Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:
Ես ոչ մի բանի հավես չունեմ։ Դասերս ինձ ձանձրացնում են, կորցրել եմ սովորելու մոտիվացիան։ Ինչպե՞ս դուրս գամ այս իրավիճակից։

Իրականում շատ դեռահասներ, նաև ոչ միայն դեռահասներ, ունենում են նման դեմոտիվացիայի և ընկճվածության պահեր։ Ուրեմն, ինքդ քեզ մի լավ թա՛փ տուր և գտիր ներքին մոտիվացնող մի բան, ստիպիր քեզ մի հետաքրքիր բանով զբաղվել: Զանգիր ընկերոջդ (ընկերուհուդ), պայմանավորվեք հանդիպել, մի նոր տեղ գնալ, միասին նախաձեռնեք հետաքրքիր մի բան: Կարող ես գրանցվել նոր սպորտի, էկզոտիկ պարերի խմբակ, յոգայի, ըստ քո նախասիրությունների, միացիր արշավախմբերին կամ որևէ կամավորական շարժմանը կամ պարզապես սկսիր առավոտյան կամ երեկոյան  վազել մոտակա այգում: Բնականաբար, սկզբում դժվար կլինի և պետք է որոշ ջանքեր գործադրես, բայց հետո ինքդ հաճույք կստանաս այդ գործողություններից: Փորձիր մի օգտակար բան պատրաստել ինքդ, քո ձեռքերով, և ոգեշնչվիր ստացված արդյունքով: Սրանք ընդհանուր տրամադրությունդ բարձրացնելու համար խորհուրդներ են։

Ինչ վերաբերում է սովորելուն և դասերին, այստեղ էլ փորձիր գտնել քեզ հետաքրքրող և մոտիվացող գործոններ, դիր փոքր իրագործելի նպատակներ և շարժվիր առաջ, չմոռանալով ինքդ քեզ գովել արդյունքի հասնելու համար։ Փորձիր հետաքրքիր և անսովոր մի բան գտնել դպրոցական առարկաների մեջ, խորացիր, գտիր լրացուցիչ ինֆորմացիա համացանցում (օգտվիր հուսալի աղբյուրներից) և զարմացրու ուսուցիչներիդ և դասարանցիներիդ։ Դասընկերներիդ հետ միասին կատարեք հետաքրքիր պարզ փորձեր՝ քիմիայից, ֆիզիկայից, ուսումնասիրեք քիչ ծանոթ մի երկրի/ պետության/ազգի պատմությունը կամ մշակույթը, աշխարհագրությունը կամ բնաշխարհը, գտեք հետաքրքիր և ուշագրավ փաստեր, սովորեք նոր լեզու և շփվեք օտարերկրյա հասակակիցների հետ համացանցով, ճանապարհորդեք։ Վստահ եմ՝ դու անպայման կհամոզվես, որ նոր բաներ սովորելը հետաքրքիր է և մոտիվացնող։

Ի դեպ, եթե ունենաս համախոհներ, ամեն ինչ ավելի հեշտ կստացվի, քանի որ դուք իրար կմոտիվացնեք:

Այլ հարցեր