Ինձ հետապնդում են…
– Հը՞, տեսնենք, սա ո՞վ ա էս նորեկը: Լոլոզ, նիհար, ձենն էլ փորից հազիվա դուրս գալիս: Հա՜, հետն էլ կակազումա: Լա՛վա, մի լավ կհժանք:
Արդյո՞ք քեզ միշտ հանգիստ և ազատ ես զգում հասակակիցներիդ շրջապատում: Փորձիր հիշել, թե քանի անգամ հրաժարվել ես գնալ դպրոց միմիայն այն պատճառով, որ այնտեղ քեզ սպասում է ծաղրանքն ու հիմար կատակները: Գուցե քո հետ այդպիսի բան չի պատահել, և դա հրաշալի է, բայց հիշիր, գուցե դու ինքդ ընկերներիդ հետ զվարճացել ես` ծաղրելով ձեր տարօրինակ դասարանցուն:
Մականուն դնելը, ծաղրելը, տնազ անելը, ուրիշին ոտք գցելը, հարվածելը` որոշ մարդկանց առաջին հայացքից կարող է թվալ, որ այստեղ առանձնապես վատ բան չկա, և սա հասակակիցների հետ շփվելու ընդունված տարբերակ է: Սակայն դա այդպես չէ: Այս տհաճ երևույթը բոլորովին էլ անմեղ կատակ չէ, որովհետև հենց այդպիսի անտեղի, բայց ոմանց համար սովորական թվացող «ուշադրության նշանները» կարող են վերածվել հետապնդման, հալածանքի (այդ երևույթը կոչվում է բուլինգ, bullying):
Վայրի կենդանական աշխարհում որոշ գիշատիչներ իրենց որսին հետապնդում և հոշոտում են ամբողջ ոհմակով (որսահալածում): Բայց նման մի բան տեղի է ունենում մարդկանց շրջապատում: 🙁 Մեզանից յուրաքանչյուրս, անկախ տարիքից, կարող ենք որսի կարգավիճակում հայտնվել, երբ մարդկանց մի խումբ անընդմեջ իրենց թշնամական ուշադրության առարկա են դարձնում «զոհին»:
Ինչպե՞ս է ընտրվում «զոհը»: Շատ հեշտությամբ, եթե նա ինչ-որ բանով տարբերվում է ուրիշներից, մեծամասնությունից: Այդ առանձնահատկությունը կարող է լինել ցանկացած մի բան` արտաքին տեսքը, վարքը, հետաքրքրությունները (օրինակ` հաստ ապակիներով ակնոցներ, կարմիր մազեր, կակազություն, գիրություն, նիհարություն, չափազանց ամաչկոտ լինելը, դասական երաժշտություն սիրելը, մաշկի գույնը, դավանանքը, սեռական հակումը, այդ թվում և թվացյալ): Եվ իհարկե, եթե նա չի կարող դիմադրություն ցույց տալ, շատ հավանական է, կենթարկվի հալածանքի, հիմար կատակների և վիրավորանքների: Աստիճանաբար հիմար և տհաճ կատակները կդառնան ավելի վիրավորական և հնարամիտ, իսկ նեղացնողները «համը» կզգան, հավեսի կընկնեն և հնարավոր է` կանցնեն խոսքերից նաև գործի, այսինքն` ֆիզիկական ագրեսիայի: 🙁
Բայց հաճախ հետապնդման հիմնական պատճառը ոչ թե «զոհի», այլ շրջապատի առանձնահատկություններն են` դասարանում «առաջնորդների» և սադրողների հատկանիշները: Երբեմն հետապնդմանը նպաստում են նաև մեծահասակներն իրենց ոչ ճիշտ վերաբերմունքով, անզգույշ կամ վիրավորական խոսքերով, երբեմն էլ` թողտվական վերաբերմունքով և չմիջամտելու քաղաքականությամբ: 🙁
Դու երբևէ մտածե՞լ ես, թե ինչպես է իրեն զգում այն «սպիտակ ագռավը», որին ցանկացած մարդ իր պարտքն է համարում նեղացնել կամ վիրավորել: Մեզանից շատերը, մտաբերելով սեփական արարքները, կարող են հիշել որոշ տհաճ իրավիճակներ, կապված վիրավորական կամ չար կատակների հետ: Սակայն, ի տարբերություն այդ հազվադեպ պահերի, իրական հետապնդման/ հալածանքի դեպքում այդպիսի իրավիճակները կրկնվում են անընդմեջ, ամեն օր, և «զոհը» երբեք իրեն անվտանգ չի զգում հասակակիցների շրջապատում:
Ո՞վ է ավելի հաճախ սկսում հետապնդումը: Ե՛վ աղջիկները, և՛ տղաները, չափազանց ագրեսիվ կամ շատ շփվող և արտաքուստ բարեհամբույր, առաջնորդներ և սուսիկ-փուսիկ թվացող մարդիկ: Բուլերները կարող են գործել ուղղակիորեն կամ տակետակ, բամբասելով և սուտ լուրեր տարածելով և մնալով կարծես թե անմեղ: Բայց, բոլոր դեպքերում, նրանք ունեն որոշ նույն հատկանիշները:
Հավանաբար բուլերները անցյալում եղել են հետապնդման և վիրավորանքի օբյեկտներ կամ կրկնում են այն, ինչ տեսնում են սեփական ընտանիքում: Կամ անում են չար բաներ` փորձելով նմանակել ինչ-որ հերոսի, «լավ տղայի»` կինոյից կամ բակից: Նրանք սովորաբար չեն կարող նորմալ ընկերական հարաբերություններ ձևավորել, չեն հետաքրքրվում ուրիշների ապրումներով և զգացումներով: Բայց կարևոր մի պահ` նրանց հարկավոր են «հանդիսատեսներ», անհրաժեշտ է, որ մարդիկ հիանան իրենց ուժով, չար կատակներով: Հաճախ, երբ «հանդիսատեսը» հեռանում են, բռնարարը կորցնում է հետաքրքրությունը և դադարեցնում կռիվը կամ հալածանքը, քանի որ չունի ունկնդիր:
Դու հայտնվել ես մի իրավիճակում, երբ ինքդ սեփական ուժերով չես կարող լուծում գտնել: Այս դեպքում ամենաճիշտը օգնության դիմելն է: Մեծերի օգնությունը չափազանց անհրաժեշտ է, երբ քեզ սպառնում են կամ քեզ նեղացնողների գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում քո առողջության կամ կյանքի համար:
Սակայն, եթե իրավիճակը շատ կրիտիկական չէ, և դու զգում ես, որ կարելի է ելք գտնել, փորձի՛ր հետևել մի քանի օգտակար խորհուրդների.
- Արհամարհի՛ր քեզ նեղացնողին և խուսափիր կռվից: Այսպիսի վարքը բոլորովին չի նշանակում, որ դու վախկոտ ես: Հակառակը, դա անելն ավելի դժվար է, քան հուզմունքին և բարկությանը տեղի տալը: Բուլերին հետաքրքիր է քեզ վիրավորել, քանի որ նման մարդիկ ձգտում են տեսնել քո պատասխան բուռն ռեակցիան: Ուրեմն, եթե խույս ես տալիս տհաճ իրավիճակից և չես պատասխանում վիրավորական հաղորդագրություններին կամ խոսքերին, դու ցույց ես տալիս, որ դա քեզ չի հուզում և քո համար միևնույնն է, թե դիմացինդ ինչ է մտածում կամ անում: Վաղ թե ուշ նա կձանձրանա և քեզ հանգիստ կթողնի:
- Զսպի՛ր քո բարկությունը և զայրույթը: Չէ՞ որ քեզ նեղացնողը հենց դա է ուզում: Եթե իրավիճակը չի թույլ տալիս հեռանալ, պահպանելով ինքնատիրապետումը, փորձիր օգտագործել հումորը` շատ հավանական է, որ դրանով նրան անակնկալի կբերես: ։-)
- Թույլ մի՛ տուր, որ քեզ ներքաշեն կռվի մեջ: Նույնիսկ եթե շատ ես ուզում մի լավ խփել և վիրավորողի գլուխը ջարդել, ավելի ճիշտ է դա չանել: Շատ հավանական է, որ քեզ նեղացնողները միայն դրան են սպասում, և նրանց մի առիթ է պետք, որ հարձակվեն քո վրա: Ինչքան ավելի ագրեսիվ ես պատասխանում և ռեակցիա տալիս, այդքան ավելի հավանական է, որ կհայտնվես քո համար վտանգավոր և սպառնացող իրավիճակում:
- Զարգացրո՛ւ ինքնավստահություն: Մտածիր, թե ինչ է հարկավոր, որ քեզ զգաս ավելի ուժեղ և ինքնավստահ: Կարող ես ընտրել այն զբաղմունքները, որոնք կօգնեն քեզ ուժեղանալ և ինքնավստահություն ձեռք բերել: Ցանկը բավականին լայն է` կարատեից, այկիդոյից կամ յոգայից` մինչև երաժշտություն, օտար լեզուներ և համակարգիչ: Բացի այդ, համախոհներ և նոր շրջապատ գտնելով` դու հաստատ կգտնես նոր ընկերներ և քեզ չես զգա «սպիտակ ագռավ»:
- Մի՛ քաշվիր կիսվելուց և քննարկելուց քո մտավախություններն այն մարդկանց հետ, ում վստահում ես (ցանկալի է՝ վստահելի մեծահասակի): Դա կօգնի քեզ հասկանալ սեփական զգացմունքները և ճիշտ պահելաձև և վարքագիծ ձևավորել: