Զուտ աղջկական գաղտնիքներ
Գաղտնիք չէ, որ դեռահասային տարիքում մեր օրգանիզմը պահանջում է ավելի շատ ուշադրություն և համբերություն: Նախ, ավելի ակտիվ են աշխատում ճարպագեղձերը, ինչը կարող է պզուկների կամ նույնիսկ ցանի պատճառ հանդիսանալ, ինչը և՛ տգեղ է, և՛ տհաճ: Բացի այդ, քրտնագեղձերի ակտիվ աշխատանքը կարող է ուժեղացնել քո մարմնի հոտը, որը միշտ չէ հաճելի: Եվ, ի վերջո, այս տարիքում աղջիկների մոտ սկսվում է դաշտանը:
- Հետևիր դեմքի ու մարմնի մաշկի մաքրությանը: Առավոտյան և երեկոյան ժամերին մաշկի պատշաճ մաքրման նպատակով ընտրիր համապատասխան գել կամ օճառ: Այս դեպքում պզուկների առաջացման ռիսկը զգալիորեն կնվազի:
- Ավելի հաճախ լվա ոտքերն ու անութափոսերը (թևատակերը), որպեսզի չզգացվի քրտինքի հոտ: Բացի այդ, դեղատներում և խանութներում վաճառում են դեզոդորանտներ, որոնք չեզոքացնում են քրտինքի հոտը և հակաքրտնեցնող միջոցներ (антиперспирант), որոնք նվազեցնում են քրտնարտադրությունը: Հակաքրտնեցնող միջոցների հաճախակի օգտագործումն այդքան էլ անվտանգ չէ, քանզի դրանք փակում են քրտնագեղձերի ծորանները, և հետևաբար` կանխում օրգանիզմից ավելորդ նյութերի արտազատումը: Հնարավորինս հազվադեպ օգտվիր հակաքրտնեցնող միջոցներից, հակառակ դեպքում՝ լուծելով մի խնդիր, դու կարող ես հրահրել մյուսը:
- Ներքնազգեստը և գուլպաները/զուգագուլպաները անհրաժեշտ է փոխել ամեն օր, իսկ շոգ եղանակին`օրը մի քանի անգամ: Ցանկալի է հագնել բամբակյա գուլպաներ և ներքնազգեստ:
Ավելի շատ ուշադրություն դարձրու սեռական օրգանների մաքրությանն ու առողջությանը.
- ամեն օր պետք է լվալ արտաքին սեռական օրգանները, ընդ որում՝ միայն գոլ ջրով, ուղղությունը՝ առջևից դեպի ետ, ցայլքից դեպի հետանցքը, և ձեռքերն անպայման պետք է մաքուր լինեն: Անհրաժեշտության դեպքում կարող ես օգտագործել անձնական հիգիենայի (ինտիմ) հատուկ գելեր կամ փափուկ օճառներ:
- Անձնական հիգիենայի համար մի օգտագործեք ճիլոպ և սպունգ: Դրանք կարող են վնասել նուրբ լորձաթաղանթը, ինչն իր հերթին կարող է նպաստել տարբեր վարակների առաջացման:
- Հիգիենիկ միջոցառումների ժամանակ պետք չէ կատարել ցողում (հեշտոցի լվացում): Ցողումը լվացահանում է բնական քսուկը, ինչը նպաստում է հեշտոցի չորության և գրգռվածության առաջացմանը:
- Առանձնացրու հատուկ փափուկ սրբիչ ինտիմ հիգիենայի համար, որը միշտ մաքուր պետք է լինի:
- Եթե օգտագործում ես ամենօրյա միջադիրներ, դրանք պետք է փոխել յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ: Սակայն ավելի լավ է դրանք օգտագործել դաշտանից առաջ, երբ արտադրության քանակն աճում է և դաշտանից հետո, երբ կարող է առաջանալ թույլ արտադրություն:
Իսկ դաշտանի ժամանակահատվածում…
- Պետք է լվալ արտաքին սեռական օրգանները օրական մի քանի անգամ՝ փոխելով միջադիրը:
- Եթե միջադիրը լցվում է առնվազն 1/3 չափով, այն պետք է փոխվի: Միջին հաշվով խորհուրդ է տրվում միջադիրները փոխել օրական առնվազն 4-6 անգամ, այդ թվում`աղիների յուրաքանչյուր դատարկումից հետո:
- Տամպոնները անհրաժեշտ է փոխել 2-4 ժամը մեկ: Սակայն տամպոնների շատ հաճախակի փոխելը նպաստում է հեշտոցի գրգռմանն ու չորությանը: Բացի այդ, դրանք չեն կլանում արյունալերդը, ուստի ավելի լավ է համատեղել տամպոնների օգտագործումը միջադիրների հետ:
- Տամպոններն օգտագործելուց/փոխելուց առաջ պահպանիր անձնական հիգիենայի կանոնները, լվա ձեռքերն օճառով:
- Պետք չէ օգտագործել տամպոն գիշերվա ընթացքում. գիշերային ժամերին նախընտելի են միջադիրները:
- Եթե դեռ չես ունեցել սեռական հարաբերություններ, ցանկալի չէ օգտագործել տամպոններ: Եթե կուսաթաղանթի բացվածքը (որի միջով և դուրս է գալիս դաշտանային արյունը) չափազանց նեղ է, այդ պարագայում տամպոնից օգտվելը կարող է լինի բավական անհարմար, տհաճ, ավելին` հավանական է կուսաթաղանթի մի փոքր վնասումը:
- Կրիտիկական օրերին ցանկալի չէ տաք վաննա ընդունել:
- Մի օգտվիր ջրավազանններից, լողավազաններից, նույնիսկ եթե տամպոն ես օգտագործում:
- Այնուամենայնիվ, ցնցուղ պետք է ընդունել ամեն օր:
Թևիկներով և առանց դրանց. մի փոքր խոսենք հիգիենայի պարագաների մասին:
Շատ կարևոր է ընտրել միջադիրներ կամ տամպոններ` կախված դաշտանի առատությունից: Որպեսզի ավելի հեշտ լինի ընտրելը, հաշվի առ, որ հիգիենայի միջոցների կլանման աստիճանը ցույց է տրվում կաթիլներով.
- 2 կաթիլ` սուղ արտադրության համար
- 3 կաթիլ` չափավոր արտադրության համար
- 4 կաթիլ` առատ արտադրության համար
- 5 կաթիլ` շատ առատ արտադրության համար
Հիշի′ր. շատ առատ և շատ սուղ արտադրության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:
Միշտ ընտրիր կլանման նվազագույն աստիճան ունեցող տամպոններ կամ միջադիրներ: Կլանման աստիճանը կարելի է որոշել ըստ տամպոնի լցվածության` արդյոք տամպոնը (կամ միջադիրը) լցվել է 3-4 ժամվա ընթացքում, և արդյոք երևում են սպիտակ տեղեր և թելեր: Մասնագետները խորհուրդ են տալիս ունենալ տամպոններ և միջադիրներ` կլանման տարբեր գործակցով:
Բացի այդ, գիշերը կարելի է օգտագործել հատուկ գիշերային միջադիրներ: Դրանք չափսերով քիչ ավելի մեծ են, սակայն կարող են նվազեցնել «արտահոսքի» վտանգը, նույնիսկ, եթե գիշերը արտադրությունն ավելի առատ լինի:
Իսկ դու գիտես, որ… | +> |
---|---|