Դեռահասություն. միֆեր և փաստեր (մաս 1)
Միֆ 1. Դեռահասները մշտապես դժգոհ են իրենց արտաքինից:
«Դժգոհ են և չեն հավանում սեփական քթի ձևը, կրծքագեղձի չափը, մազերի որակը, քաշը և հասակը…»:
Այո՛, ժամանակ առ ժամանակ դժգոհ ենք սեփական արտաքինից: Երբեմն դա օբյեկտիվ է` պզուկ է առաջացել երևացող տեղում, իսկ դու պիտի գնաս երեկույթի: Որոշ դեպքերում պարզապես տրամադրությունն է վատ 🙁 Հասունացման տարիքում ամեն ինչ բարդ է: Գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ` փոխվում է մարմնի ձևը, աճում են մազեր անսովոր տեղերում, և դու պարզապես չես հասցնում այդ ամենի հետ համակերպվել:
Հոգեբանները ասում են, որ մեր մոտ ձևավորվում է սեփական մարմնի պատկերը, և այդ պատկերի վերաբերյալ մենք ունենում են տարբեր հույզեր` դրական կամ բացասական: Իսկ երբ մարմինը շատ արագ է փոփոխվում, և պատկերը չի հասցնում դրա հետևից, ապա տարակուսանք է առաջանում նաև հույզերում: Բայց դա ժամանակավոր է: Մյուս խնդիրը` մարմինը աճում է անհամաչափ: Այդ պատճառով դու քեզ զգում ես անսովոր և նույնիսկ տգեղ: Բայց սա էլ կանցնի, և մոտ 17-18 տարեկանում ամեն ինչ կուղղվի: Մեկին փոփոխությունը շատ բարկացնում է, մյուսը բանի տեղ չի դնում, և սրանք լրիվ նորմալ ռեակցիաներ են:
Լավ նորությունն այստեղ այն է, որ հասունացման տարիքից հետո քո մարմինը դեռ կարող է փոխվել, և ցանկության դեպքում կարող ես մի քիչ շտկել արտաքինդ և ընդգծել քո գեղեցկությունն ու անհատականությունը` փոխել սանրվածքը և ոճը, նիհարել կամ լցվել, ազատվել պզուկներից և ավելորդ մազերից, մարզվելու շնորհիվ ստանալ մկանուտ մարմին:
Միֆ 2. Հորմոնալ տեղատարափի պատճառով դեռահասները ոչ ադեկվատ վարքագիծ են դրսևորում:
Սա դեռահասի տարածված կերպար է մեդիայում` ագրեսիվ, ինքնամփոփ, անբարեհամբույր, «կարծես մի չար արարած, որից պետք է հեռու մնալ»:
Այդքան էլ հաճելի չէ, որ քեզ համարում են անորմալ և ֆրիկ: Կամ երբ քո մասին դատում են` ելնելով քո տարիքից` «դեռահաս է, սա ամեն ինչ ասում է»: 🙂
Հորմոնալ տեղաշարժերը, իրոք, մեծ ազդեցություն են թողնում դեռահասների տրամադրության վրա: Սակայն կան մարդիկ, որոնց հասունացման փուլում արտառոց բան չի նկատվում, և ամեն ինչ շատ հարթ ու հանգիստ է անցնում: Սեռական հորմոնների ազդեցության արդյունքում տղաները ֆիզիոլոգիապես դառնում են տղամարդ, իսկ աղջիկները` կին, և կարող են երեխա ունենալ: Իրականում երկու սեռերի օրգանիզմում էլ արտադրվում են և՛ իգական, և՛ արական սեռական հորմոններ, բայց տարբեր չափաբաժիններով, և նորմայում տղամարդկանց մոտ ավելի շատ է տեստոստերոնը, իսկ կանանց մոտ` էստրոգենը: Դեռահասների մոտ հորմոնների արտադրությունը բավականին ինտենսիվ է, արյան մեջ դրանք արտազատվում են կտրուկ ձևով, ինչի հետևանքով կտրուկ կարող է փոխվել տրամադրությունը, առաջանան ագրեսիայի պոռթկումներ և այլն: Ինչևէ, ժամանակի հետ ամեն ինչ հարթվում է, և երիտասարդը սովորում է կառավարել սեփական հույզերը:
Սակայն, շրջապատողների հետ հարաբերություններ կարգավորել այդքան էլ հեշտ չէ, և ծնողները և ուսուցիչները ստիպված են փոխել վերաբերմունքը դեռահասների հանդեպ, քանի որ նրանք երեկվա փոքր, լսող և ենթարկվող երեխաներ չեն, այլ սեփական «ես»-ը պնդող, ինքնահաստատվող և անկախության ձգտող անձինք: Եվ սա է վիճաբանությունների պատճառը: Խնդիրների բուն պատճառը անհակացողությունն է, և պետք է ուղղակի փորձել հասկանալ երկու կողմերին, գտնել արդյունավետ շփման եզրեր` ցույց տալով, որ հասկանում եք տրամադրության փոփոխման, հույզերի և տարբեր արարքների պատճառները, փորձում եք վերահսկել հույզերը և վարքագիծը, բացատրել և տեղ հասցնել սեփական կարծիքը և վերաբերմունքը:
Միֆ 3. Այսօրվա դեռահասները «սանձարձակ» են և չունեն ամոթի զգացում:
«Նրանք մեծահասակներից էլ լավ ամեն ինչ գիտեն սեքսի մասին: Անընդմեջ խոսում են հարաբերությունների մասին, հատկապես աղջիկները, որոնք անդադար քննարկում են տղաներին: Տղաներն էլ… մի հատ տե՛ս հեռախոսներում ինչեր ունեն…»
Եթե դեռահասը հետաքրքրվում է սիրային հարաբերություններով և սեքսով, դա չի նշանակում, որ նրա հետ ինչ-որ բան այն չէ: Եվ հակառակը` եթե դեռ չի հետաքրքրվում, դա նույնպես նորմալ է: Հասունացման տարիքում նորմալ է ուսումնասիրել սեփական մարմինը, փորձել ընկերություն անել հակառակ սեռի հետ, սիրահարվել: Այդպես է մեծանում դեռահասը: Խոստովանենք, որ այսօրվա ծնողները ևս այդ տարիքում հետաքրքրվել են այդ թեմաներով, ծնողներից թաքուն կարդացել են արգելված գրքեր և դիտել են «մեծերի համար» նախատեսված նկարներ կամ ֆիլմեր, այդ մասին խոսել ընկերների հետ: Այսօր դրա կարիքը չկա, քանի որ ամեն ինչ հասանելի է համացանցում, դա է ամենամեծ տարբերությունը:
Ուրիշ հարց է, թե ինչքանո՞վ հավաստի են այդ տեղեկատվության աղբյուրները: Այդ պատճառով էլ պետք է սովորեցնել դեռահասներին ճիշտ օգտվել համացանցից և ցույց տալ երաշխավորված տեղեկատվության աղբյուրներ, այդ թվում`թեմատիկ կայքեր: Իրականում սեռական հարաբերությունների, անատոմիայի և ֆիզիոլոգիայի, հասունացման, սեռավարակների, ՄԻԱՎ-ի, պաշտպանության միջոցների և պատասխանատու վարքագծի մասին տեղեկատվությունը չափազանց կարևոր է: Տեղեկացված լինելով` մենք ավելի հանգիստ ենք ընդունում սեփական մարմնի փոփոխությունները, ավելի պատասխանատու ենք վերաբերվում հարաբերություններին, կարողանում ենք մեզ պաշտպանել և խուսափել անխոհեմ վարքագծից և սխալ քայլերից, որոնք կարող են վտանգել մեր առողջությունը:
Եվ իհարկե, հետաքրքրվել սեքսով դեռ չի նշանակում զբաղվել: 🙂
շարունակելի
Աղբյուր` https://ology.sh/healthygrowth/mify-o-podrostkovom-vozraste/