Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպես լավացնել ուշադրության կենտրոնացումը

Հաճախ լսում ես բողոքներ, թե «ես չեմ կարողանում կենտրոնանալ և երկար պահպանել ուշադրությունը, երբ դասեր եմ անում, հաճախ ցրված եմ, լավ չեմ ընկալում, քանի որ ուղեղս այլ թեմաների շուրջ է մտածում, մեծ դժվարությամբ եմ կարողանում դասերս սովորել և հիշել...» Փորձենք հասկանալ, թե ինչպես կարող ենք լավացնել կենտրոնանալու կարողությունը:

Ուշադրության կենտրոնացումը և պահպանումը կարևոր հմտություններ են, որ թույլ են տալիս արդյունավետորեն սովորել և աշխատել:

Նախ ասենք, որ մեր ուղեղը հակված է բազմախնդիր լուծումների, այսինքն փորձում է աշխատել միաժամանակ տարբեր խնդիրների վրա 🙂 Արդյունքում մենք ակամայից շեղվում ենք և դժվարությամբ ենք կենտրոնանում միայն մեկ խնդրի վրա: Հատկապես, երբ կողքից լսում ենք հեռախոսի կամ հեռուստացույցի ձայնը, ստանում ենք հաղորդագրություն կամ շեղվում ենք ինչ-որ այլ բանի վրա 🙁

Ինչպե՞ս կենտրոնանալ մեկ գործի վրա և պահպանել կենտրոնացումը:

Եթե դու չես կարող ընտրել, թե կոնկրետ որ խնդրի վրա պետք է կենտրոնանալ, ապա լավ լուծում առաջարկում է հայտնի բիզնեսմեն և ինվեստոր Ուորեն Բաֆեթը: Բաֆեթը ստեղծեց անձնական արդյունավետության բարձրացման հետևյալ եռաստիճան մեթոդը` 2 ցուցակի մեթոդ.

1.Առաջին քայլ` կազմել ցուցակ, որտեղ նշել 20-25 հիմնախնդիր կամ նպատակ, որոնք պետք է իրականացնես որոշակի ժամանակահատվածում:

2.Այնուհետ, պետք է վերանայել այդ ցուցակը և ընտրել 5 ամենակարևոր նպատակները կամ առաջնային խնդիրները: Այսպիսով, դու ստացար 2 ցուցակ, որտեղ Ա ցուցակում նշված են 5 ամենակարևոր նպատակները, իսկ Բ ցուցակում` մնացած 20-ը:

3.Կողմնորոշվելուց հետո` պետք է կենտրոնանալ Ա ցուցակի վրա, որի խնդիրները առաջնային են` թողնելով Բ ցուցակը:

Հարց է ծագում` իսկ ե՞րբ կարող ես անցնել 2-րդ ցուցակի: Գուցե՞ պարբերաբար, երբ կլինի հարմար պահ: Բաֆեթի խորհուրդը միանշանակ է. երկրորդ ցուցակի գործերից պետք է առհասարակ խուսափել` մինչև դու չիրականացնես  5 առաջնային նպատակները կամ խնդիրները, քանի որ դրանք հրատապ են:😮

Այդ մեթոդը ստիպում է ընդունել բավականին բարդ որոշում և առանձնացնել ամենակարևորը` թողնելով մյուս խնդիրները, որոնք ևս կարևոր են, բայց ոչ` առաջնային: Այսպիսով, մի քանի խնդիրներից ընտրում ես առաջնայինները, որոնց վրա պետք է կենտրոնանաս և ծախսես թանկ ժամանակդ:

Գոյություն ունեն նաև այլ մեթոդներ, որոնք թույլ են տալիս որոշել առաջնային նպատակները, դրանց մասին կարող ես կարդալ համացանցում:

Իսկ ուշադրության կենտրոնացումը պահպանելու համար խորհուրդ է տրվում հաշվի առնել 2 կանոններ.

 

1. Չափել արդյունքները.

Հաճախ ուշադրությունը կորում է հետադարձ կապի բացակայության պատճառով: Բնականաբար, մեր ուղեղին պետք է համոզվել` արդյո՞ք հաջողվեց խնդրի լուծումը: Փորձեք վերլուծել և համոզվել, որ մեր աշխատանքը տալիս է արդյունք: Եթե մենք հստակ չափում ենք այդ արդյունքը և հետևում, թե ինչ ստացվեց, կարող ենք եզրակացնել, որ հաջողության հասանք: Իսկ դա հզոր մոտիվացնող հանգամանք է 🙂 Օրինակ`

  • Ես հաշվում եմ` օրական քանի ժիմ եմ արել, և զգում եմ, թե ինչքան ուժեղ եմ դարձել:
  • Երբ ես սկսեցի հետևել, թե քանի էջ եմ կարդացել օրվա ընթացքում, ես կարողացա կարդալ ավելի շատ գրքեր:

Եվ ամենակարևորը` այն խնդիրը, որին դու հետևել ես, մնացել է քո ուշադրության կենտրոնում:

Ցավոք, հաճախ մենք խուսափում ենք արդյունք չափելուց, քանի որ վախենում ենք հիասթափվել 🙁 Սակայն սա ճիշտ մոտեցում չէ, քանի որ գնահատելի է նաև գործի առաջընթացը: Այստեղից` երկրորդ մոտեցումը.

 

2. Գնահատել առաջընթացը և ոչ` արդյունքի ցուցանիշները.

Ուշադրությունը պահպանելու նպատակով շատ կարևոր է կենտրոնանալ գործի ընթացքի վրա: Սովորաբար մարդիկ ավելի շատ են ընկալում հաջողությունը իբրև մի ավարտուն իրադարձություն, որին հասնում ես և ավարտում ջանքերդ: Օրինակ`

  • առողջությունը որպես իրադարձություն, որին հասնելու համար մարդը ձգտում է նիհարել 10 կիլո, և արդյունքում ունենալ լավ ֆիզիկական վիճակ.
  • արվեստը որպես հանրային նշանակության մի իրադարձություն. ցուցահանդես անցկացնել, և երբ նկարչի կտավները հայտնվեն մեծ պատկերասրահում, նա կդառնա հայտնի:

Սակայն, տեսնելով իրենց նպատակի վրա կենտրոնացած, ջանքեր գործադրող մարդկանց, զգում ես, որ նրանց համար կարևոր է նաև գործի ընթացքը և ոչ` զուտ արդյունքը, քանի որ նրանք սիրում և գնահատում են իրենց արած գործը: Եվ ամենակարևորը այն է, որ աշխատանքային ընթացքի վրա կենտրոնանալով` մենք միևնույնը կվայելենք ստացած արդյունքը:

Այսպես, եթե ուզում ես դառնալ հայտնի գրող և գրել բեսթսելլեր, հրաշալի՛ է: Բայց դու նախ պետք է սիրես գրել և ստեղծագործել` որպեսզի հասնես ցանկալի արդյունքի 🙂

 

Եթե ուզում ես լինել լավ ֆիզիկական վիճակում, այո՛, գուցե պետք է նիհարես 7-10 կիլո, բայց դրան հասնելու համար անհրաժեշտ է ճիշտ սնվել և զբաղվել սպորտով, և դա անել հաճույքով 🙂

Այսպիսով, ուշադրության կենտրոնացումը արդյունքների և նպատակների վրա կարևոր է, բայց առաջընթացի վրա կենտրոնացումը տալիս է ավելի լավ հեռավոր արդյունքներ:

 

Եթե խնդիրը կապված է զուտ շեղվելու հետ, օրինակ` դասեր սովորելուց, ապա պարզ լուծումներ ևս կան: Նախ պետք է փորձել հասկանալ, թե ինչու է շեղվում ուշադրությունդ, և ինչու այդ պահին դու մտածում ես այլ բաների մասին: Գուցե՞ քո դասապատրաստման սենյակը հարմար չէ կամ առկա են խանգարող հանգամանքներ (ձայներ/ մարդիկ/ աշխատող գաջեթներ) 🙁 Ուրեմն փոխիր տեղը, շրջապատը կամ պարապելու ժամերը, որպեսզի ոչինչ քեզ չխանգարի և չշեղի ուշադրությունդ: Եթե չես կարող գտնել հարմար (ազատ, լուռ) սենյակ, դիր ականջակալներ: Պարապելիս պարտադիր անջատիր հեռախոսը/ պլանշետը: Ընտրիր այն ժամերը, երբ քեզ սովորաբար զգում ես առույգ և էներգիայով լի, օրինակ` վաղ առավոտյան:

Եթե տարբեր մտքեր անընդհատ պտտվում եմ քո ուղեղում, զգում ես ներքին անհանգստություն և լարվածություն, գուցե դու հուզված ես, սթրես ես ապրում կամ պարզապես գերհոգնած ես: Ուրեմն, փորձիր շտկել այդ խանգարող հանգամանքը և մի լավ հանգստանալ ու վերալիցքավորվել 🙂

Շատ օգտակար է դասերը/ հանձնարարությունները հստակ պլանավորել և կազմել թեմատիկ ժամանակացույց, այնուհետ` ստույգ հետևել այդ ժամանակացույցին: Օրինակ` պետք է կրկնես 10 թեմա, ուրեմն գրի առ որոշակի հերթականությամբ, թե որն ես կարդալու որից հետո,  ինչքան ժամանակ կարող ես հատկացնել ամեն թեմային: Այնուհետ գործի՛ անցիր:

Սկզբից, երբ հոգնած չես և ունես շատ էներգիա, արա ավելի բարդ հանձնարարությունները` կենտրոնանալով մեկ խնդրի վրա, հետո նոր անցիր ավելի հեշտ դասերին: Մի՛ փորձիր անել միանգամից մի քանի բան:

Եվ իհարկե, պարտադիր պարբերաբար` ամեն 2 ժամը մեկ, արա 10 րոպեանոց ընդմիջումներ, որոնց ընթացքում մի՛ խաղա հեռախոսով և մի՛ մտիր համացանց` նոր պոստեր կամ հաղորդագրություններ կարդալու նպատակով, փոխարենը քայլիր, կատարիր ֆիզիկական վարժություններ, դուրս արի պատշգամբ, մաքուր օդին:

Առհասարակ փորձիր ազատ ժամանակդ անցկացնել բնության գրկում. դա կօգնի լիցքաթափվել և շեղվել: Արմատավորի՛ր առողջ սովորույթներ, քնի համար հատկացրու առնվազն 7-8 ժամ:

 

Ի դեպ, համացանցում կարող ես գտնել օգտակար խաղեր/ վարժություններ կենտրոնանալու համար և ամեն օր  վարժեցնել այդ հմտությունը: Կենտրոնանալու հմտությունը զարգացնելու համար օգտակար է նաև լուծել սուդոկու:

Հաջողությո՛ւն ենք ցանկանում:

 

Կազմեց` Ե.Մովսեսյանը: