Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Նարկոբում (մաս 2)

Շարունակելով թմրամիջոցների թեման, այս հոդվածում կխոսենք կախվածության հետևանքների, ինչպես նաև տարածված միֆերի և թյուրընկալումների մասին։

ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ

Թմրանյութերը ազդում են ուղեղի վրա, հետզհետե փոխում են գիտակցությունը, նվազեցնում են ինտելեկտի մակարդակը, առաջացնում են էմոցիոնալ խանգարումներ, և մարդը կորցնում է իր անհատականությունը: Միշտ չէ, որ արտաքինից հնարավոր է տեսնել, թե ինչ փոփոխություններ են կատարվում ներսում:

Ժամանակի ընթացքում օրգանիզմը սովորում է (ընտելանում է) թմրանյութի որոշակի չափաբաժնի, և մարդը այլևս չի բավարարվում թմրանյութի նույն քանակությամբ, այլ ձգտում է ուժեղ հաճույքի զգացողության, ինչն էլ շատ հաճախ հանգեցնում է մահացու չափաբաժինների ընդունման (գերդոզավորում):
Ի վերջո, թմրանյութերի օգտագործումը մարդուն զրկում է ազատ գործելու իրավունքից, իսկ չէ՞ որ ազատությունը և անկախությունն այն է, ինչին դու ձգտում ես․․․

Եկեք մի փոքր անդրադարձ կատարենք թմրանյութերի վերաբերյալ հաճախ հնչող հարցերին և տարածված միֆերին: Եվ այսպես․

  • Ի՞նչ վատ բան կա թմրանյութերի պարբերաբար օգտագործման մեջ, չէ՞ որ մարդկությունը դրանք օգտագործել է դարեր շարունակ:

Առաջներում թմրանյութերը այդքան ուժեղ ազդեցություն չեն ունեցել, որքան հիմա: Բայց նույնիսկ դրանք են կախվածություն առաջացրել և քայքայել օրգանիզմը: Մեր ժամանակներում օգտագործվող թմրանյութերի մեջ հաճույք առաջացնող ակտիվ բաղադրանյութերի քանակն առավել մեծ է: Այդ իսկ պատճառով ավելի շուտ է առաջանում կախվածություն, և ավելի շատ վնասներ է կրում օրգանիզմը: Սկսելով «պարբերաբար» օգտագործել՝ մարդն ակամա սովորություն է ձեռք բերում և շատ շուտով չի կարող առանց թմրանյութերի ապրել: Անցում «թեթևից» «ուժեղի» («թեթև»՝ սա էլ հարաբերական և հակասական է), չափաբաժնի ավելացում, մինչև որ տեղի չի ունենա գերդոզավորում, որի ընթացքում քիչ չեն նաև մահվան ելքով ծանր թունավորումները։

  • Ի՞նչ կլինի, եթե ես ընդամենը մեկ անգամ օգտագործեմ թմրանյութ:

Թմրանյութերի մեծ մասը շատ արագ առաջացնում է կախվածություն: Դա նշանակում է, որ նույնիսկ զվարճանալու նպատակով մեկ անգամ օգտագործելով` մեծ հավանականություն կա, որ կառաջանա ֆիզիկական կախվածություն, և այլևս հնարավոր չի լինի հետ կանգնել դրանցից առանց բժիշկ-նարկոլոգի օգնության: Բացի այդ, թմրանյութերն յուրաքանչյուր օրգանիզմի վրա յուրովի են ազդում, և նույնիսկ մեկանգամյա օգտագործումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ և առաջացնել վտանգավոր ռեակցիաներ, ծանր թունավորում։ Հիշիր, որ «փողոցային» և «ինքնաշեն» թմրանյութերը խիստ վտանգավոր են, քանի որ բաղադրության մեջ կարող են լինել տարբեր հավեյլալ նյութեր՝ անհասկանալի ազդեցությամբ, որոնք փոխազդում են միմյանց հետ և երբեմն ունենում են անկանխատեսելի ազդեցություն։ Չափազանց վտանգավոր է թմրամիջոցների զուգակցումը ալկոհոլի հետ։

 

Դարձրու առողջությունը նորաձև

 

Եթե դու կամ քո հարազատները արդեն բախվել եք նման խնդրի հետ, կամ եթե դեռևս քեզ հուզող հարցեր կան, ապա կարող ես ուղարկել քո անանուն հարցադրումը մեր կայքի միջոցով և ստանալ արագ և հավաստի պատասխան:

Մասնագիտացված օգնության համար անհրաժեշտ է դիմել կախվածությունների բուժման մասնագիտական ծառայություն՝

  • «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»․ www.ncat.am, Երևան, Աճառյան 2-րդ նրբ․, 2 շ․, հեռ․՝ (012) 272727, (010) 617090, addictions.arm@gmail.com

Ինֆորմացիան այս հոդվածի համար վերցրել ենք այստեղից, իսկ նկարն՝ այստեղից: