Շարունակենք մարդուն «երջանկացնող» օգտակար սովորությունների շարքը.
Կալիֆորնիայում սոցիալական հոգեբանների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծահարուստները ավելի հաճախ են խանգարում մյուս մեքենաների երթևեկությանը, հազվադեպ են զիջում մյուս վարորդներին և հետիոտներին և առհասարակ 3 անգամ ավելի հաճախ են իրենց անբարեբարո պահում: Իհարկե, դա բացարձակ չէ, քանի որ բոլոր սոցիալական խավերի մեջ կան է և՛ ալտրուիստներ, և՛ էգոիստներ: Գուցե պատճառը սեփական շահեր հետապնդելու սովորության մեջ է:
Ինչևէ, տարբեր հետազոտություններ ապացուցել են, որ բարյացկամ մոտեցումը, կարեկցանքը, մարդկանց աջակցելն ու օգնելը մեզ պարգևում են խորը և տևական երջանկության զգացում, իմաստավորում են մեր կյանքը: Նույնիսկ հասարակ մանրուքներ, ինչպես օրինակ` օգնել կնոջը ծանր պայուսակի հետ, պահել դուռը անծանոթ մարդու համար, շնորհակալություն հայտնել ավտոբուսի վարորդին, ժպտալ անծանոթ մարդուն ջերմացնում են ինչպե՛ս մեզ, այնպե՛ս էլ մեզ շրջապատող մարդկանց:
Միլիոնատերեր, գրքերի հեղինակներ Ստիվ Սիբոլդը և Թոմաս Կորլին ուսումնասիրել են մեծահարուստների և աղքատների գումար ծախսելու սովորությունները և պարզել են մի հետաքրքիր փաստ. երբեմն ծախսերն այնքան էլ տրամաբանական չէին: Օրինակ`քիչ վաստակող մարդիկ հաճախ գնում են ցածրօրակ էժան տեխնիկա և հագուստ, ծառայություններ գնելիս (օրինակ` ինտերնետ-պրովայդերից)` ընտրում են ամենամատչելի տարբերակը, որը, սակայն, պահանջելու է լրացուցիչ սպասարկման համար վճարումներ: Այդ սովորություններն ի վերջո բերելու են ավելի մեծ ծախսերի, քանի որ որակյալ ապրանքն ավելի երկար է ծառայում, իսկ ավելի շահավետ պայմանագիրը հետագայում թույլ կտա խնայել:
Երբ Թոմաս Կորլին հավաքում էր նյութեր իր «Փոխի՛ր քո սովորությունները, փոխի՛ր քո կյանքը» գրքի համար, նա բացահայտեց, որ հարուստ մարդիկ ավելի ընտրողաբար են մոտենում իրենց շրջապատին` շփվելով նախաձեռնող, կամքի ուժ ունեցող, հաջողակ մարդկանց հետ, որոնք ստիպում են իրենց դուրս գալ կոմֆորտի զոնայից և զարգանալ: Իսկ աղքատ մարդիկ, սովորաբար, ընտրում են ընկերներին, գործընկերներին և ղեկավարներին առանց շատ երկար մտածելու, նրանց, ում հետ իրենք ավելի հեշտությամբ կարող են շփվել: Բայց կա և ոսկե միջինը. անհրաժեշտ է պահպանել լավ հարաբերություններ մեզ համար կարևոր մարդկանց հետ, սահմանափակել շփումը մեզ համար անընդունելի ձևով իրենց պահող մարդկանց հետ, պարտադիր շփվել այն մարդկանց հետ, ում կցանկանայիք նմանվել:
ԱՄՆ սոցիալական հարցումների բյուրոն պարզել է, որ ամենահարուստ և ամենաաղքատ խավի մարդիկ բոլորից հաճախ ընտրում են էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցներ և աշխատանքի հասնում ոտքով կամ հեծանիվով: Բնականաբար, աղքատ մարդիկ դա անում են ստիպված, սակայն մեծահարուստները հատուկ այդպես են որոշում` մտածելով սեփական առողջական վիճակի և շրջակա միջավայրի պահպանման մասին: Միջին եկամուտներ ունեցող մարդիկ ավելի շատ են օգտվում սեփական մեքենաներից կամ տաքսիներից` փոխադրամիջոցների վրա ծախսելով իրենց եկամուտների զգալի մասը:
Միչիգանի համալսարանի հետազոտողները, ինչպես և այլ գիտնականներ հայտնաբերել են ուղիղ կապ ֆիզիկական ակտիվության և երջանկության զգացումի միջև: Շաբաթվա մեջ մենք ճանապարհներին ենք անցկացնում մի քանի ժամ: Գուցե՞ վատ միտք չէ պարբերաբար փոխել տրանսպորտային միջոցը` մեքենան փոխարինել հեծանիվով և ավելի երջանիկ դառնալ 🙂
Հետևե՛ք այս խորհուրդներին և երջանիկ եղեք: