Ես այլևս չեմ կարող: Ուզում եմ վերջ տալ իմ կյանքին: Իսկապես: Հոգնել եմ իմ անիմաստ կյանքից: Ի՞նչ անեմ:
Կյանքի անիմաստության զգացումը կարող է պայմանավորված լինել ուժեղ հիասթափությամբ: Հնարավոր է, որ քեզ չի հաջողվել անել ինչ-որ մի կարևոր բան: Նման զգացում ժամանակ առ ժամանակ ունենում են բոլորը: Սպասի՛ր, կյանքը ոչ միայն խնդիրներ է առաջացնում, այլ նաև հնարավորություններ է ստեղծում, նույնիսկ, եթե հիմա դու այդպես չես կարծում:
Ծանր ժամանակահատվածներ, հիասթափություն հաղթահարելն ու նոր հնարավորությունների սպասելը ավելի հեշտ է, երբ քո կողքին հոգատար մարդիկ կան: Ուշադիր նայիր շուրջդ, անշուշտ, ոչ հեռու քեզանից կա մեկը, ում հետ կարող ես սրտանց զրուցել: Դա կարող է լինել բարեկամ, հարևան, ուսուցիչ կամ դպրոցի հոգեբան:
Խոսակցությունը սկսելու համար ասա. «Իմ կյանքն այնքան դժվար է, որ երբեմն չեմ ուզում ապրել: Ես օգնության կարիք ունեմ»: Խնդրի՛ր, որ նա լսի քեզ:
Այժմ քեզ պետք է ուշադրություն, աջակցություն, որպեսզի կարողանաս ուժ հավաքել և մտածել նոր հնարավորությունների մասին:
Գոյություն ունի շուրջօրյա թեժ գիծ (010-360684), կարելի է զանգահարել նաև այնտեղ: Խորհրդատվությունը գաղտնի է և անանուն, այսինքն՝ ոչ ոք չի պարզելու, թե ով ես դու, և չի պատմելու ծանոթներից որևէ մեկին: