Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Անակնկալ նվերների գաղափարներ Վալենտինի օրվա կապակցությամբ

Սիրահարվածների տոնի նախօրեին շատերը սկսում են մտածել, թե ինչպես անցկացնել այդ տոնը, որ այն դառնա ձեր երկուսիդ համար հիշվող մի իրադարձություն: Ի՞նչ նվիրել: Ի՞նչպես զարմացնել սիրելիին և անակնկալ նվերի օգնությամբ ևս մեկ անգամ ցուցադրել քո սերը և ուշադրությունը: Այդ ամենի մասին կարդա այս հոդվածում:

Ռոմանտիկ հաղորդագրություն

Նախապես մտածիր ռոմատիկ տեքստի բովանդակությունը, գեղեցիկ ձևավորիր, օրինակ` տեղադրիր ծրարների մեջ և փոքրիկ անակնկալ հուշանվերի ուղեկցությամբ դիր ընկերոջդ պայուսակի, բլոկնոտի կամ բաճկոնի գրպանի մեջ: Որպես հուշանվեր կարող է ծառայել օրինակ` փոքրիկ բանալի («քո սրտի բանալին»), գեղեցիկ փետուր («հրեշտակի թևից»), չորացած ծաղիկ («առաջին ծաղկեփնջից») կամ այլ սիմվոլիկ մի բան: Հաղորդագրությունների մի մասը կարող ես ուղարկել սոց.ցանցերով: Այսպիսով, քո սիրելին օրվա ընթացքում մի քանի անգամ կստանա ռոմատիկ անակնկալներ և կհիշի ձեր հանդիպումները:

Պարգևատրում

Համացանցը լի է գեղեցիկ շաբլոններով, որոնք կարող ես օգտագործել քո սիրած մարդու համար յուրօրինակ պարգևագիր պատրաստելու համար` «Ամենահմայիչ ժպիտի», «Ամենագեղեցիկ աչքերի», «Ամենաբարի սրտի համար» և այլն: Ընտրություն կատարելիս` մտածիր հիմնավորումներ, թե ինչու ես հենց այս «անվանակարգում պարգևատրում» ընկերոջդ/ ընկերուհուդ, և անպայման ասա այդ մասին նրան նվերդ հանձնելիս:

Ձեր համատեղ հուշերի ալբոմ

Մի նոթատետրի մեջ սոսնձիր ձեր ընդհանուր նկարները և համատեղ ժամանցի իրադարձությունների մասին հուշերը, ձեր ռոմանտիկ նամակները, առաջին ժամադրություններից պահպանված կինոյի կամ թատրոնի տոմսերը: Բոլորի տակ կարճ գրանցումներ արա, իսկ հետո կազմակերպիր ձեր հարաբերությունների հիշատակի երեկո:

Երաժշտական ոգեշնչում

Եթե դու լավ երգում ես, կարող ես մի քանի երգեր ձայնագրել` ստեղծելով հատուկ երգացանկ, այն երաժշտությունից, որ կապված է ձեր հարաբերությունների հետ: Դուք կարող եք այն լսել միասին կամ ռոմանտիկ երեկոյի ժամանակ պարել այդ երգերի տակ:

Քաղցր անակնկալ

Ստեղծիր թեմատիկ քաղցր հավաքածու: Օրինակ` արկղիկի կամ զամբյուղի մեջ լցրու միայն դեղին գույնի քացրավենիք և մրգեր և ամրացրու «իմ արևին» վերնագրով փոքրիկ բացիկ 🙂 : Քո անակնկալ նվերով կարող ես ընդգծել ընկերուհուդ կամ ընկերոջդ հետաքրքրությունները կամ մասնագիտությունը` նվիրելով հատուկ ձևավորված «քաղցր ծաղկեփունջ» (sweet design տեխնիկան կիրառելով) կամ օրինակ` գնդակի/ շահմատի (սպորտսմենների համար) կամ ջութակի/ դաշնամուրի (երաժշտի համար) տեսք ունեցող տորթ:

Ֆիլմ ձեր երկուսիդ մասին

Եթե դու տիրապետում ես համակարգչային ծրագրերին, կարող ես ինքնուրույն ստեղծել տեսաֆիլմ ձեր հարաբերությունների մասին: Հավաքիր ամենահաջողված և կարևոր լուսանկարները և տեսագրությունները և պատրաստիր յուրահատուկ ֆիլմ: Կարող ես օգտագործել պատրաստի ծրագրեր, օրինակ` Movie Maker-ով, հաստատ ինքնուրույն գլուխ կհանես 🙂 : Ուղարկիր այն ընկերոջդ: Հավաստիացնում ենք, անակնկալդ դեռ շատ երկար կհիշվի:

Մեր սիրո մասին գիտեն ամբողջ աշխարհում

Եթե դու ունես լավ ծանոթներ տարբեր քաղաքներում և երկրներում, կարող ես յուրահատուկ նվեր պատրաստել: Խնդրիր նրանց նկարվել իրենց քաղաքի ամենահետաքրքիր և հայտնի տեսարժան վայրում` պահելով մի թուղթ, որի վրա գրված կլինի, օրինակ` «նույնիսկ Փարիզում/ Լոս Անջելեսում/ Մոսկվայում գիտեն, որ Արմենը սիրում է Անահիտին»  կամ նման մի տեքստ:

Այդ բոլոր նկարներից պատրաստիր կոլաժ և ուղարկիր այն ընկերոջդ:

Ձեր սիրո փազլ

Ձեր ամենահաջողված նկարից պատրաստիր փազլ (կարող ես պատվիրել ֆոտոսրահում կամ փորձիր անել ինքդ) և հետո առաջարկիր ընկերոջդ միասին այն հավաքել: Բացի նկարից, հետաքրքիր փազլ կարող ես պատրաստել սիրո մասին մի ռոմանտիկ արտահայտությունից, որը նախապես տպիր կոշտ գունավոր թղթի վրա  և հետո` կտրատիր: Եթե դու ինքդ ես պատրաստելու այդ նվերը, ապա մինչ կտրելը ետևի կողմին գրիր մի ռոմանտիկ արտահայտություն, իսկ փազլը հավաքելուց հետո ընկերոջդ/ընկերուհուդ ուշադրությունը դարձրու նաև երկրորդ անակնկալի վրա:

Ինտելեկտուալ անակնկալ

Կազմիր յուրօրինակ խաչբար` հիմնված ձեր հարաբերությունների կարևոր իրադարձությունների վրա: Պատասխանները կարող են լինել, օրինակ`

  • ձեր մականունները
  • այն ամիսը, երբ իրար հանդիպեցիք
  • ձեր միասին այցելած առաջին սրճարանի անվանումը
  • ձեր սիրված երգը
  • նրա առաջին նվիրած ծաղիկների անվանումը
  • կինոն, որ միասին դիտեցիք առաջին ժամադրության ընթացքում

Տարբերկաները շատ են, իսկ եթե միացնես երևակայությունդ, կարող ես մտածել բանալի բառ, որը տեսանելի կլինի խաչբառն ամբողջությամբ լուծելու դեպքում:

Սիրո խոստովանություն

Կարծում ենք, դասական է հանդիսանում սիրո գեղեցիկ խոստովանությունը` սիրելի աղջկա տան մուտքի մոտ կամ պատուհանի տակ, գունավոր մեծ տառերով գրված ձյան վրա կամ կազմած վառվող մոմերից/ ծաղիկներից: Ուշադրության այդպիսի արտահայտությունները չեն կարող աննկատ մնալ:

 

Գործի′ դիր վառ երևակայությունդ: Ջերմացրեք իրար ձեր սիրով փետրվարյան այդ գեղեցիկ օրը, և սիրահարվածների տոնը կդառնա այս ամսվա ամենավառ և հիշվող իրադարձությունը:

Անակնկալ նվերների ավելի շատ գաղափարներ կարող ես գտնել նաև այս հոդվածում:

 

Նկարի համար շնորհակալ ենք այս աղբյուրին, gif անիմացիայի համար` այս:

Հոդվածի կազմող` Սվետլանա Վերտոլա: