Ամառ. ինչպե՞ս այն անցկացնել առանց հիվանդությունների

Դու ունես մեծ ընտրություն, թե ինչպես անցկացնել ամառային հանգիստը: Կարող ես մի լավ քնել, վերջապե′ս😊, կարող ես զբոսնել և խաղալ ընկերներիդ հետ բակում, այցելել լողավազան, կամ մնալ տանը և դիտել հեռուստացույց, խաղալ սեղանի խաղեր, գիրք կարդալ, մի նոր բան սովորել: Կամ էլ կարող ես գնալ քաղաքից դուրս, տատիկ-պապիկի մոտ` գյուղ, մեկնել ամառային ճամբար, մասնակցել արշավների, ճանապարհորդել ծնողներիդ կամ ընկերներիդ հետ:
Տարբերակները շատ են, մնում է վայելել այդքան սպասված ազատությունը 🙂
Իհարկե, արձակուրդներին լավ կլինի փոխել միջավայրը, ստանալ նոր տպավորություններ, հաճելի և օգտակար զբաղմունք գտնել` համատեղելով ֆիզիկական և մտավոր աշխատանքը, որպեսզի լիարժեք հանգստանաս և ժամանակդ զուր չվատնես:
Ամառվա արևոտ եղանակը, մարդու օրգանիզմի վրա իր բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը շատ բարձր է:
Նաև պետք չէ մոռանալ, որ ամռանը ավելանում է սննդային թունավորումների և աղիքային հիվանդությունների վտանգը: Ուստի պետք է խստորեն հետևել հիգիենայի կանոններին, օգտվել ջրի ապահով աղբյուրներից, որպեսզի քո ամառային հանգիստը չխանգարվի հիվանդության պատճառով:
Բացի այդ, շոգ եղանակին ավելանում են մրսածությամբ պայմանավորված հիվանդությունները` խիստ սառեցված հեղուկներ խմելու, օդորակիչն ոչ ճիշտ օգտագործելու, ինչպես նաև սառը ջրում լողալու պատճառով:
Արևի ճառագայթների մեծ քանակով երկարատև ազդեցությունը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա` առաջացնելով տարբեր խանգարումներ: Արևի ուղիղ ճառագայթների տակ երկար մնալու դեպքում առաջանում են արևայրուքներ (մաշկի կարմրություն, այտուց, ցավ, ծանր դեպքերում` բշտերի առաջացում), արևահարություններ, ֆոտոալերգիա, իսկ հետագայում կարող են զարգանալ մաշկի չարորակ նորագոյացություններ: Կարող են զարգանալ նաև ընդհանուր երևույթներ` ջերմություն, գլխացավ, սարսուռ, սրտխառնոց, փսխում, քթային արյունահոսություն:
Օդի բարձր ջերմաստիճանը բերում է օրգանիզմի ջերմակարգավորող համակարգի գերծանրաբեռնվածության և տարբեր խանգարումների, հատկապես վտանգավոր է բացօթյա պայմաններում շոգ եղանակին ֆիզիկական ծանր աշխատանք կատարել:
Շոգ եղանակին խիստ ավելանում է քրտնարտադրությունը` օրգանիզմի հովացման համար: Սովորաբար օրվա ընթացքում գոլորշիանում է 2-2.5 լ հեղուկ, շոգ եղանակին հեղուկի կորուստը կարող է հասնել 3-4 լ: Արդյունքում օրգանիզմը ջրազրկվում է` կորցնելով հեղուկներ և հանքային աղեր: Ջրազրկման աստիճանը և ընդհանուր վիճակն էլ ավելի են վատանում, եթե առաջանում է լուծով և փսխումով արտահայտվող սննդային թունավորում կամ աղիքային վարակ: Արդյունքում առաջանում է թուլություն, գլխացավ, քնկոտություն, գլխապտույտ, սաստիկ ծարավ, նվազում է մտավոր գործունեությունը, կարող են առաջանալ սրտի աշխատանքի խանգարումներ:
Ջերմաստիճանի բարձրացման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև մրսածությունից և թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.
- խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ցերեկվա ժամերին, աշխատեք քայլել ստվերում, ամենօրյա աշխատանքները կատարեք օրվա համեմատաբար զով ժամերին, իսկ ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափեք բացօթյա տարածքում ֆիզիկական աշխատանքից: Ծովում հանգստացողներին ցանկալի է գնալ լողափ առավոտյան և երեկոյան ժամերին.
- պաշտպանվեք արևից` կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագեք սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կամ այլ բնական կտորից հագուստ: Արևային լոգանքների ժամանակ ցանկալի է օգտագործել հատուկ արևապաշտպան քսուքներ.
- օգտագործեք սովորականից շատ հեղուկներ, ցանկալի է սենյակի ջերմաստիճանի: Պետք չէ չարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքներ:
Ինչպիսի՞ հեղուկներ ընդունել | +> |
---|---|
- օգտագործեք շատ մրգեր և հում բանջարեղեն, թեթև դյուրամարս սնունդ, հրաժարվեք յուղոտ կերակուրներից.
- չգնեք բացօթյա պայմաններում պատրասվող և վաճառվող, հատկապես արագ փչացող և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` կաթնամթերք, մսեղեն, ձկնեղեն, կրեմով խմորեղեն: Պատրաստի սնունդը պարտադիր պահպանեք սառնարանում, 1-2 օրից ոչ ավել.
- հետևեք, որպեսզի օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա: Օդորակիչներ ունեցող տարածքներում հագնվեք ջերմաստիճանին համապատասխան: Ծովում կամ Սևանում, ինչպես նաև սարերում հանգստանալու մեկնելիս` անպայման վերցրեք ժակետ, շալ, քանի որ երեկոյան և գիշերը կարող է լինել զով և քամոտ եղանակ:
Եվ այսպես, հետևի՛ր վերը նշված խորհուրդներին, մի՛ մոռացիր անվտանգության մասին և լիարժեք վայելի՛ր ամառային հանգիստը:
Հոդվածում օգտագործվել է ՀՀ առողջապահության նախարարության նյութը: