Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Լայֆհակերի շարքից. ինչպե՞ս անվտանգ օգտվել զուգարանից

Հաճախ լսում ես կարծիքներ, որ հանրային զուգարանները տարբեր վտանգավոր մանրէների աղբյուր են, և ավելի լավ է խուսափել դրանցից: Մինչդեռ կան պարզ կանոններ, որոնց հետևելով` կարող ես անվտանգ դարձնել զուգարան գնալը և խուսափել հնարավոր վարակներից:

Լայֆհակերը գաղտնիքներ են, որոնք հեշտացնում են մեր կյանքը: Լայֆհակերի շարքից այսօր կխոսենք… զուգարաններից անվտանգ օգտվելու մասին 🙂

Հաճախ լսում ես վախենալի պատմություններ հանրային զուգարանների մասին: Որոշ մարդիկ պնդում են, որ ընդհանուր օգտագործման զուգարանները տարբեր վտանգավոր մանրէների աղբյուր են, և ավելի լավ է խուսափել դրանցից` ապահովության համար:

Մինչդեռ կան պարզ կանոններ, որոնց հետևելով` կարող ես անվտանգ դարձնել զուգարան գնալը և խուսափել հնարավոր վարակներից: Եվ այսպես, անդրադառնանք այդ կանոններին.

1. Ոչ բոլոր զուգարաններն են հավասարապես աղտոտված: Օրինակ` հիվանդանոցներում, խոշոր առևտրի կենտրոններում և օֆիսներում զուգարանները շատ հաճախ մաքրվում են և ախտահանվում: Իսկ խոշոր օդանավակայաններում, գնացքներում և ինքնաթիռներում մեծաթիվ օգտվողների պատճառով երբեմն չեն հասցնում արագ և հաճախակի մաքրել զուգարանները: Աշխատեք մտնել մուտքից ամենահեռու կամ հակառակը` ամենամոտ գտնվող ազատ խցիկը, որից սովորաբար ամենաքիչն են օգտվում:

2. Մի՛ դրեք ձեր պայուսակը գետնին, սա ամենակեղտոտ տեղն է զուգարանում: Կախեք հատուկ կախարանից, իսկ դրա բացակայության դեպքում` պահեք ձեռքի մեջ կամ կախեք ձեր պարանոցից: Մյուս ամենակեղտոտ տեղերը ջրթող կոճակն է, աղբարկղը, դռների բռնակները, ինչպես նաև ջրի ծորակները և լվացարանները: Հենց այդ մակերեսներից աղտոտվում են ձեռքերը, իսկ վարակները փոխանցվում են հենց ձեռքերի միջոցով:

 

 

3. Մի՛ վախեցեք նստել զուգարանակոնքին: Իրականում ձեռքերի միջոցով զուգարանում վարակվելու հավանականությունն ավելի մեծ է: Առկայության դեպքում փռեք միանվագ օգտագործման հատուկ պատյան կամ թուղթ, մաքրեք նստատեղը հակաբակտերիալ անձեռոցիկով:

! Նույնիսկ եթե զուգարանը ոչ այդքան լավ վիճակում է, այդ պատրվակով չի կարելի երկար ժամանակ քեզ զսպել`«մինչև տուն հասնես»: Մեզը պահելը խիստ անցանկալի է միզուղիների բորբոքման և միզային քարերի առաջացման վտանգի պատճառով: Նմանապես ցանկալի չէ զսպել աղիների դատարկելը, ինչը կարող է նպաստել այսպես կոչված սովորույթային փորկապություններին:

4. Ունեցեք ձեր հետ հակաբակտերիալ խոնավ անձեռոցիկներ, որոնցով մաքրեք նստատեղը, բռնակները և ջրթող կոճակը: Ձեր հետ վերցրեք նաև թղթե անձեռոցիկներ, քանի որ հանրային զուգարաններում երբեմն չկա թուղթ:

5. Պարտադիր քաշեք ջուրը ձեր հետևից: Թվում է`պարզ բան է, բայց շատերը դա չեն անում, իսկ մյուս օգտվողի համար դա չափազանց տհաճ է 🙁

Իսկ դու գիտե՞ս, որ բարձր տեխնոլոգիաներով սարքված զուգարանակոնքերը օգտագործման հարմարության համար կարողանում են տաքացնել նստատեղը, հեռացնել հոտերը, կատարել ավտոմատ ջրթողում, բիդեի նմանությամբ ջուր ցողել, ունեն «հակաճողփյուն» համակարգ 😊

6. Պարտադիր լվացվեք զուգարանից օգտվելուց հետո:

Ձեռքերի ճիշտ լվացումը օճառով չափազանց կարևոր է վարակներից խուսափելու համար:

Առկայության դեպքում` օգտվեք հեղուկ օճառի ավտոմատ դոզատորներից և չորացուցիչից կամ միանվագ թղթե անձեռոցիկներից:

7. Զուգարանից դուրս գալուց` աշխատեք ավելորդ անգամ չկպնել դռների բռնակներին, քանի որ որոշ մարդիկ չեն լվացվում զուգարանից օգտվելուց հետո, իսկ ձեզ բոլորովին պետք չեն նրանց մանրէները:

 

Եվ վերջում հարկ է նշել, որ հանրային զուգարաններում (ինչպես և բաղնիքներում) սեռավարակներով վարակվելու ռիսկը չափազանց փոքր է, գրեթե զրո` հիգիենայի կանոնների պահպանման դեպքում: