«Ինքնակոչիկի համախտանիշ»
Առհասարակ այս խնդիրը հայտնի է վաղուց, բայց մարդիկ սկսեցին խոսել այդ մասին 1978թ.-ից: Այդ ժամանակ հոգեբաններ Պոլինա Կլենսը և Սյուզաննա Այմսը նկատեցին, որ իրենց դիմող շատ այցելուներ ունեն սեփական հաղթանակների և նվաճումների վերաբերյալ կասկածներ` կարծելով, որ դրանք լրիվ անկարևոր են և անիմաստ: Նրանք վրդովմունք էին զգում, քանի որ նույնիսկ կարևոր հաղթանակը իրենց իսկ կողմից ընկալվում էր իբրև չնչին մի բան և որևէ բավականություն չէր բերում մարդուն:
Որտեղի՞ց է այն ծագում
Ինչպես շատ հոգեբանական խնդիրներ, «ինքնակոչիկի համախտանիշը» առաջանում է շրջապատող մարդկանց ազդեցության հետևանքով:
Օրինակ` երբ ծնողները երեխայի վրա ուշադրություն են դարձնում միայն նվաճումների դեպքում: Այդ պարագայում երեխայի մոտ ուղեղի մեջ արմատավորվում է այն միտքը, թե ինքը արժանիքներ ունի միայն այն դեպքում, երբ ինչ-որ բանի է հասել: Իրականում դա ճիշտ չէ:
Ի՞նչ անել: Անկեղծ խոսիր ծնողներիդ հետ այդ թեմայի շուրջ և կիսվիր քո ապրումներով և մտավախություններով: Դու ինքդ կզարմանաս, երբ կլսես, որ նրանց համար կարևոր են ոչ թե քո հաղթանակները, այլ քո լավ հոգեկան վիճակը և առողջությունը, և նրանք քեզ սիրելու են և ընդունելու են նաև քո դժվար պահերի և ձախողումների դեպքում 🙂
Երկրորդ հնարավոր պատճառն այն է, երբ մարդու նվաճումները չեն գնահատվում կամ նույնիսկ նվազեցվում են: Օրինակ` մարդու ուրախ բացականչությանն ի պատասխան, նա լսում է «Եվ ի՞նչ», իսկ նրա բոլոր գործողությունները և ջանքերը ընդունվում են որպես սովորական բան:
Ի՞նչ անել: Նախ, ինչքանով հնարավոր է, քիչ շփվել նման մարդկանց հետ: Հայտնի ասացվածքն այսօր արդեն այլ կերպով է հնչում` իրականում «իսկական ընկերն որոշվում է ոչ թե դժվար պահին, այլ ուրախ պահին»: Չէ՞ որ կարեկցել, մտքում ասելով` ինչ լավ է, որ դա ինձ հետ չի պատահել, կարող է ցանկացած մարդ: Իսկ ընդունել քեզ և քո նվաճումը առանց նախանձի կարող են քիչ թվով մարդիկ: Նաև, միշտ կշռադատիր, թե ինչքան ջանք և ռեսուրս ես դու ներդրել կոնկրետ գործի մեջ:
Ինչո՞ւ է դա կարևոր
Մենք հաճախ գնահատում ենք մեր նվաճումը որպես մի պահ` չդիտարկելով տարածության մեջ: Հենց մենք մի բանի ենք հասնում, ապա ֆիքսում ենք դա մեր հիշողության մեջ որպես ուրախության մի կարճատև դրվագ` մոռանալով, որ դրան հասնելու համար ինչքան ջանքեր ենք գործադրել: Իսկ կորուստների դեպքում տեղի է ունենում հակառակ բանը` մենք շատ մանրամասն, բոլոր դետալներով, հիշում ենք մեր ձախողումը, նաև մտքերով ենք ինքներս մեզ տանջում` մտածելով, թե ինչքան ժամանակ ենք դրա վրա ծախսել:
Մի քանի խորհուրդ ևս.
- Բոլոր մանրամասնություններով նկարագրիր հաղթանակին բերած քո ուղին: Հաշվի առ բոլոր ռեսուրսները, որպեսզի տեսնես քո բոլոր ջանքերի և չարչարանքի լրիվ պատկերը: Այդ պարագայում դու կհասկանաս, որ քո բոլոր նվաճումները կարևոր են և արժանի:
- Մի՛ վախեցիր ինքդ քեզ գովելուց: Այդ պահերին դու չես հանդիսանում եսասեր: Ինքդ քո մեջ դրական և ուժեղ կողմերը գտնելու կարողությունը քեզ շատ կօգնի կյանքում: Առնվազն դա պետք է աշխատանքի ընդունվելիս կամ տարբեր կրթաթոշակների և ծրագրերի դիմելու նպատակով մասնակցության հայտը լրացնելիս:
- Փորձիր կառավարել քո մտքերը և ժամանակին կանգ առնել: Հենց քո մեջ արթնանում է ինքնաքննադատողը, աշխատիր մտքերդ տանել այլ ուղղությամբ կամ կարդա այն, ինչ գրել էիր 1-ին կետում 🙂
- Աշխատիր քննդադատաբար վերաբերվել քո հասցեին հնչող քննադատությանը և պատասխանիր միայն գործին վերաբերող կարևոր նկատողություններին: Հիշիր, որ կա ինչպես դրական, այնպես էլ բացասական կամ «չար» քննադատություն: Եվ կան տարբեր մարդիկ` և՛ քո բարին ցանկացող, և՛ քեզ կոտրելու մտադրություն ունեցող: Սովորիր դրանք տարբերակել:
Վերջում ուզում ենք քեզ խրախուսել մի հետաքրքիր մտքով, որը վերաբերում է Դաննինգ-Կրյուգերի գլխավոր ազդեցությանը. «Հիմար մարդիկ չեն հասկանում, ինչքան իրենք հիմար են: Նրանք, ովքեր խելք ունեն հասկանալու իրենց նախկին սխալները, սովորաբար նվազեցնում են սեփական կարողությունները»:
Կարևորը` ոսկե միջինը իմանալն է: Պետք չէ մոռանալ, որ այն, ինչ անում ենք հիմա, կանխատեսում է մեր հետագա կյանքը: Քո բոլոր հաղթանակները և պարտությունները միայն քոնն են, և բոլոր դեպքերում դու ստանում ես ամենակարևոր բանը` ռեսուրս քո ապագայի համար, որը չես կարողանա ձեռքբերել ոչ մի գումարով` դա քո կյանքի անձնական փորձն է:
Նկարի համար շնորհակալ ենք այս աղբյուրին, gif-անիմացիայի համար` այս:
Հոդվածը կազմեց Սվետլանա Վերտոլան: