չարազի և տորթերի ուղեկցությամբ, ձեր ոճի մեջ չէ, զարմացրու ընկերուհուդ էքստրիմով: Նախապես իմացիր, թե ինչ տոնական միջոցառումներ են անցկացվելու ձեր քաղաքում, գրի առ ուղղությունները և հրահանգները և տեղադրիր հուշումներ ձեր երկուսի համար կարևոր վայրերում, ինչպես նաև քաղաքի տոնածառի մոտ, դպրոցի բակում կամ ձեր առաջին ժամադրության վայրում: Եզրափակիչ փուլում դու նրան կդիմավորես, միասին կգնաք սրճարան` նրա արկածները քննարկելու 🙂 : Իսկ այդ հետաքրքիր քվեստի գեղեցիկ եզրափակումը կլինի ձեր ամանորյա բարեմաղթանքներն ու ցանկությունները գրելը և փուչիկի կամ թռչող լապտերի միջոցով երկինք ուղարկելը: Եվ բոլոր երազանքներն անպայման կիրականանան:
Ջերմ միջավայր
Եթե ընկերուհիդ սիրում է նստել տանը` գիրք կարդալով և թեյ խմելով, նրա համար լավ նվեր կլինի տաք շալը կամ պլեդը: Կարող ես ամրացնել փոքրիկ բացիկ` նշելով, որ այդ շալը նրան կտաքացնի այն ժամանակ, երբ դու նրա կողքին չես: Այդ նվերը կստեղծի դրական և ջերմ միջավայր, որն ուղղակիորեն կապված կլինի քո հետ:
Ինչպես տեսնում ես, բարդ բան չկա: Կարևորը` սիրով պատրաստես անակնկալ նվերդ, և ոչ թե անես դա իմիջիայլոց:
Նաև մի մոռացիր լինել ուշադիր, նախապես իմացիր նրա նախասիրությունները և ճաշակը, և հաջորդ տոնի համար կունենաս շատ այլ հետաքրքիր գաղափարներ` սիրած աղջկան ուրախացնելու համար: Որոշ գաղափարներ կարող ես գտնել այս հոդվածում:
Հաջողությո՛ւն ենք մաղթում և հաճելի ամանորյա անակնկալներ:
Նկարի համար շնորհակալություն այս աղբյուրին:
Հոդվածի հեղինակ` Սվետլանա Վերտոլա: