Love is…
Հիշու՞մ ես, վերջերս ընկերներիդ հետ խոսում էիք, թե ինչպես ուշքի բերել սիրուց «գլուխը կորցրած» ձեր ընկերոջը: Միշտ եղել էր նորմալ տղա, իսկ օրերից մի օր լրիվ շուր եկավ` ընկերական շրջապատից հեռացավ, մեկ տարօրինակ մտածմունքների մեջ է, մեկ էլ, ամեն ինչ մոռանալով, վազում է այնտեղ, ուր կարող է «հանկարծակի» հանդիպել զուգահեռ դասարանում սովորող Գայանեին, կարծես շատ սովորական մի աղջկա …
Իսկ այժմ դու ինքդ էլ գիտես` այո՛, այդպես պատահում է: Քնել կամ ուտել չես ուզում, տեղդ հանգիստ նստել չես կարող, բոլոր գործերը մի կողմ ես դնում, և քեզ պետք է միայն մի բան` տեսնել, լսել, լինել նրա կողքին …
Երեկ մեծ եղբայրդ սեղանին «մոռացավ» մի գրքույկ` դեռահասության շրջանի հորմոնալ փոփոխությունների մասին: Ինչքա՜ն հոգատարն է: Ոնց որ թե չգիտի, որ գոյություն ունի համացանց, որտեղ դրա մասին ամեն ինչ գրված է: Մայրիկը շուրջդ պտտվում է, մի կողմից ուզում է քո հետ խոսել, մյուս կողմից էլ վախենում է, որ դու հանկարծ պոռթկում կտաս, իսկ հետո կփակվես, ինքդ քո մեջ կամփոփվես: Նա իր հերթին թաքուն տալիս է քեզ տարբեր օգտակար գրքեր: Բայց կարդալու ժամանակ չունես, և հավես էլ չկա մտածելու խելացի խորհուրդների մասին և առավել ևս սովորելու ուրիշների սխալների վրա: Դու վստահ ես, որ քո մոտ ամեն ինչ ուրիշ ձևով է լինելու:
Այնուամենայնիվ… Լավ կլինի, եթե քո լարված կյանքում ժամանակ գտնես ինքդ քեզ հարցնելու` իսկ դու իսկապես ուզու՞մ ես, որ քո մոտ ամեն ինչ այլ ձևով լինի: Իհարկե, կարելի է երկար չմտածել, գնալ քեզ տանող սիրո փոփոխական քամու հետևից, իսկ թե հետագայում ինչ կլինի, թող լինի: Կարելի է գլուխ չկոտրել լուրջ մտածմունքներով. չէ՞ որ քեզ լավ ես զգում նրա հետ միասին, իսկ հետագան կյանքը ցույց կտա: Գուցե չարժե՞ ապագայի մասին պլաններ կազմել, ապագան կգա, կերևա, դեռ ժամանակ ունեք: Ինչևէ, դա քո որոշումն է և իրավունքը: Բայց դու նաև իրավունք ունես մի քիչ ավելի շատ իմանալ սիրո մասին և թե ինչպես կառուցել հարաբերությունները սիրած մարդու հետ:
Սիրո մասին գրված է շատ ավելին, քան թե մարդկային այլ վիճակների մասին: Բանաստեղծներ, գրողներ, փիլիսոփաներ, գիտնականներ, ոչ ոք այդ զգացմունքի նկատմամբ անտարբեր չի մնացել: Բայց, ինչքան էլ իրարից տարբերվում են սիրո բազմաթիվ սահմանումները և բնորոշումները, բոլորն ունեն մեկ ընդհանրություն` սիրելը և սիրված լինելը ամենակարևոր բանն է, ինչի համար մենք ապրում ենք:
Մտերմություն` այն անտեսանելի թելերն են, որոնք աստիճանաբար ամուր կապում են երկուսին: Եվ ահա գալիս է մի պահ, երբ կարող ես սիրած մարդու հետ կիսել քո թաքնված և ամենակարևոր մտքերը, ապրումները, որոնք չէիր վստահի ուրիշին:
Հավատարմություն` միասին լինելու, իրար հետ մնալու և ապրելու որոշումն է և պատրաստակամությունը, չնայած ձեր հարաբերություններում հնարավոր «վերելքների և անկումների»:
Իրականում այս երեք բաղադրիչները կազմում են սիրային հարաբերությունների տարբեր ձևերը: Մտերիմ ընկերների հետ կարելի է կիսել ամենակարևոր բաները, բայց ֆիզիկական գրավչությունն այստեղ կապ չունի: Կարելի է զմայլվել կամ խենթի պես սիրահարվել անծանոթ, շատ համակրելի մարդուն, բայց դա բոլորովին չի նշանակում, որ նրա ներքին աշխարհը համապատասխանում է քեզ, և որ նա քո երկրորդ կեսն է: Իսկ այն, ինչ անվանում են «ռոմանտիկ սեր», հենց գրավչության և մտերմության համատեղումն է:
Իսկ իրական սերը ենթադրում է նաև հավատարմություն, ինչը շատ կարևոր է տևական հարաբերություններ կառուցելու համար: Եվ եթե ժամանակի հետ գրավչության բաղադրիչը գնում է հետին պլան, ապա համերաշխ զույգի մտերմությունը և հավատարմությունը ժամանակի հետ ամրանում են և օգնում պահպանել սերը:
Մեզանից յուրաքանչյուրը հասկանում է սերը յուրովի և արտահայտում է այն իր ձևով, իր սեփական «լեզվով»: Իսկ ինչպե՞ս ավելի լավ իրար հասկանալ: Տարբեր մարդկանց համար սիրո արտահայտությունները տարբեր են` մեկի համար «սիրո լեզուն» հաճելի խոսքերն են, հատկապես` արտասանելու ձևը և ինտոնացիան (այդպիսի մարդկանց մասին ասում են, որ նրանք սիրում են ականջներով): Մյուսը կարևորում է փոքրիկ ուշադրության նշանները և նվերները, մեկ ուրիշը` այն ժամանակը, որը սիրած մարդը պատրաստ է տրամադրել և անցկացնում է նրա հետ: Որոշ մարդկանց անհրաժեշտ են կոնկրետ արարքներ և գործնական օգնություն, իսկ մյուսներին` ֆիզիկական հպումները և գուրգուրանքը:
Մենք նվիրում ենք սիրած մարդկանց այն, ինչի կարիքն ունենք ինքներս: Ուրեմն, բացատրիր քո սիրած մարդուն պարզ և հասկանալի ձևով, թե ինչն է քո համար իսկական սիրո արտահայտությունը և խնդրիր նրան անել նույնը` բացահայտել իր ցանկությունները: Չէ՞ որ անկախ ձեր հարաբերությունների փուլից` շատ կարևոր է, որ սիրող մարդն իրեն իսկապես սիրված զգա:
Քո երկրորդ կեսի փնտրտուքները, որ սկսվում են մեծանալու հետ, ինչպես և ցանկացած այլ փորձ, փորձարկումներ են և սխալներ, հիացմունք և հիասթափություն, ուրախություն և վիշտ: Սա նաև հիանալի հնարավորություն է ավելի լավ ճանաչելու ինքդ քեզ, իմանալու, թե մեզ ի՞նչ է համապատասխանում, իսկ ինչը` ոչ, դու՞ր է գալիս, թե՞ ոչ, հասկանալու, թե մենք կոնկրետ ի՞նչ ենք փնտրում մարդու մեջ: Եվ ի վերջո, սովորելու կառուցել իսկական և երջանկություն պատճառող հարաբերություններ: