Տարածված առասպելներ առողջ ապրելակերպի մասին

Առողջ սնուցման հարցերի շուրջ տարածված են բազմաթիվ առասպելներ և թյուրընկալումներ: Խոսենք ամենատարածված առասպելների մասին, որոնց վերջին շրջանում անդրադարձել են ամերակացի մասնագետներ Mark Bittman և Dr. David L. Katz-ը:
Առասպել 1. Ածխաջրերը վնասակար են և պետք է խիստ սահմանափակվեն սննդակարգում.
Նիհարել ցանկացող մարդիկ ձգտում են նվազեցնել ածխաջրերի քանակն իրենց սննդակարգում` մտածելով, որ դրանք նպաստում են գիրանալուն։ Սակայն ածխաջրեր պարունակվում են գրեթե բոլոր մթերքներում, և դրանցից հրաժարվել անհնար է և ոչ նպատակահարմար, քանի որ դրանք էներգիայի հիմնական աղբյուր են մեր օրգանիզմի համար։ Այստեղ խորհուրդը միանշանակ է, պետք է խուսափել ռաֆինացված` այսինքն մշակում անցած ածխաջրերի չարաշահումից, առաջին հերթին` շաքարից:
Վերը նշված առասպելի հետ փոխկապակցված է նաև հաջորդը:
Առասպել 2. Պետք է հրաժարվել հացից.
Ամբողջաձավար հացը բջջանյութի և կարևորագույն Բ խմբի վիտամինների հիանալի աղբյուր է։ Եթե մարդը հետևում է իր քաշին, ապա հարկավոր է սահմանափակել սպիտակ հացի, հացաբուլկեղենի և հատկապես` թխվածքների օգտագործումը, և ավելի նպատակահարմար է ամեն օր ուտել ընդեղեն, բարձրակարգ պինդ տեսակի ցորենից մակարոնեղեն և մի քանի կտոր ամբողջաձավար հաց։
Առասպել 3. Քաղցածությունն օգտակար է առողջության համար.
Չկան լուրջ գիտական հետազոտություններ, որոնք ապացուցել են քաղցած մնալու օգուտը առողջության համար:
Առասպել 4. Նիհարելու համար պարտադիր է զբաղվել մարզասրահներում.
Որքան էլ տարօրինակ է, այս պնդումը մասնագետները նույնպես առասպել են անվանել։ Նրանց խոսքով՝ մարզանքը և սպորտը խիստ կարևոր են առողջության՝ սիրտանոթային, ոսկրամկանային համակարգերի և իմունիտետի ամրապնդման համար։ Բայց քաշը իջեցնելու և նիհարելու գլխավոր պայմանը օգտագործվող կալորիաները պակասեցնելն է: Ի դեպ, ֆիզիկական ակտիվությունը ցանկացած ակտիվ զբաղմունքն է` պարը, աշխատանքը այգում կամ դաշտում, լողը, քայլարշավը, արագ քայլքը, և բոլորովին պարտադիր չէ մարզվել հատուկ մարզասրահներում և ծախսել մեծ գումարներ 🙂
Առասպել 5. Օրգանիզմը պարբերաբար պետք է «մաքրել».
Ամեն տեսակ «մաքրող» միջոցները, այսպես կոչված դետոքսները, տարածված են առողջ ապրելակերպի կողմնակիցների շրջանում, և նրանցից շատերը համոզված են, որ օրգանիզմը պետք է կանոնավոր «մաքրել» կուտակվող «տոքսիններից»։ Իրականում օրգանիզմի շլակները` բոլոր անպիտան նյութերը չեզոքացնում և դուրս են բերում լյարդն ու երիկամները։ Իսկ աղիները մաքրելու համար պետք է օգտագործել շատ բջջաթաղանթ, որը պարունակվում է բուսական մթերքների մեջ (բանջարեղեն, լոբազգիներ, մրգեր և հատապտուղներ), և խմել բավականաչափ մաքուր ջուր:
Այսպիսով, եթե ուզում եք «մաքրել» և առողջացնել օրգանիզմը, թողե՛ք ծխելը, սկսե՛ք առողջ սնվել, զբաղվե՛ք սպորտով։
Աղբյուր` https://med.news.am