Տարածված միֆեր դեռահասների մասին (մաս 2)
Միֆ 4. Դեռահասները կախում ունեն սոց.ցանցերից:
«Նրանք շուտով կմոռանան, թե ինչպես շփվել իրական կյանքում: Անընդմեջ սոց.ցանցերում են, ինչքան նայում ես` սմարթֆոնի մեջ են, աչքերիդ էլ չեն նայում…»:
Վերջերս Ռուսաստանում անցկացված սոցիալական հարցման տվյալներով` 14-17 տարեկանների կարծիքով իրենց կյանքում սոց.ցանցերը չեն խաղում շատ մեծ դեր: Դրա հետ մեկտեղ այդ դեռահասների շուրջ 89% կանոնավոր մտնում են համացանց և օգտվում սոց.ցանցերից: Հույսով ենք, այդ տվայլները մի քիչ կհանգստացնեն մտահոգված ծնողներին:
Սոց.ցանցերն այսօրվա կյանքի անբաժանելի մասն են, տեղեկատվության և շփման կարևորագույն աղբյուր: Անհանգստությունը կապված է այն խնդրի հետ, որ մարդը կարող է փախչել իրական կյանքից և պարփակվել համացանցում: Այստեղից առաջանում է այն միտքը, որ եթե մարդը չափազանց շատ ժամանակ է անցկացնում սոց.ցանցերում, ուրեմն նրա հետ մի բան այն չէ: Եվ այո՛, այդպես էլ է պատահում, երբ առաջանում է լուրջ կախվածություն: 🙁 Չէ՞ որ համացանցը հնարավորություն է տալիս ստեղծել մեր սեփական «Ես»-ի լրիվ այլ պատկեր, որին մենք չենք կարող հասնել իրական կյանքում: Երբեմն դա այնքան է հրապուրում, որ այլևս հետաքրքիր չէ իրական կյանքում լինել սովորական մարդ, և կորում է իրականի և վիրտուալի միջև տարբերակելու կարողությունը:
Բայց դեպքերի մեծ մասում սոց.ցանցերը չեն խանգարում, այլ օգնում են ավելի լավ ճանաչել ինքդ քեզ, սովորել շփվել և գտնել ընկերներ և համախոհներ: Եվ մենք, ձգտելով ստանալ նոր ինֆորմացիա և անընդմեջ շփվել, կարծես թե դառնում ենք կախյալ համացանցից: Երբեմն դա դառնում է հիվանդագին, խանգարում է մարդուն ապրել և ուրախանալ իրական կյանքում, և արդեն պահանջվում է մասնագիտական օգնություն: Բայց դեպքերի մեծ մասում այդ կախվածությունը տարբերվում է իսկական` հոգեմետ նյութերի առաջացրած ֆիզիկական կախվածությունից: (Այդ մասին ավելի մանրամասն կարդա «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ» բաժնում):
Միֆ 5.Դեռահասները ամաչում են իրենց ծնողներից և չեն սիրում ժամանակ անցկացնել նրանց հետ:
«Իր կարծիքով արդեն մեծացել է, ինքնուրույն դարձել: Չես էլ կարող մոտենալ, բան ասել ….»:
Պատկերացրու փոքր երեխային, ով այնքան կախում ունի իր մայրիկից, որ կարծես մեկ միասնական օրգանիզմ լինեն: Մայրիկները հաճախ ասում են` «Մենք կերանք», չնայած կերել էր միայն փոքրիկը 🙂 Հետո երեխան մեծանում է, աստիճանաբար հեռանում ծնողներից, ինքնուրույնություն ձեռք բերում: Դա լրիվ նորմալ գործընթաց է, այսպես է ստեղծել բնությունը: Հակառակ դեպքում մեծացած մարդը ինքնուրույն, առանց ուրիշների օգնության գոյատևել չէր կարողանա:
Ինչպես ասում են հոգեբանները` դեռահասության տարիքում մարդը սկսում է «կտրել հոգեբանական պորտալարը»: Հոգեբան Էրիկ Էրիքսոնը անվանեց այդ շրջանը նույնականացման ճգնաժամ` ժամանակ, երբ անհրաժեշտ է որոշել սեփական «Ես»-ը և առանձնացնել քեզ ուրիշներից: Առանց բաժանվելու ծնողներից մարդը չի կարող մշակել սեփական արժեքային համակարգը, կյանքի կանոնները և աշխարհայացքը: Այո՛, երբեմն դա շատ ցավոտ գործընթաց է երկու կողմերի համար, արդյունքում ծնողների և երեխաների միջև առաջանում են վեճեր և կոնֆլիկտներ: Դրանց առկայությունը ցույց է տալիս, թե ինչպիսի անհամաձայնություններ կան վիճող կողմերի միջև: Ինչևէ, հետո անհրաժեշտ է գտնել դրանց լուծման տարբերակները:
Մասնագետներն առանձնացնում են վեճերի լուծման 4 ամենաանհաջող տարբերակներ.
- խուսափում
- մրցակցություն
- ճնշում
- զիջում
Իսկ արդյունավետ է համարվում միայն մեկ մեթոդը` համագործակցություն:
Համագործակցության հիմքում միշտ ընկած է անկեղծ, վստահելի և բաց զրույցը, նույնիսկ ամենաբարդ և վիճելի թեմաներով:
Միֆ 6. Դեռահասների անընդհատ հայտվում են վտանգավոր իրավիճակներում:
«Նրանք ռիսկի են դիմում` փորձում են ծխախոտ և թմրամիջոցներ, մեքենայի ղեկին են նստում առանց ամրագոտիների, մտնում են վաղ սեռական կապերի մեջ….»:
Այո՛, այստեղ կա ճշմարտության տարր. 13-17 տարեկանում դեռահասին ձգում է էքստրեմալը և արգելվածը: Իհարկե, պարտադիր չէ, որ դա լինի շատ վտանգավոր մի բան, ինչից վախենում են ծնողները և ուսուցիչները: Օրինակ` առաջանում է պիրսինգ անելու կամ ընկերների հետ ակումբ գնալու ցանկությունը: Եվ դա լրիվ նորմալ է այդ տարիքում:
Ինչո՞վ է բացատրվում արգելվածի հանդեպ ձգտումը և կանոնների խախտման ցանկություն: Նախ, մարդը ընկալում է արգելվածը որպես մարտահրավեր: Հաղթահարելով վախերը` մենք զգում ենք մեզ ավելի համարձակ, ուժեղ և մեծ: Ինչքան շատ բան է արգելվում` տանը, դպրոցում, այնքան երեխան շատ կձգտի դրան հասնելու: Այդպիսի վարքագծում արտահայտվում է սեփական «Ես»-ի և անհատականության փնտրտուքը և ծնողներից անկախանալու ցանկությունը: Երբեմն դա կարող է ստանալ էքստրեմալ ձև, եթե ծնողները չեն ընդունում իրենց երեխայի մեծանալու փաստը, իսկ նա փորձում է հակառակն ապացուցել ծնողին: Այդ պարագայում նա միտումնավոր անում է այն, ինչ հասարակությունում թույլատրվում է միայն մեծահասակներին` ալկոհոլ օգտագործել, ծխել, զբոսնել գիշերը: 🙁 Իհարկե, ցանկալի է խուսափել հիմար արարքներից և «մամայի ինադուն կանեմ և կհիվանդանամ» տարբերակից և մտածել սեփական անվտանգության մասին:
Երկրորդ գործոնը. գտնվելով ընկերների շրջապատում` երիտասարդը դառնում է ավելի ինքնավստահ և ուշադրություն գրավելու համար կարող է անել մի բան, որի համար հետագայում գուցե կփոշմանի: Օրինակ` ընկերների հետ միասին փորձել ծխախոտ կամ ալկոհոլ, լողալ սառը գետում կամ լճում, և հետո ձեռք բերել մրսածություն կամ ավելի լուրջ հիվանդություն: Մի խոսքով, ընկերների գործոնը շատ կարևոր է, և կարող է նույնիսկ շատ սուսիկ-փուսիկ և լսող դեռահասին դարձնել համարձակ և էքստրեմալ անձնավորություն:
Միֆ 7. Դեռահասները ալարկոտ են և չեն սիրում սովորել:
«Տարրական դպրոցում գերազանցիկ էր, իսկ հիմա սմարթֆոնից և համացանցային ընկերներից բացի ոչնչով չի հետաքրքրվում…»:
Իհարկե, այստեղ կա խնդիր: Դեռահասության տարիքում տեղի են ունենում մի շարք փոփոխություններ, ոչ միայն ֆիզիոլոգիական, նաև հոգեբանական և սոցիալական, ի հայտ են գալիս նոր հետաքրքրություններ, նոր ընկերներ: Հենց այս տարիքում են տեղի ունենում պատասխանատու իրադարձություններ` դպրոցի ավարտական քննություններ, ընդունելություն ԲՈւՀ: Կարելի է ենթադրել, որ ուսման նկատմամբ դեռահասի անհետաքրքրության, նույնիսկ ատելության հիմքում ընկած է ոչ թե նոր գիտելիքներ ստանալու ցանկության բացակայությունը, այլ առօրյա դասերից և մշտական պատասխանատվությունից հոգնածությունը: Այդ մասին փաստում են տարբեր ուսումնասիրություններ, որոնց տվյալներով շատ դեռահասներ սիրում են իրենց ժամանցն անցկացնել տարբեր ինտելեկտուալ եղանակներով` սեղանի խաղեր, քվեստներ, թատրոններ, այցելություններ թանգարաններ և ցուցահանդեսներ: Ուրեմն խոսքը գնում է ոչ թե գիտելիքների հանդեպ անտարբերության, այլ դրանց մատուցման եղանակներն ու մեթոդները չընդունելու մասին:
Ուրեմն, դեռահասներին և նրանց ծնողներին պետք է լցվել համբերությամբ և միասին փորձել հաղթահարել բոլոր փորձությունները։
Աղբյուր` https://ology.sh/healthygrowth/mify-o-podrostkovom-vozraste/