Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:
Ողջույն, Ես 16 տարեկան եմ և շատ հաճախ եմ սիրահարվում։ Ամեն անգամ ինձ թվում է, որ սա իսկական սեր է, բայց որոշ ժամանակ հետո հիասթափվում եմ։ Դա նորմա՞լ է։

Ողջույն, սիրելի դեռահաս։

Այո, իհարկե, սա նորմալ է։ Կան մարդիկ, որոնք հաճախ են սիրահարվում և հակառակը։

Սերը սովորաբար ունենում է 3 բացադրիչ՝ գրավչություն, մտերմություն և հավատարմություն։ Այս երեք բաղադրիչները կազմում են սիրային հարաբերությունների տարբեր ձևերը: Մտերիմ ընկերների հետ կարելի է կիսել ամենակարևոր բաները, բայց ֆիզիկական գրավչությունն այստեղ կապ չունի: Կարելի է զմայլվել կամ սիրահարվել անծանոթ, համակրելի մարդուն, բայց դա չի նշանակում, որ նրա ներքին աշխարհը համապատասխանում է քեզ, և որ նա քո երկրորդ կեսն է: Իրական սերը ենթադրում է նաև հավատարմություն, ինչը շատ կարևոր է տևական հարաբերություններ կառուցելու համար: Եթե ժամանակի հետ գրավչության բաղադրիչը գնում է հետին պլան, ապա համերաշխ զույգի մտերմությունը և հավատարմությունը ժամանակի հետ ամրանում են և օգնում պահպանել սերը:

Բոլորովին պարտադիր չէ, որ առաջին անգամ սիրահարվելով, դու այսպես հաջորդաբար շարժվես գրավչությունից դեպի մտերմություն, իսկ այնուհետ` հավատարմություն: Դուր գալու, սիրահարվելու և սիրելու միջև կա մեծ տարածություն: Քչերը կարող են միանգամից հասկանալ այդ տարբերությունը։  Իհարկե, երբ ինչ-որ մեկը հանկարծ քեզ համար դառնում է տիեզերքի կենտրոնը, բնականաբար ցանկանում ես հավատալ, որ դա ընդմիշտ է: Այդպես, իհարկե, պատահում է, բայց ոչ հաճախ:

Մեզանից յուրաքանչյուրը հասկանում է սերը յուրովի և արտահայտում է այն իր ձևով։ Տարբեր մարդկանց համար սիրո արտահայտությունները տարբեր են`  մեկի համար «սիրո լեզուն» հաճելի խոսքերն են, հատկապես` արտասանելու ձևը և ինտոնացիան: Մյուսը կարևորում է փոքրիկ ուշադրության նշանները և նվերները, մեկ ուրիշը`  այն ժամանակը, որը սիրած մարդը պատրաստ է տրամադրել և անցկացնում է նրա հետ: Որոշ մարդկանց անհրաժեշտ են կոնկրետ արարքներ և գործնական օգնություն, իսկ մյուսներին`  ֆիզիկական հպումները և գուրգուրանքը:

Ցանկանում ենք քեզ գտնել իրական մեծ սեր։

Այլ հարցեր