Ամառ. ինչպե՞ս այն անցկացնել առանց հիվանդությունների
Դու ունես մեծ ընտրություն, թե ինչպես անցկացնել ամառային հանգիստը: Կարող ես մի լավ քնել, վերջապե′ս :-), զբոսնել և խաղալ ընկերներիդ հետ բակում, այցելել լողավազան, կամ մնալ տանը և դիտել հեռուստացույց, խաղալ սեղանի խաղեր, գիրք կարդալ, մի նոր բան սովորել: Կարող ես գնալ քաղաքից դուրս, գյուղ` տատիկ-պապիկի մոտ, ամառային ճամբար, մասնակցել արշավների, ճանապարհորդել ծնողներիդ կամ ընկերներիդ հետ: Տարբերակները շատ են, մնում է վայելել այդքան սպասված ազատությունը 🙂
Իհարկե, արձակուրդներին լավ կլինի փոխել միջավայրը, ստանալ նոր տպավորություններ, հաճելի և օգտակար զբաղմունք գտնել` համատեղելով ֆիզիկական և մտավոր աշխատանքը, որպեսզի լիարժեք հանգստանաս և ժամանակդ զուր չվատնես:
Ամառվա արևոտ եղանակը, մարդու օրգանիզմի վրա իր բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը շատ բարձր է:
Ամռանը ավելանում է սննդային թունավորումների և աղիքային հիվանդությունների վտանգը: Ուստի պետք է խստորեն հետևել հիգիենայի կանոններին, օգտվել ջրի ապահով աղբյուրներից, որպեսզի քո ամառային հանգիստը չխանգարվի հիվանդության պատճառով:
Շոգ եղանակին ավելանում են մրսածությամբ պայմանավորված հիվանդությունները` խիստ սառեցված հեղուկներ խմելու, օդորակիչն ոչ ճիշտ օգտագործելու, ինչպես նաև սառը ջրում լողալու պատճառով:

Արևի ճառագայթների երկարատև ազդեցությունը կարող է բացասաբար անդրադառնալ օրգանիզմի վրա: Արևի ուղիղ ճառագայթների տակ երկար մնալու դեպքում առաջանում են արևայրուքներ (մաշկի կարմրություն, այտուց, ցավ, ծանր դեպքերում` բշտեր), արևահարություն, ֆոտոալերգիա, շարունակական երկարատև արևայրուքների պատճառով հետագայում կարող են առաջանալ մաշկի չարորակ նորագոյացություններ: Կարող են զարգանալ նաև ընդհանուր երևույթներ` ջերմություն, գլխացավ, սարսուռ, սրտխառնոց, փսխում, քթային արյունահոսություն:
Օդի բարձր ջերմաստիճանը բերում է օրգանիզմի ջերմակարգավորող համակարգի գերծանրաբեռնվածության և տարբեր խանգարումների, հատկապես վտանգավոր է բացօթյա պայմաններում շոգ եղանակին ֆիզիկական ծանր աշխատանք կատարելը:
Շոգ եղանակին խիստ ավելանում է քրտնարտադրությունը` օրգանիզմի հովացման համար: Սովորաբար օրվա ընթացքում գոլորշիանում է 2-2.5 լ հեղուկ, շոգ եղանակին՝ մինչև 3-4լ ! Արդյունքում օրգանիզմը ջրազրկվում է` կորցնելով հեղուկներ և հանքային աղեր: Ջրազրկումը և ընդհանուր վիճակն էլ ավելի են վատանում, եթե առաջանում է լուծով և փսխումով արտահայտվող սննդային թունավորում կամ աղիքային վարակ: Առաջանում է թուլություն, գլխացավ, քնկոտություն, գլխապտույտ, սաստիկ ծարավ, նվազում է մտավոր գործունեությունը, կարող են առաջանալ սրտի աշխատանքի խանգարումներ:

Ջերմաստիճանի բարձրացման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև մրսածությունից և թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.
- խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ցերեկվա ժամերին, քայլեք ստվերում, առօրյա գործերը կատարեք օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափեք ֆիզիկական աշխատանքից: Ծովում հանգստացողներին ցանկալի է գնալ լողափ առավոտյան և երեկոյան ժամերին.
- պաշտպանվեք արևից` կրելով գլխարկ, հովանոց, ճիշտ ընտրված արևային ակնոց (պետք է նշված լինի UV400), հագեք սպիտակ և բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կամ այլ բնական կտորից հագուստ: Արևային լոգանքների ժամանակ օգտագործեք հատուկ արևապաշտպան քսուքներ (կախված մաշկի տեսակից ընտրեք առնվազն SPF 30 և բարձր Արևային պաշտպանության գործակից ունեցող քսուքներ).
- օգտագործեք սովորականից շատ հեղուկներ, ցանկալի է սենյակի ջերմաստիճանի: Պետք չէ չարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքներ:
Սառը հանքային ջուրը մեծ քանակությամբ աղերի շնորհիվ թարմացնում և անցկացնում է հոգնածությունը:
Մեր ավանդական թանն իր մեջ պարունակվող օրգանական թթուների և հանքային աղերի շնորհիվ ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է:
Բնական հյութերից ամռանը նախապատվությունը տվեք ոչ շատ քաղցր` լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերին։
Թեյը լավ միջոց է շոգ եղանակին ծարավը հագեցնելու համար, սակայն այն պետք է լինի առանց շաքար, ոչ թունդ, ցանկալի է` կանաչ։

- օգտագործեք շատ մրգեր և հում բանջարեղեն, թեթև դյուրամարս սնունդ, հրաժարվեք յուղոտ կերակուրներից.
- չգնեք բացօթյա պայմաններում վաճառվող, արագ փչացող և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք՝ կաթնամթերք, մսեղեն, ձկնեղեն, կրեմով խմորեղեն: Պատրաստի սնունդը պարտադիր պահպանեք սառնարանում, 1-2 օրից ոչ ավել.
- հետևեք, որպեսզի օդափոխիչի կամ օդորակիչի սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես ձեր վրա: Օդորակիչներ ունեցող տարածքներում հագնվեք ջերմաստիճանին համապատասխան:
- ծով, Սևան, ինչպես նաև լեռնային գոտիներ հանգստանալու մեկնելիս` անպայման վերցրեք ժակետ, շալ, քանի որ երեկոյան կարող է լինել զով և քամոտ եղանակ: 🙂
Հետևի՛ր վերը նշված խորհուրդներին, մի՛ մոռացիր անվտանգության մասին և լիարժեք վայելի՛ր ամառային հանգիստը:
Հոդվածում օգտագործվել է ՀՀ առողջապահության նախարարության նյութը:



