Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:
Ես 19 տարեկան եմ, բոյս՝ 149սմ, քաշը՝ 47կգ։ Ի՞նչ անեմ, որ մի քիչ բոյովանամ։ Նեղվում եմ իմ կարճ հասակից, բայց վիրահատություն չեմ ուզում

Ողջույն։ Շնորհակալություն քո հարցի համար։ Նման հարցեր մենք հաճախ ենք ստանում ավագ տարիքի դեռահասներից։
Քո հարցն ունի 2 կողմ՝ բժշկական և հոգեբանական, երկուսին էլ կանդրադառնանք։
Հասակի վրա ազդում են շատ տարբեր գործոններ, որոնցից ամենակարևոր դերը ժառանգականությանն է։ Ցավոք, 17-18 տարեկան հասակից հետո շատ բան չես կարող փոխել հասակի հետ կապված, եթե բացառվի վիրահատական եղանակը, որը զերծ չէ տարբեր բարդություններից 🙁 ։ Դու ինքդ ես հասկանում, որ ոսկրերի ակտիվ աճը շարունակվում է մինչև որոշակի տարիք,  երբ փակվում են այսպես կոչված աճի գոտիները, աղջիկների դեպքում՝ 16-18տ․, և ավելի երկար աճում են տղաները՝ մինչև 19-20 տարեկան։ Իհարկե, դու կարող ես հատուկ վարժությունների միջոցով՝ ցատկ, լող, ձգումներ,  ձգել քո մարմինը, զարգացնել լավ կեցվածք, ինչի շնորհիվ 1-2սմ կավելանա հասակդ, բայց կարծում եմ դա քո խնդիրը չի լուծի։

Անդրադառնանք 2-րդ կողմին՝ հոգեբանական։ Խնդիրը ավելի շատ քո ինքնագնահատականի լավացման և սեփական մարմնի ընդունման մեջ է։ Համոզված եղիր, որ շատ բարձրահասակ և խոշոր օրիորդներ և պատանիներ կարող են քո պես ունենալ կոմպլեքսներ, կուզիկանալ՝ ցանկանալով երևալ պակաս բարձրահասակ, լինել  փոքրամարմին։ Մարմնի չափերը և առհասարակ արտաքինը չեն կարող մարդուն դարձնել երջանիկ կամ դժբախտ։ Խնդիրը ոչ թե չափսերի մեջ է, այլ մարդու ինքնագնահատականի, սեփական մարմինը սիրելու, ընդունելու, մարմնի դեմ չպայքարելու։
Ուրեմն, աշխատիր այդ ուղղությամբ, իսկ մեր կայքի հոդվածները կօգնեն քեզ ընդունել քեզ այնպիսին, ինչպիսիսն դու կաս, առողջացնել կենսակերպդ, լավացնել առոջությունդ և ինքնագնահատականդ, արդյունքում՝ զգալ քեզ ավելի երջանիկ։
Առողջ եղիր։

Այլ հարցեր