Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Կոմպլեքսավորում

Բարև Ձեզ խնդրում եմ օգնեք …ես միշտ նեղվում եմ իմ տեսքից իմ կազմվածքից…ես մի քիչ քաշի հետ կապված խնդիրներ ունեմ ու շատ եմ կոմպլեքսավորվում …իսկ տեսքս էլ չեմ հավանում խնֆրում եմ օգնեք

Պատասխան

Ողջույն, Սոնա, շնորհակալություն, որ կիսվեցիր:

Նախ պետք է հաշվի առնել, որ աղջկա կազմվածքը և ի ծնե գեղեցկությունը երջանկության գրավականները չեն: Նույնիսկ շատ գեղեցիկ կինը կարող է մնալ միայնակ, և ոչ այդքան գեղեցիկը` գտնել անձնական երջանկությունը: Էլ չասած` ընկերներ ունենալ կամ չունենալը և ուրախ կյանքով ապրելը, ինչը բոլորովին կախված չէ մարդու կազմվածքից և արտաքինից: Ուրեմն, չարժե կոմպլեքսավորվել, դա քեզ միայն վնաս է տալիս: Հետո, դու պետք է փորձես սիրել և գնահատել ինքդ քեզ, չէ՞ որ դու ինքդ քո համար ամենամտերիմ մարդն ես, և պետք է ինքդ քեզ գնահատես և խրախուսես, ոչ թե նախատես:

Բայց այդ ամենը բոլորովին չի նշանակում, որ չպետք է զբաղվես քեզնով և չհետևես քո արտաքին տեսքին և առողջությանը: Սկսիր ավելի առողջ սնվել և զբաղվել սպորտով կամ պարով, որն ամենաշատն է քեզ դուր գալիս: Հիմա, արձակուրդներին, լավ ժամանակն է: Կարող ես գրանցվել լողավազան, պարի խմբակ կամ պարզապես առավոտյան վազել կամ օղակ պտտեցնել: Եթե ունենաս քեզ միացող ընկերներ, համախոհներ` ավելի լավ, ամեն ինչ լավ կստացվի: Առողջ կենսակերպը ոչ միայն կազմվածքի համար է, այլ` առողջության: Սկսիր փոքր բաներից` փոքրացրու կերածի չափաբաժինները, պակասացրու քաղցրավենիքը, ճարպը և անառողջ սնունդը, առավոտյան նախաճաշիր, քաղցած չմնալու համար կեր շատ բանջարեղեն և միրգ, լոբազգիներ, շատ ջուր խմիր: Աստիճանաբար կտեսնես դրական ազդեցությունը և կսովորես, իսկ առողջ կենսակերպը կդառնա քո կյանքի անբաժան մասը:

Եվ անպայման գովիր իքնդ քեզ, ամենափոքր հաջողությունների համար, էլ չասած` գրանցված արդյունքի համար: Հաջողություններդ կարող ես գրանցել օրագրում, և անպայման պարբերաբար կարդա, որ ինքդ քեզ խրախուսես:

Հաջողություն ենք ցանկանում: