Ինքնատիրապետման գաղտնիքները
Հորմոններ, հենց դրանք են հանդիսանում դեռահասների տրամադրության կտրուկ փոփոխությունների պատճառը: Դեռահասության տարիքում տեղի ունեցող փոփոխությունների մասին հաստատ լսած կլինես:
Տիրապետել ինքդ քեզ և վերահսկել հույզերը (էմոցիաները) շատ դժվար է լինում, նամանավանդ, որ երբեմն քեզ լավ չես զգում: Իսկ եթե ավելացնենք քո դասերի և քննությունների հետ կապված սթրեսները, գնահատականների պատճառով ծնողների ճնշումը, ընկերներիցդ պակաս չլինելու և նրանց սպասումներին համապատասխանելու, հասակակիցների կողմից ճանաչված և հարգված լինելու ձգտումը և լիքը այլ պրոբլեմներ…. Այդպիսի պայմաններում հանգիստ մնալ հնարավոր չէ: Նման իրավիճակի հետևանքը կոնֆլիկտներն են: Քեզ կարող է թվալ, որ ցանկացած վեճ հարաբերությունների և ամեն ինչի վերջն է, քեզ չսիրելու նշանը և նման այլ բաներ: Բայց իրականում վեճերը և կոնֆլիկտները ամեն մարդու կյանքի անբաժան մասն են, անկախ տարիքից, սեռից, մաշկի գույնից կամ բնակության վայրից:
Հոգեբանները խորհուրդ են տալիս հետևել կոնֆլիկտների և վեճերի արդյունավետ լուծման 9 կանոններին: Դրանք են.
Կանոն 1: Ընդունիր, որ վեճն իրականություն է: Դրանից փախչել չի ստացվի: Ջայլամի պես գլուխն ավազի մեջ թաքցնելով` դու բոլորովին էլ խնդիրը չես լուծի:
Կանոն 2: Խնդիրն ինքն իրեն չի անհետանա, այն, միևնույն է, հարկավոր կլինի լուծել որոշ ժամանակ անց: Այդ պարագայում կարևոր է արտահայտել քո զգացմունքներն իրավիճակի կամ վիճահարույց հարցի վերաբերյալ: Քո հույզերն ու զգացմունքները թաքցնելը լավագույն տարբերակ չէ: Ժամանակի հետ դրանք, միևնույնը, դուրս կգան, և դա կարող է տեղի ունենալ քո և ուրիշների համար շատ անսպասելի պահին: Այդ պատճառով խոսիր քեզ հուզող հարցերի մասին, արտահայտվիր, բայց մի՛ բղավիր և վիրավորական բաներ մի՛ ասա: Մի քիչ սառելուց և կրքերի հանդարտվելուց հետո դու արդեն պատրաստ կլինես նորմալ, կոնստրուկտիվ երկխոսության:
Կանոն 3: Սովորիր լուծել պրոբլեմը և ոչ թե ուղղել կամ, էլ ավելի վատ, վրեժ լուծել մարդուց: Կոնֆլիկտն առաջանում է վիճելի հարցի կամ դժվար իրավիճակի և ոչ թե մարդու պատճառով: Այդ պատճառով մի՛ անձնավորիր պրոբլեմը:
Կանոն 4: Ցուցաբերի՛ր հարգանք: Լսի՛ր ուրիշին: Ուշադիր լսելով` դու կհասկանաս, թե ինչումն է մարդու շահը, ինչն է իրեն անհանգստացնում, հուզում կամ ինչը չի բավարարում: Ծնողներին կամ ուսուցիչներին լսելն երբեմն ձանձրալի է, բայց իրավիճակից անընդհատ խուսափելով` ոչ մի պրոբլեմ չես լուծի:
Կանոն 5: Աշխատիր լինել ինքնավստահ և ինքդ քեզ տիրապետող, կարծիքդ արտահայտիր վստահ և հանգիստ` հիշելով նաև 4-րդ կանոնը (հարգանք` զրուցակցի հանդեպ): Կոնֆլիկտների լուծման ժամանակ ո՛չ պասիվ (վիրավորվածի) դիրքը, ո՛չ էլ բուռն արձագանքը չեն օգնի:
Կանոն 6: Սովորիր համաձայնության գալ: Գտիր շփման եզրեր, որպեսզի բոլոր կողմերի շահերը ոչ միայն բարձրաձայնվեն, այլ նաև հաշվի առնվեն: Այդ պարագայում բոլոր կողմերը կշահեն: Համաձայնության գալու կարողությունն ամենակարևոր հմտությունն է, որը կօգնի քեզ ինչպես ներկայում, այնպես էլ հետագայում:
Կանոն 7: Մտածիր ներկա ժամանակով, լուծիր այն, ինչ կատարվում է տվյալ պահին: Մի՛ հիշիր անցած վիրավորանքները և տարաձայնությունները: Դա էլ ավելի կխորացնի կոնֆլիկտը:
Կանոն 8: Աշխատիր հասկանալ քո ընդդիմախոսին` քեզ պատկերացրու նրա տեղում: Ուշադիր վերլուծիր իրավիճակը տարբեր կողմերից և տեսակետներից, ոչ միայն քո սեփական պատկերացումներից ելնելով:
Կանոն 9: Սովորիր ներողություն խնդրել: Կանգնիր հայելու առջև և վարժվիր, եթե դա քեզ անհրաժեշտ է: Եթե դու սխալ ես, պետք է կարողանաս դա ընդունել: Հիշի՛ր, որ ներողություն են խնդրում ոչ թե թույլ, այլ ուժեղ մարդիկ: «Ներողություն» շատ պարզ թվացող բառը իսկական հրաշքներ է գործում:
Թվարկած կանոնները կօգնեն ոչ միայն լուծել վեճերը ներկա պահին, այլ նաև օգտակար կլինեն հետագայում` սիրած մարդու, շրջապատողների կամ ընկերների, ուսանողական տարիներին համախմբեցիների կամ աշխատանքային գործընկերների հետ հարաբերություններ կառուցելիս:
Իսկ հորմոնները ժամանակի ընթացքում կհանդարտվեն, հավատա՛: Եվ քո տրամադրությունը կդառնա ավելի կայուն: Բայց միևնույնը, այդ ժամանակ ևս կոնֆլիկտների և վեճերի լուծման հմտություններն ավելորդ չեն լինի: Եվ նույնիսկ եթե քո մոտ ամեն ինչ շատ լավ և հարթ լինի, դու միշտ կարող ես կիսվել այս խորհուրդներով քո ընկերների և նույնիսկ մեծահասակների հետ 🙂 :
Այս հոդվածի համար որոշ խորհուրդներ գտել ենք այս կայքում:
Իսկ ֆոտոն այստեղ: