Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հռետորական արվեստի գաղտնիքները

Բեմից հանրության առջև խոսելիս ձայնդ ու ոտքերդ դողո՞ւմ են: Ուրեմն դու պետք է անպայման կարդաս այս նյութը, որպեսզի իմանաս անթերի ելույթ ունենալու բոլոր գաղտնիքները:

Հանրային ելույթի և առօրյա շփումների միջև տարբերությունը ոճի մեջ է: Կարդա «Հաղորդակցության վարպետ» նյութը, եթե ուզում ես իմանալ, թե ինչպես դառնալ լավ զրուցակից առօրյա կյանքում:

Եթե նախապատրաստվում ես հանրային ելույթի, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքի: Նախ, հարկավոր է հաշվի առնել հանդիսատեսի տարիքային առանձնահատկություններն ու նախընտրությունները, ընտրել հատուկ բառապաշար և մտածել՝ ինչպես գրավել և պահել նրանց ուշադրությունը: Հաճախ հենց այս խնդիրներն են անհանգստության պատճառ դառնում և խանգարում հանրության հետ շփումը վայելելուն: Մենք անհանգստանում ենք` հանկարծ մի սխալ բան կասենք կամ կմոռանանք նյութը, և մեր ելույթը կհիշվի որպես ձախողում: Սակայն այս ամենին պետք է լավատեսորեն վերաբերվել և այնպես անել, որ պաշտոնական ոճի բոլոր առանձնահատկությունները դրական ազդեցություն ունենան ելույթի վրա:

 

Միշտ պատրաստ

Ինչպես ցանկացած այլ կարևոր միջոցառման, հանրային ելույթին ևս պետք է նախապատրաստվել: Դա կօգնի քեզ ավելի ինքնավստահ լինել և մնալ հանգիստ:

1. Մտածիր հագուստի մասին: Նախօրոք ճշտիր կազմակերպիչներից հագուստի մասին, ընտրիր և պատրաստիր այն, որպեսզի տնից դուրս գալուց առաջ ստիպված չլինես հագուստին համապատասխան գուլպա կամ պայուսակ փնտրել:

2. Կազմիր քո սցենարը: Ելույթից առաջ հարկավոր է կազմել տեքստային նյութ և սովորել այն: Եթե կազմես քո սցենարը և հետևես դրան, ապա ամեն ինչ հրաշալի կանցնի: Կարող ես ողջույնի խոսք մտածել, օգտագործել ներածական բառ-մարկերներ, որոշ վիճակագրական տվյալներ և պարզապես շարադրել այն ամենն, ինչ դու շատ անգամներ արել ես տանը ինքդ քո և քո մտերիմների առաջ: Եվ որ ամենակարևորն է, եթե ելույթի ժամանակ շեղվես սցենարից, ապա դա միայն դու կնկատես:

3. Փորձեր արա հայելու առաջ: Գուցե, սա քեզ մի փոքր տարօրինակ թվա, և սկզբում լուրջ դեմքով խոսելու փորձերը ծիծաղ առաջացնեն: Բայց կրկնակի փորձերի արդյունքում կնկատես խոսքիդ առանձնահատկություններն ու թերությունները: Հնարավոր է, որ չարաշահում ես ժեստերի լեզուն, նայում ես բացառապես հատակին կամ միապաղաղ ես խոսում: Դու հնարավորություն ունես նախօրոք շտկումներ կատարելու՝ որոշակի սխալներից խուսափելու համար:

4. Հավաքիր լրացուցիչ նյութեր: Եթե սլայդերի ցուցադրման հնարավորություն կա, ապա ելույթի մեջ անպայման օգտագործիր տեսանյութեր, գրաֆիկներ: Դրանք կծառայեն որպես յուրօրինակ  հուշումներ և ելույթը ավելի տպավորիչ կդարձնեն: Ուշադրություն. ողջ նյութը սլայդերից կարդալը նպատակահարմար չէ: Աշխատիր պատմել նյութը քո սեփական բառերով: Հանդիսատեսը նույնպես կարող է (հավատա′) կարդալ այն, ինչ գրված է էկրանին:

 

Ելույթի ընթացքում

Փորձը ցույց է տալիս, որ ամենադժվարը սպասելն է ու բեմում գտնվելու առաջին րոպեներն են: Հետո ադրենալինը մի փոքր նվազում է, և սկսում ես ինքնաբերաբար մտաբերել տանը սովորած արտահայտությունները: Այս իրավիճակը կարելի է համեմատել քննության հետ, երբ դու երկար նախապատրաստվում ես, սովորում ու կրկնում ես ինչ-որ նյութեր, սակայն չես դադարում վախենալուց: Բայց երբ դատարկ թուղթը հայտնվում է քո առաջ, դու պարզապես վերցնում ես գրիչն ու սկսում ես վստահ պատասխանել հարցերին (իհարկե, եթե նորմալ սովորել ես նյութը) 🙂

Ուստի, ամենադժվարը պատրաստվելն է, ոչ թե բուն ընթացքը: Իսկ ամենամտահոգիչը նյութերը հավաքելն ու սովորելն է, ոչ թե այն բեմում ներկայացնելը:

Փորձիր «խաբել ուղեղիդ», պատրաստվիր հաճույքով, ժամանակ առ ժամանակ ընդմիջվելով հանգստանալու համար: Օգտակար է զբոսնել դրսում՝ մտածելով քո «հանճարեղ ելույթի» մասին: Իսկ երբ գա ելույթի ժամանակը, պարզապես կիսվիր ունկնդիրների հետ քեզ այդքան հետաքրքրած տեղեկատվությամբ: Հաճույքով պատմիր, եղիր բաց և մի վախեցիր սխալվելուց: Ի վերջո, եթե անկեղծորեն փորձում ես «գերել» հանդիսատեսին քո ելույթով, ամեն թերություն, ինչպես և քո թեթևակի շփոթվածությունն անտեսվում է:

 

Նկարի համար շնորհակալություն այս աղբյուրին, անիմացիայի համար` այս:

Հոդվածի կազմող` Սվետլանա Վերտոլա: