Ինչպես վերապրել սիրո կորուստը
Սիրելու և սիրված լինելու պահանջը առկա է ցանկացած մարդու մոտ, անկախ տարիքից կամ այլ առանձնահատկություններից: Եվ եթե սերը փոխադարձ է, այն բերում է ուրախություն և հաճույք, մարդկանց դարձնում է երջանիկ: Բայց այս աշխարհում ամեն բան հավերժ լինել չի կարող: Եվ նույնիսկ ամենախորը զգացմունքները անցնում են, և ամենամտերիմ հարաբերություններն` ավարտվում: Եվ երբեմն դա կարող է ոչ միայն վշտացնել, այլ հուսահատացնել: Սիրո կորուստը կարող է դառնալ կյանքի ծանր փորձություն: Ինչպե՞ս վերապրել այս իրավիճակը:
- Առաջին հերթին քո համար որոշիր, թե ինչ ես զգում այս իրավիճակի և այն մարդու վերաբերյալ, որին դեռ սիրում ես: Զգալ ցավ, լարվածություն, ունենալ բացասական հույզեր` սա նորմալ է: Թույլ տուր քեզ այս զգացմունքները, թույլ տուր քեզ վիշտ զգալ:
- Գտիր քո զգացմունքները և մտքերը արտահայտելու միջոց: Դա կարելի է անել քո մտերիմների կամ կարեկցող ընկերների հետ զրույցների օգնությամբ: Օրինակ` այն ընկերուհու կամ քույրիկի հետ, ով ժամանակին վերապրել է բաժանումը կամ կորուստը: Կան այլ տարբերակներ` նկարել, գրել, ստեղծագործել, օրագիր վարել: Չէ՞ որ ստեղծագործությունն իր բոլոր տեսակներով լավագույն միջոց է վերապրելու այն ամենը, ինչ զգում ես:
- Հիշիր, որ քո մտերիմները կարեկցում և անհանգստանում են քո համար: Դիմիր նրանց օգնության, նույնիսկ եթե կարծում ես, որ նրանք քեզ չեն հասկանում: Բոլոր դեպքերում դա ավելի նպատակահարմար է, քան թե փակվել քո սենյակում և մեկուսանալ ամբողջ աշխարհից: Այս տարբերակով ցավից ազատվելն ավելի դժվար է:
- Բայց եթե ցանկանում ես մենակ մնալ, ինքդ քո մտքերի հետ, կարող ես դա անել: Քո սենյակում կարող ես մի լավ լաց լինել: Երբեմն դա օգնում է: Կարևոր է շատ չհուսահատվել և դրանով չտարվել, թե չէ կունենաս գլխացավ:
- Թույլ տուր իքնդ քեզ հանգստանալ, որպեսզի ավելի թեթև վերապրես կորուստը: Եթե անհրաժեշտ է, կարող ես 1-2 դաս բաց թողել դպրոցում կամ համալսարանում, դա ավելի լավ է, քան թե դասերին նստել և դասատուին լսելու փոխարեն արցունքներով լցված աչքերով պատուհանից դուրս նայել` հիշելով ձեր լավ պահերը:
- Աշխատիր շարունակել քեզ հետևել: Մի մոռացիր հանգստի, սննդի և ֆիզիկական ակտիվության մասին: Անլվա գլուխը և մաքուր օդին դուրս չգալը գործին հասատատ չեն օգնի:
- Ազատվիր քո կորցրած սիրո մասին հիշողություններ արթնացնող առարկաներից: Դա կօգնի ավելորդ անգամ չհիշել ձեր ձախողած հարաբերությունները: Ժողովրդական ասացվածքն ասում է. «Աչքից հեռու, սրտից դուրս»:
- Աշխատիր չընդունել կարևոր որոշումներ, խուսափիր քո կյանքում կտրուկ քայլերից և փոփոխություններից: Վշտի շրջանը լավագույն ժամանակը չէ կտրուկ կամ կարևոր քայլեր անելու համար:
- Գտիր քո մեջ ուժեր փնտրելու քո ազատ ժամանակն անցկացնելու նոր տարբերակներ և բացահայտել քո համար նոր հնարավորություններ: Ինքնուրույն կամ ընկերներիդ օգնությամբ փնտրիր որևէ հետաքրքիր զբաղմունք, հետաքրքրություն, ծանոթացիր նոր մարդկանց հետ: Դա կօգնի քեզ վերադարձնել քո սեփական ուժերի մեջ հավատը:
Հավատա, որ դու կկարողանաս շարունակել ապրել, որ ցավը ժամանակի հետ կմեղմանա: Եվ եթե դու դեռ սիրում ես այդ մարդուն, միևնույն է` քո մտքերը և հուշերը նրա մասին այդքան ցավոտ չեն լինի:
Կյանքը այնպիսին է, որ դու պարբերաբար կունենաս դժվարություններ, վշտանալու և հուսահատվելու առիթներ: Եվ լրիվ նորմալ է վշտանալ կորցրած սիրո համար: Դա նշանակում է, որ դու ապրում ես և ունակ ես սիրելու և զգալու:
Նկարի համար շնորհակալություն այս աղբյուրին: