Քայլ դեպի ապագա. ինչպես ընտրել մասնագիտություն
1. Առանց խուճապի
Դու հավանաբար շատ կլսես կարծիք, որ մասնագիտության ընտրությունը ճակատագրական որոշում է, որը մեկ անգամ ես ընդունում, և պետք է դրան լրջորեն վերաբերվել: Անկասկած սա կարևոր որոշում է, և հարկավոր է մտածել դրա մասին: Եթե դեռևս դժվար է կողմնորոշվել, կարիք չկա խուճապի մատնվել: Ամեն դեպքում, այս հարցում չես կարող կոպիտ սխալ թույլ տալ, եթե, օրինակ՝ չես սիրում երկրաչափություն, ուրեմն հաստատ չես ընտրի մաթեմատիկայի ֆակուլտետը: 🙂 Իսկ ընդհանրապես, դիպլոմում նշված մասնագիտությունը ոչ բոլոր գործատուներին է հետաքրքրում: Կարևորը լավ ինքնադրսևորվելն ու լավագույն որակները ցույց տալն է: (Հաղորդակցման հմտությունների մասին կարդա այստեղ):
2. Դպրոցական առարկաների բազմազանությունը
Հաճախ են հնչում բողոքներ դպրոցական առարկաների և յուրաքանչյուր առարկայից հանձնարարվող առաջադրանքների բազմազանության մասին: Ընտրություն կատարելիս օգտագործիր այս հանգամանքը: Հատուկ ուշադրություն դարձրու այն առարկաներին, որոնք քեզ դուր են գալիս և զարգացրու գիտելիքներդ առաջին հերթին այդ ուղղությամբ:
3. Հոբբի կամ սիրած զբաղմունքի նշանակությունը
Հաշվի՛ առ քո նախասիրությունները: Եթե շատ ես սիրում պարել, ուրեմն ընտրիր պարուսույցի մասնագիտությունը: Այն ոլորտը, որտեղ միշտ ուզում ես կատարելագործվել, քեզ հաճույք կպատճառի: Եթե նույնիսկ քո ապագա մասնագիտությունը ոչ մի ընդհանուր բան չունի քո սիրած զբաղմունքի հետ, մի՛ վհատվիր և մի՛ հրաժարվիր դրանից: Հոբբին օգնում է զարգանալ և հաղթահարել աշխատանքի հետ կապված դժվարությունները: Երբեմն էլ մարդիկ այնքան իմաստուն են գտնվում, որ իրենց հոբբին դարձնում եմ բիզնես և համատեղում այն աշխատանքի հետ:
4. Խուսափիր ճնշումներին ենթարկվելուց
Ապագա մասնագիտությունը պետք է բացառապես քո ընտրությունը լինի, և ոչ ոք չի կարող դա անել քո փոխարեն՝ ո՛չ ծնողները, ո՛չ ընկերները, ո՛չ էլ ուսուցիչները: Այս իրավիճակում հարկավոր է ցույց տալ համառություն և վճռականություն. լսիր բոլոր կարծիքները, համաձայնիր կամ ոչ՝ արտահայտելով և փաստարկելով քո մոտեցումը:
5.Դժվար ընտրություն
Եթե արդեն պատկերացնում ես քեզ որոշ ոլորտներում, բայց ոչ մի կերպ չես կարողանում վերջնականորեն կողմնորոշվել, ապա կարող ես թղթի վրա նշել դրանցից յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները: Սա կօգնի մտքերը դասավորել և արագ որոշում կայացնել:
Մտերիմներիդ խնդրիր պատասխանել հետևյալ հարցերին.
- Քո կարծիքով ինձ մոտ ի՞նչն է լավ ստացվում:
- Քո կարծիքով ո՞ր որակներն են օգնում ինձ առաջ գնալ:
- Ի՞նչ կուզես, որ դառնամ 5 տարի անց:
- Ե՞րբ ես հպարտանում ինձնով:
Որոշ պատասխաններ կարող են բացահայտումներ լինել, և չի բացառվում, որ օգնեն այլ կերպ գնահատել սեփական անձը:
Նաև ստեղծվել են հատուկ համակարգչային ծրագրեր, որոնք ևս օգտակար են մասնագիտական կողմնորոշման համար. դու նշում ես այն առարկաները, որոնցից պետք է քննություն հանձնես, իսկ ծրագիրը որոշում է, թե այդ քննությունների արդյունքներով որտեղ կարող ես ընդունվել և ինչ հնարավոր մասնագիտություններ ձեռք կբերես:
Մասնագիտություն ընտրելիս կարևոր է հետևել սրտի թելադրանքին: Եթե չսիրես աշխատանքդ, երբեք բավարարվածության զգացում չես ունենա: Լսիր քո ներքին ձայնին և մտածիր՝ իրականում ինչո՞վ ես ուզում զբաղվել: Ի՞նչը կխթանի քո մեջ աճելու, զարգանալու, նոր բարձունքների ձգտելու ցանկությունը: Ի՞նչն է քեզ հետաքրքրում կամ ի՞նչն է հեշտ տրվում: Այս հարցերի անկեղծ պատասխանները կփարատեն ավելորդ կասկածներն ու անհանգստությունը:
Նկարի համար շնորհակալություն այս աղբյուրին:
Հոդվածի կազմող` Սվետլանա Վերտոլա: