Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կանխելը հեշտ է

Ցանկանո՞ւմ ես համոզված լինել, որ առօրյա կյանքում քեզ վտանգի չես ենթարկում: Կան առաջին հայացքից պարզ թվացող, սակայն միևնույն ժամանակ արդյունավետ մի քանի միջոցներ, որոնք մեզանից յուրաքանչյուրս, առանց բացառության, կարող է ձեռնարկել սեռական բռնության վտանգը նվազագույնի հասցնելու համար:

Իհարկե, սեռական բռնության հանգամանքները գրեթե միշտ տարբեր են լինում, սակայն համաձայնեք, որ երբեմն ավելի հեշտ է ի սկզբանե կանխարգելել, քան հետագայում անհանգստանալ ծանր հետևանքների պատճառով:

Ցանկանո՞ւմ ես վստահ լինել, որ առօրյա կյանքում քեզ վտանգի չես ենթարկում: Եթե այո, ապա ծանոթացիր ստորև ներկայացված ցանկին և գուցե գտնես քեզ համար օգտակար մի քանի խորհուրդներ անվտանգության կամ ինքնապաշտպանվելու վերաբերյալ:

1. Ծանոթացրո՛ւ քո ընկերներին ծնողներիդ հետ: Նաև չմոռանաս զգուշացնել ծնողներին, թե որտեղ եք լինելու և ում հետ:

Կարիք չկա այս ամենին վերաբերվել որպես վերահսկողության: Պարզապես, եթե ծնողները տեղյակ լինեն, թե դու որ ուղղությամբ ես գնացել և ում հետ, ապա նրանց համար քեզ առողջ և անվնաս գտնելու հնարավորություններն ավելի շատ կլինեն:

2. Շատ ժամանակ մի՛ անցկացրու այն մարդու/մարդկանց հետ, ով քեզ անհանգստություն և անհարմարություն է պատճառում: Դա պարզապես քեզ հնարավորություն կընձեռի խուսափել բազմաթիվ մանր անհանգստություն պատճառող իրավիճակներից: Բացի այդ, արդյո՞ք արժե ծախսել ժամանակը այդպիսի մարդու վրա:
3. Ի նկատի ունեցիր, որ չափազանց բաց հագուստը և անկաշկանդ պահվածքը կարող են քո նկատմամբ անառողջ հետաքրքրություն առաջացնել: Իհարկե, երբեմն ցանկանում ես շատ վառ տեսք ունենալ և ուշադրության կենտրոնում լինել, սակայն պետք է հասկանալ, թե ու՞ր ես գնում և ո՞ւմ հետ, և արդյո՞ք այնտեղ չեն լինելու մարդիկ, ում չափից շատ ուշադրությունը քեզ ամենևին էլ հարկավոր չէ:

ՊԱՐԶ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ* +

4. Եթե դու պատրաստվում ես մասնակցել խնջույքի կամ ժամանակ անցկացնել անծանոթ միջավայրում, ապա անպայման նախապես որոշիր քո սահմանները և որպեսզի քեզ փորձությունների չենթարկես` անմիջապես ասա «ո՛չ» այն պահերին, երբ մեկը ցանկանում է ներխուժել քո սահման:

Դու իրավունք ունես ասել «ո՛չ» յուրաքանչյուր անծանոթի անցանկալի, անհարմար և անհասկանալի հպումներին կամ գործողություններին: Այս դեպքում անպայման զգուշացրո՛ւ ծնողներին կամ չափահաս որևէ մեկին՝ ում վստահում ես:

5. Երբ դու վերահսկում ես իրավիճակը, ավելի հեշտ է ասել «ո՛չ»: Դա իրագործելը շատ դժվար է՝ ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ:

6. Զարմանալի է, բայց շատ դեպքերում երեխաների կամ դեռահասների նկատմամբ սեռական ոտնձգությունները կատարվում են իրենց ծանոթ մարդկանց կողմից: Այդ պատճառով պետք է հաճախ ուշադրություն դարձնել, թե ինչպես են իրենց դրսևորում ոչ միայն անծանոթները, այլ նաև քեզ արդեն իսկ ծանոթ անձինք: Հատկապես պետք է զգույշ լինել, եթե որևէ մեկը չափազանց շատ է  ուշադրություն դարձնում և շատ անսպասելի «կաշառող» անակնկալներ է անում: Զգո՞ւմ ես, որ ինչ որ բան այն չէ, շտապ պատմիր քո ծնողներին կամ վստահելի չափահասներից մեկին այդ մասին:

ԹԱՔՆՎԱԾ ՎՏԱՆԳ +

7. Վստահի՛ր քո բնազդներին: Հետևի՛ր քո զգացողություններին և ինքնապահպանման բնազդին: Դու ենթագիտակցորեն կարող ես զգալ սպառնացող վտանգը: Եթե քեզ շրջապատող անձինք կամ իրավիճակը քեզ մոտ անհանգստություն են առաջացնում, ապա շտապ հեռացի՛ր և անպայման պատմիր ծնողներիդ միջադեպի և քո զգացողությունների մասին:

8. Անպայման հայտնի՛ր քո զգացողությունների և ցանկությունների մասին:

Մի՛ վստահիր մեկ այլ անձի ներըմբռնման և նրբազգացողությանը, նույնիսկ եթե նա հանդիսանում է քո ընկերը կամ ընկերուհին: Քո լռությունը կարող է այլ կերպ մեկնաբանվել:
Անկեղծ խոսակցություններն այն մասին, թե որոնք են քո հարաբերություններում թույլատրելի սահմանաչափերը, կօգնեն իրավիճակը վերահսկողության տակ պահել:

9. Հոգեբանը խորհուրդ է տալիս.
«Այն, ինչ դու ասում ես, պետք է համապատասխանի նրան, թե ինչպես ես դա ասում»: Հաղորդակցության գործընթացը բաղկացած է բառերից, (որ մենք արտաբերում ենք), տոնայնությունից, ձայնի տեմբրից (ինչպես ենք խոսում), մարմնի շարժումներից: Որպես կանոն, պարզվում է, որ մարդիկ ավելի շատ արձագանքում են ոչ թե բառերին, այլ ձայնի հնչողությանը և «մարմնի լեզվին»: Այսպիսով, քո «ոչ» -ը պետք է հնչի հստակ և վճռական, իսկ այդ ժամանակ կարևոր է նայել զրուցակցի աչքերին:

10. Նույնքան կարևոր է նաև ուշադիր լսել և հասկանալ ասածի իմաստը: Եթե դու զգում ես, որ քո ընկերը կամ ընկերուհին բավականին անկեղծ է քեզ հետ, ապա մի երկմտի՛ր և խնդրի՛ր նրան հստակ արտահայտվել:

11. Երբեք պետք չէ անծանոթ մարդկանց հետ վերելակ մտնել, նստել ավտոմեքենա (նույնիսկ եթե վարորդը կին է), խոսել անծանոթների հետ փողոցում: Սեռական ոտնձգությունները շատ հաճախ տեղի են ունենում հենց այդպիսի իրավիճակներում: Մի՛ դարձիր հաջորդ զոհը:

12. Նկուղներ, ձեղնահարկեր, ամայի և մութ փողոցներ և տարածքներ… Մի՛ վտանգիր ճակատագիրդ և մի՛ փորձարկիր քաջությունդ: Համոզված ենք, որ դեպի քո տուն տանող ավելի ապահով և անվտանգ ուղիներ կան, իսկ ընկերների հետ հանդիպումը կարելի է ավելի հարմարավետ վայրում կազմակերպել:

13. Եթե քեզ հետապնդում են փողոցում, ապա հաշվի առ, որ անծանոթ տները և բակերը հանդիսանում են անապահով վայրեր թաքնվելու համար: Ի վերջո, դու կհայտնվես փակուղում: Փորձի՛ր վազել այն կողմ, որտեղ շատ մարդ կա, և մի՛ երկմտիր օգնություն խնդրել:

14. Ձեռքի տակ միշտ բջջային հեռախոս ունեցիր, հնարավորության դեպքում զանգահարիր բարեկամներին ու հայտնիր քո գտնվելու վայրի մասին: Եթե դու նկատում ես, որ իրավիճակը վտանգավոր է դառնում, ապա փորձիր հայտնել այդ մասին այն անձանց, ովքեր կարող են քեզ օգնել:

15. Եթե քեզ բռնի ուժով պահում են, ապա որքան հնարավոր է բարձր բղավիր և հնարավորինս դիմադրիր: Այդ դեպքում ավելի լավ է բղավել` «հրդե՜հ». դա միանգամից կգրավի մարդկանց ուշադրությունը: Եթե քո բերանը փորձում են ձեռքով փակել, ապա կծիր և ամեն կերպ փորձիր փախչել:

16.  Եվ, ի վերջո, կարելի է գրանցվել ինքնապաշտպանության դասընթացներին, ինչը լավ միջոց է սեփական վախը հաղթահարելու և միևնույն ժամանակ մի շարք հմտությունների տիրապետելու և հարձակվողին լավ հակահարված տալու համար:
Հո՛գ տարեք ձեր մասին և թույլ մի՛ տվեք, որ ձեր կյանքում վատ միջադեպեր պատահեն:

Նկարը այս հոդվածի համար գտել ենք այստեղ: