Ապրել հյուգե ոճով
Դանիան ավանդաբար համարվում է աշխարհի ամենաերջանիկ երկիրը: Ինչո՞ւ են դանիացիներն ավելի երջանիկ, համեմատած Արևմտյան Եվրոպայի այլ բարեկեցիկ երկրների հետ: Չմոռանանք, որ Դանիայում բավականին ցուրտ եղանակ է, քիչ են արևոտ օրերը, թանկ է կյանքը և բարձր են հարկերը … Ինչո՞ւմն է գաղտնիքը:
Այստեղ դեր են խաղում ոչ միայն սոցիալ-տնտեսական կարգավիճակը և բարձր կենսամակարդակը, այլ հատուկ մոտեցումը, որը թույլ է տալիս ստանալ հաճույք և բավարարվածություն ամենապարզ առօրյա բաներից: Այդ հայեցակարգը կամ փիլիսոփայությունը կոչվում է «հյուգե»:
Ըստ դանիացի գրող Մայք Վիկինգի` հյուգեն ունի մի շարք կանոններ, որոնց հետևելով կարելի է ապահովել դրական հույզեր, բարեհամբույր և բարյացակամ մոտեցում և կյանքից բավարարվածություն:
Եվ այսպես, թվարկենք այդ կանոնները:
1. Հաճույք ստացեք պարզ բաներից.
Սովորեք գնահատել կյանքի իրական երջանկության պահերը` գեղեցիկ բնությունը, երեխայի անկեղծ ծիծաղը, բարի ժպիտը, մտերիմ մարդու ջերմությունը, հետաքրքիր գիրքը … Գնահատեք ոչ թե նյութականը, այլ նման փոքր երջանիկ պահերը: Եվ առհասարակ, սովորեք հաճույք ստանալ անգամ մանրուքներից:
Նույնիսկ ամենածանր և զբաղված աշխատանքային օրերին փոքրիկ ընդմիջումներ արեք և վայելեք հանգիստը:
Նվիրեք ձեզ 5-ից 10 րոպե յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ: Մի մնացեք ձեր աշխատասեղանի մոտ նստած, բարձրացրեք գլուխը համակարգչի կամ սմարթֆոնի էկրանից: Դուրս եկեք բակ կամ փողոց, խմեք թեյ կամ սուրճ, անջատեք հեռախոսը կամ գոնե մի պատասխանեք գործնական զանգերին և նամակներին:
2. Եղեք ավելի ակտիվ.
Մենք բազմիցս ենք խոսել ֆիզիկական վարժանքների կարևորության մասին: Եթե դուք ամեն օր օգտվում եք տրանսպորտից կամ մեքենայով եք հասնում աշխատավայր կամ դասի, առնվազն շաբաթը մեկ դա արեք ոտքով կամ հեծանվով: Եթե չկա այդ հնարավորությունը, գոնե շաբաթ-կիրակի օրերին դուրս եկեք զբոսանքի կամ գնացեք արշավ, այցելեք լողավազան կամ սպորտային խմբակ ընտանիքի անդամների և ընկերների հետ միասին: Դա թույլ կտա լիցքաթափվել և «անջատել» ուղեղը:
3. Մի՛ ամաչեք ձեր զբաղմունքներից և մի՛ թաքցրեք ձեր հույզերը.
Մի՛ զսպեք ձեր իրական հույզերը: Երբ զգում եք դրա կարիքը, կարող եք լացել, գոռալ, եթե վիճել եք ընկերոջ կամ հարազատի հետ և ուզում եք հաշտվել, անպայման արե՛ք դա` առանց հապաղելու:
4. Գտեք ձեր հոբբին.
Սիրելի զբաղմունքը կօգնի ձեզ դրսևորվել և հանգստանալ, կտա շատ դրական լիցքեր: Օրինակ` փոքր տարիքից սիրել եք նկարել և ցանկացել եք դա անել ավելի պրոֆեսիոնալ: Գնեք մատիտներ կամ ներկեր կամ գրանցվեք նկարչության դասընթացին: Հատկացրեք շաբաթական 1-2 ժամ նկարչության կամ ձեր նախընտրած զբաղմունքի համար` առանց շեղվելու տան գործերի կամ աշխատանքի/ դասերի վրա:
5. Պատրաստեք համեղ ուտեստներ և հաճույք ստացեք սննդից.
Սնվեք հաճույքով, կերեք առանց շտապելու: Եթե սովոր եք ուտել շատ արագ, ոտքի վրա, պարտադիր փոխեք այդ սովորությունը` ավելացնելով սնվելուն հատկացրած ժամանակը շուրջ երկու անգամ: Սնվեք առողջ, բայց ժամանակ առ ժամանակ կարող եք ձեզ թույլ տալ ուտել համեղ մի բան «չթույլատրված» սննդատեսակների ցանկից 🙂
Ինչևէ, մի՛ մոռացեք չափի մասին, հյուգեն ենթադրում է նաև չափ ու սահմանի ճանաչում:
6. Փոփոխություններ կատարեք ձեր ինտերյերում` դարձնելով այն ավելի հարմարավետ.
Դանիացիները նախընտրում են բաց գույներ, բնական նյութեր և գործվածքներ, հաճելի մանրուքներ, մեղմ լուսավորություն: Կարող եք պարզապես փոխել սեղանի կամ կահույքի դասավորվածությունը, պատերի երանգները կամ նկարները, ավելացնել վառ գույներ: Կարող եք սենյակում ավելացնել սիրելի լուսանկարներ, գրքեր կամ մոմեր: Անկողինը կամ բազմոցը ծածկեք գեղեցիկ ծածկոցով և տեղադրեք տարբեր ձևերի բարձեր:
7. Հյուրեր հրավիրեք.
Վե՛րջ տվեք սոց.ցանցերի միջոցով շփումներին: Ընկերների, մտերիմ և հարազատ մարդկանց հետ աշխատեք շփվել առերես: Հանգստյան օրերին կազմակերպեք ընտանեկան հանդիպումներ, երեկույթներ և կիրակնօրյա ճաշեր կամ պարզապես հավաքվեք միասին և խաղացեք սեղանի խաղեր: Եվ չմոռանա՛ք անջատել հեռախոսները:
8. Կրեք հարմարավետ հագուստ և կոշիկ.
Հարվարավետությունը հյուգեի կարևորագույն գաղափարն է: Ժամանակակից նորաձևությունը թելադրում է հյուգե ոճը: Չէ՞ որ այսօր շատ նորաձև են բնական գործվածքները և հագուստի հարմարավետությունը 🙂
Հուսով ենք, նշված խորհուրդները կօգնեն ձեզ դարձնել կյանքն ավելի հարմարավետ ու հաճելի և գնահատել հարազատ մարդկանց կամ ձեր սիրելի զբաղմունքի ուղեկցությամբ անցկացված ամեն րոպեն:
Փորձե՛ք ապրել համերաշխ ինքներդ ձեր և շրջապատող աշխարհի հետ: