Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

7 գաղափար ամառային ռոմանտիկ հանդիպումների համար

Ամառը հրաշալի ժամանակ է հաճելի հանգստի, վառ տպավորությունների և … սիրած աղջկա կամ տղայի հետ ռոմանտիկ հանդիպումների համար: Ի՞նչ նախաձեռնել ամառվա արձակուրդներին, որ ձեր ժամադրությունները հիշվեն յուրահատուկ և շատ դրական ընդհանուր հույզերով: Մենք պատրաստել են մի քանի գաղափարներ, որոնք բավականին հետաքրքիր են, յուրօրինակ և կարևորը` մատչելի բոլոր երիտասարդ զույգերի համար:

Հասի՛ր ինձ, եթե կարող ես

Եթե դուք երկուսդ էլ վարում եք հեծանիվ, ապա առանց երկար մտածելու` գնացի՛նք: Համատեղ հեծանվային զբոսանքը ոչ միայն շատ օգտակար է առողջության համար, այլ նաև բավականին ռոմանտիկ: Դուք միասին կարող եք բացահայտել ձեր քաղաքի/ համայնքի հետաքրքիր վայրերը կամ գնալ քաղաքից դուրս: Դուրս եկեք վաղ առավոտյան, չմոռանաք վերցնել ջուր, համով բաներ, որպեսզի կանգ առնեք գեղեցիկ վայրում կամ բնության գրկում և կազմակերպեք հաճելի պիկնիկ:

Աշխատեք չպլանավորել շատ երկար ճանապարհորդություն, որպեսզի չհոգնեք, և հաջորդ օրը չունենաք մկանացավ, որը կարող է փչացնել ռոմանտիկ հեծանվային զբոսանքից ստացած դրական տպավորությունները:

Կինո բաց երկնքի տակ

Քաղաքային որոշ այգիների ամառային կինոթատրոններում երեկոյան ցուցադրվում են ֆիլմեր` բաց երկնքի տակ: Կամ կարող ես ինքդ ամեն ինչ կազմակերպել. ձեր սիրելի կինոֆիլմի դիտում` երկուսիդ համար: Պատրաստիր պոպկորն և մտածիր ոչ ավանդական ինտերակտիվ անակնկալներ: Օրինակ` կարող եք հերթով գուշակություններ անել ձեր սիրած ֆիլմի ընթացքում. պահեք որևէ թիվ և միացնելով ֆիլմը հենց մտապահած րոպեին, լսեք ձեր կանխագուշակությունը:

Համտեսելու ժամանակն է

Կարող ես կազմակերպել զվարճալի համեղ անակնկալ: Նախապես գնիր տարբեր տեսակի մրգեր և հատապտուղներ (ինչքան շատ տեսակի, այնքան ավելի լավ է), կտրատիր և առաջարկիր քո ընկերոջը (-ուհուն) կապած աչքերով փորձել և գուշակել` ինչ է ուտում: Զվարճանքն ապահովված է 🙂

Կարող ես բարդացնել առաջադրանքը և առաջարկել գուշակել քո ձեռքով պատրաստած սմուզիի բաղադրությունը:

Ամառային ֆոտոսեսիա

Եթե ունեք պրոֆեսիոնալ տեսախցիկ, կարող եք կազմակերպել համատեղ ֆոտոսեսիա: Այն կյանքի կոչելու համար կարող եք դիմել ընկերների օգնության: Հետաքրքիր կադրեր ստանալու համար հագնվեք մի ոճի մեջ, կամ կրեք նույն գույնի հագուստ, կամ ընդհանուր աքսեսուարներ, որպեսզի ստանաք զույգի տեսք («family look»):

Համացանցում կարող ես փնտրել և գտնել զվարճալի կամ ոճային լուսանկարների համար յուրօրինակ գաղափարներ և համապատասխան պատրաստի բուտաֆորիա, որը կօգնի ավելի հետաքրքիր և յուրահատուկ դարձնել կադրերը:

Եթե ամաչում ես ֆոտոխցիկից և չգիտես` ինչպես նկարվել, խնդրիր ձեզ նկարել հանկարծակի կամ շարժման մեջ: Առաջարկիր ընկերոջդ/ ընկերուհուդ պատմել անեկդոտ, նկարվեք թռչկոտելիս կամ պարելիս, իսկ ձեր օգնականը այդ պահին կարող է «բռնացնել» հաջողված կադր:

Ռոմանտիկ ընթերցանություն

Ընտրեք ձեր սիրած գիրքը և միասին կարդացեք, դուրս գրեք հետաքրքիր մտքեր կամ ձեզ դուր եկած ցիտատները, կիսվեք տպավորություններով: Դարձրեք այդ զբաղմունքը լավ ավանդույթ, և տարիներ անց կունենաք համատեղ գրադարան և լիքը ջերմ հիշողություններ:

Կարող եք միասին կազմել ձեր սիրո օրագիրը` նոթատետրի մեջ գրի առնելով իրար ուղղված սիրո խոստովանությունները, ուղերձները, սիրած բանաստեղծությունները կամ երգերը, թերթերի միջև չորացրեք ծաղիկներ (որ հավաքել էիք ձեր հեծանվային զբոսանքի ժամանակ 🙂 ), սոսնձեք հաջողված համատեղ լուսանկարները:

 

Ջրավազանի տիրակալները

Եթե ձեր համայնքում կա ջրամբար կամ գետ, հրաշալի է: Եթե ոչ` միասին այցելեք լողավազան կամ ջրաշխարհ և լավ ժամանակ անցկացրեք ամռան տապից հեռու: Իսկ ընդմիջումներ անելիս` ապագա ճամփորդությունների պլաններ կազմեք:

Սակայն մի՛ մոռացեք անվտանգության մասին, արևի տակ պարտադիր կրեք արևային ակնոց, գլխարկ, օգտագործեք արևապաշտպան քսուքներ:

Հետաքրքիր քվեստ

Կարող ես թաքցնել մի անակնկալ փոքրիկ նվեր և ընկերոջդ/ ընկերուհուդ առաջարկել հետաքրքիր քվեստ`այն գտնելու համար: Ձեզ ծանոթ և ձեր սիրո պատմության համար հիշարժան վայրերում տեղադրիր համապատասխան հուշումներ: Իսկ քվեստի վերջում հանդիպեք ձեր սիրելի սրճարանում և պաղպաղակի ուղեկցությամբ միասին քննարկեք քվեստի արդյունքները և ստացած տպավորությունները:

 

Հույսով ենք, մեր գաղափարները ոգեշնչեցին քեզ մտածելու այլ հետաքրքիր համատեղ զբաղմունքներ երկուսի համար: Գաղափարները կարող են լինել շատ մատչելի և չպահանջել մեծ գումարներ կամ բարդ պատրաստություններ: Հաճախ բավական է սիրած մարդուն նվիրել հաճելի փոքրիկ գրառում` սիրո գեղեցիկ խոստովանությամբ, որպեսզի նրա դեմքը ամբողջ օրվա ընթացքում փայլի անկեղծ բարի ժպիտով:

 

Նկարի համար շնորհակալ ենք այս աղբյուրին, gif-անիմացիայի համար` այս:

Հոդվածը կազմեց Սվետլանա Վերտոլան: