Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Գիրություն

Բարև ձեզ: Ես 15 տարեկան եմ, շատ թմբլիկ եմ, իսկ ավելի կոնկրետ՝ գեր եմ: Ես դա շատ լավ եմ հասկանում, սակայն ոչինչ չեմ կարող անել: Զբաղվում եմ սպորտով, բայց ոչ ակտիվորեն: Բայց ես նաև անընդհատ ուզում եմ ուտել և ուտում եմ: Նույնիսկ ճաշելուց հետո միշտ ուզում եմ մի բան ծամել, հակառակ դեպքում չեմ կշտանա: Չգիտեմ ինչ անել: Կարծես փակուղում լինեմ: Չեմ կարողանում նիհարել, որովհետև չեմ կարողանում զսպել ուտելու ցանկությունը:

Պատասխան

Ողջույն: Շնորհակալություն հարցի համար: Իհարկե, քո հարցին միանշանակ պատասխանելը դժվար կլինի, քանի որ դրա համար անհրաժեշտ կլինի մի քանի անգամ հանդիպել, դեմ առ դեմ խոսել հոգեթերապևտի կամ հոգեբանի հետ: Ամեն դեպքում մենք կփորձենք որոշ չափով օգտակար լինել: Փոքր տարիքում, երբ մեր մայրերը մեզ կրծքով էին կերակրում, մեր ուղեղը ազդանշան էր ստանում այն մասին, որ ամեն ինչ կարգին է, դու անվտանգ ձեռքերում ես: Հավանաբար քո օրգանիզմը, հիշելով այդ ազդանշանը, փորձում է անվտանգություն գտնել: Հոգեբանների կարծիքով մարդը շատ ուտելով, փորձում է ազատվել իր ոչ վաղ անցյալում ունեցած խնդիրներից, սթրեսից: Փորձիր հասկանալ, թե քո կյանքում ինչը քեզ դուր չի գալիս, ինչի պատճառով ես անհանգստանում: Եթե պատճառները մի քանիսն են, ուրեմն փորձիր դրանք մեկ առ մեկ լուծել՝ ամեն անգամ գովաբանելով քեզ հաջողությունների համար:

Իսկ եթե քեզ չի հաջողվում պարզել անհանգստության պատճառը, խոսիր ծնողներիդ հետ և փորձիր հասկանալ, թե մանուկ հասակում ինչն է քեզ ուժեղ վախեցրել կամ վշտացրել, որը մինչ օրս քեզ չի լքում: Եթե դա էլ չի օգնում, ապա մտերիմների միջոցով գտիր հոգեթերապևտ կամ հոգեբան, գոնե նախնական խորհրդատվություն ստանալու համար: Հնարավոր է, նրանք օգնեն գտնել անհանգստության պատճառը և ձերբազատվել ուտելու մեջ հանգստություն գտնելու սովորույթից: Ամեն դեպքում, մինչ այդ, փորձիր ուտելդ վերահսկել: Օրինակ՝ փոխարինիր շոկոլադը հյութեղ գազարով, փքաբլիթը՝ խնձորով, ծայրահեղ դեպքում` չրերով: Այսպիսով քեզ գոնե չես վնասի, այլ կընդունես օգտակար վիտամիններ և հանքանյութեր: Իսկ ուտելու միջև ընկած ժամանակահատվածում փորձիր շատ ջուր խմել, որը մի կողմից որոշ ժամանակով կնվազեցնի քաղցի զգացողությունը, իսկ մյուս կողմից կնպաստի օրգանիզմի լավ նյութափոխանակությանը և նույնիսկ, հնարավոր է,  քաշի իջեցմանը: